Հա

Քաղաքական

18/11/2020 - 13:05

«Ովքեր Նիկոլին բերել են իշխանութեան, արէ՛ք նոյնը, արէք այն, ինչ 2.5 տարի առաջ, դուք դա չէք անում Քոչարեանի եւ Սերժի համար, այդ մարդկանց առաքելութիւնն աւարտւած է»․ Միքայէլ Մինասեան

Ովքեր բերել են Նիկոլին իշխանութեան՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածութիւնը պարտադրելով, պատգամաւորների տան դիմաց սեւ ժապաւէն կապելով, չքւէարկողներին՝ ահաբեկելով, ֆէյսբուքում արշաւ սկսելով, արէ՛ք նոյնը։ Արէք այն, ինչ արել էք 2.5 տարի առաջ։ Դա կը լինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետեւանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու եւ շտկելու ձեւը։

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան իր էջում դիմել է ժողովրդին՝ նշելով, որ ինչպէս ժողովուրդը 2.5 տարի առաջ իշխանութեան բերեց Փաշինեանին, այդպէս էլ այժմ պիտի իշխանութիւնը վերցնի նրա ձեռքից։

Գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Ինչո՞ւ իշխանութիւնը տրւեց այդ տգէտ դաւաճանին». անցած 2.5 տարում այս հարցը ստացել եմ միշտ, իսկ վերջին իրադարձութիւնների բերումով՝ գրեթէ ամէն օր: Ընդ որում, թեման մեծամասամբ շահարկում են դաւադրութեան տեսութիւնների կոնտեքստում եւ յատկապէս մարդիկ, որոնք անմիջականօրէն մասնակցել են Նիկոլի իշխանազաւթմանը:

Բայց մի էական փաստ կայ, որը բոլորն անտեսում են. Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալը, չեմ խուսափի այդ բառից, եղել է համաժողովրդական շարժման արդիւնքում։ Փուլերը եւ տեխնոլոգիաները շատ լաւ պատկերացնում եմ, գիտեմ կիրառւած մանիպուլեացիաներն ու ստերը, տեսել եմ օտարերկրեայ գործակալների ներգրաււածութիւնը, ծախսւած փողը։ Դրան գումարած նաեւ տասնամեակների թոյնը, որ հետեւողականօրէն ներարկւել է հասարակութեանը, բայց այդքանով հանդերձ, կան մի քանի երկաթեայ փաստ, որոնք կը թւեմ ըստ հերթականութեան.

1. Մարդիկ մերժում էին Սերժ Սարգսեանին եւ պնդում. միայն նա չլինի, միայն «սրանք» չլինեն,

2. Հրապարակի տասնեակ հազարաւորները եւ համացանցի հարիւր հազարաւորները երազում էին Նիկոլին տալ միանձնեայ իշխանութիւն,

3. Սփիւռքը հնարաւոր բոլոր ձեւերով ու միջոցներով սատարում էր այդ գործընթացին,

4. Մարդիկ պարալիզացրին երկիրը եւ ուղղակի ստիպեցին, որ Նիկոլն ընտրւի վարչապետ՝ կուրօրէն ենթարկւելով նրա հրահանգներին,

5. Երեւանի ընտրութիւններին հաստատեցին իրենց կամքն ուղիղ քւէարկութեամբ՝ ընտրելով Նիկոլին եւ նրա ծաղրածուին,

6. Շրջափակեցին ԱԺ-ն եւ ստիպեցին, որ այն ինքնալուծարւի,

7. ԱԺ ընտրութիւններում 70 տոկոս ձայն տւեցին Նիկոլին։ Խորհրդարան անցած միւս 2 ուժերը ընտրւեցին նաեւ այն պատճառով, որ ողջունել են յեղափոխութիւնը։ Ժողովուրդը ձեւաւորեց խորհրդարան՝ այդ պահին դէ ֆակտօ առանց ընդդիմութեան։

Հայաստանի ժողովուրդը, ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիների մեծամասնութիւնը եւ հասարակական կարծիքը այս 2.5 տարւայ ընթացքում բազմիցս ապացուցել են, որ Նիկոլն իրենց միակ ընտրութիւնն է՝ գիտակցւած, հաստատւած, ու վերահաստատւած տարբեր ձեւերով։

Այդ ընտրութիւնն ամէն օր վաւերացրել են Հայաստանի եւ Սփիւռքի ֆէյսբուքեան օգտատէրերը։ Հաւատարմութեան եւ սիրոյ խոստովանութիւններ են արել համահայկական բոլոր խոշոր կազմակերպութիւնները (հակառակը չեմ յիշում)։

Նիկոլին հրապարակաւ դէմ արտայայտւողների ցանկը շատ փոքր էր ու բոլորին յայտնի:

Հիմա, այսքանն արձանագրելով, դեռ կայ հարց, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս Նիկոլը եկաւ իշխանութեան։ Բայց չէ որ դուք էք այն տւել Նիկոլին։ 2.5 տարում՝ անընդհատ։ Աննահանջ։

Որ Նիկոլը դաւաճան վիժւածք է, դա արդէն փաստ է։ Բայց մեր իրական թշնամին «նիկոլիզմն» է, որի դժոխային մարմնաւորումը հէնց ինքը՝ Նիկոլն է: Հետեւաբար, ժողովրդի ձայնն ու քւէն, որ տրւեց Նիկոլին, պիտի նրանից վերցնել նոյն ձեւով։ Ժողովուրդն է բերել, ժողովուրդն էլ պէտք է տանի։ Այդպէս ե՛ւ արդար է ե՛ւ տրամաբանական։

Այսօր մի շարք քաղաքական ուժեր պայքարում են դաւաճանի դէմ՝ յանուն հայրենիքի եւ յանուն բոլորի։ Նրանց միացել են շատ անկուսակցական, ապաքաղաքական մարդիկ, որոնք չեն ցանկանում լռել: Դուք կարող էք նրանց միանալ եւ իրաւունք ունէք չմիանալ։ Բայց դուք իրաւունք չունէք ոչինչ չանել։ Նրանց չէ՞ք ցանկանում։ Ինքնակազմակերպւէք։

Ովքեր բերել են Նիկոլին իշխանութեան՝ փողոց փակելով, խորհրդարան շրջապատելով, Նիկոլի թեկնածութիւնը պարտադրելով, պատգամաւորների տան դիմաց սեւ ժապաւէն կապելով, չքւէարկողներին՝ ահաբեկելով, ֆէյսբուքում արշաւ սկսելով, արէ՛ք նոյնը։ Արէք այն, ինչ արել էք 2.5 տարի առաջ։ Դա կը լինի հայրենիքի նկատմամբ ձեր սխալի հետեւանքների փոխհատուցման կարգը, ձեր անձնական մեղքն ընդունելու եւ շտկելու ձեւը։

Դուք դա չէք անում Քոչարեանի եւ Սերժի համար։ Իրենց ինչ ուզում էիք, արդէն արել, վերջացրել էք։ Այդ մարդկանց առաքելութիւնն աւարտւած է, իսկ Արցախի կորստով զրոյացաւ նրանց եւ շատերի կեանքի գործը։

Դուք դա անում էք, որ շտկէք ձեր սխալը եւ անում էք հայրենիքի դաւաճանի դէմ։ Սկսէք զրոյական կէտից, ինչպէս մէկ անգամ սկսել էք: Մերժէք Նիկոլին, պնդելով՝ «ով ուզում է լինի, միայն սրանք չլինեն»:

Րոպէ առաջ փրկենք Հայրենիքը տգէտ աթոռապաշտի կործանարար գոյութիւնից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։