Հա

Քաղաքական

19/11/2020 - 12:15

«Անդրանիկ Քոչարեանի գործողութիւնները հարւածի տակ են դնում մեր պետութեան անվտանգութիւնը». ՊՆ-ն որոշում է կայացրել

Անհասկանալի հետեւողականութեամբ եւ վճռականութեամբ, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը շարունակում է իր բացարձակ չհիմնաւորւած, մերկապարանոց եւ ոլորտին առչնւող խնդիրներին բացարձակ անտեղեակ լինելը վկայող, կամ՝ ակնյայտ միտում պարունակող յարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանութեան նախարարութեան եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի գործողութիւնների եւ դրանց առնչւող մի շարք թեմաների վրայ, որոնց մի մասն, ի դէպ, գաղտնի են։

«alikonline.ir» - Անհասկանալի հետեւողականութեամբ եւ վճռականութեամբ, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը շարունակում է իր բացարձակ չհիմնաւորւած, մերկապարանոց եւ ոլորտին առչնւող խնդիրներին բացարձակ անտեղեակ լինելը վկայող, կամ՝ ակնյայտ միտում պարունակող յարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանութեան նախարարութեան եւ ԶՈՒ գլխաւոր շտաբի գործողութիւնների եւ դրանց առնչւող մի շարք թեմաների վրայ, որոնց մի մասն, ի դէպ, գաղտնի են։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Գրում է News.am-ը:

Յայտարարութիւնում նաեւ ասւում է.

«Մենք մի քանի անգամ, ցաւօք սրտի, արդէն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարեանի հրապարակային յայտարարութիւններին, որոնց մէջ օգտագործւում են պետական բարձր պաշտօն զբաղեցնող պաշտօնեային բացարձակ անյարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարեա էդպիսին, չկայ, բայց դրանք զինւած մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտայայտութիւններին։ Բայց անհրաժեշտ հետեւութիւններ անելու, բանակի, զինւորի ու սպայի, ՊՆ բազմաթիւ քաղաքացիական ծառայողների հասցէին հնչած ծայրայեղ վիրաւորական արտայայտութիւնների համար ներողութիւն խնդրելու փոխարէն, պարոնը շարունակում է իր՝ այլեւս ակնյայտօրէն թիրախաւորւած արշաւը։

Մասնաւորապէս, պարոն Քոչարեանը, նախօրէին, լրատւամիջոցներից մէկին տւած հարցազրոյցում, պատասխանելով լրագրողի՝ «տպաւորութիւն է, որ քաւութեան նոխազ էք ուզում սարքել Դաւիթ Տօնոյեանին, ինչո՞վ է մեղաւոր Տօնոյեանը» հարցին, բառացիօրէն պատասխանում է հետեւեալը. «Բայց ո՞վ է ասում Դաւիթ Տօնոյեանն է մեղաւոր, մեղաւորների տարբեր մակարդակներ կան: Դաւիթ Տօնոյեանը մեղաւոր է, որովհետեւ ինքը պաշտպանութեան նախարարն է, հիմա ոչ մէկը մեղաւոր չի՞, Դաւիթ Տօնոյեանը մեղաւոր չի՞, այլ նախարարներ մեղաւոր չե՞ն»։ Այսինքն՝ պարոն Քոչարեանը փաստում է, որ չունի որեւէ իրական հիմք՝ պաշտպանութեան նախարարին որեւէ մեղադրանք ներկայացնելու համար եւ որ իր ողջ այս արշաւն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթէ ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մէկը պէտք է մեղաւոր լինի։ 

Եթէ այս արտայայտութեան հեղինակը լինէր պատահական որեւէ մարդ, ապա ամէն ինչ հասկանալի եւ ընկալելի կը լինէր։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտօնեայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի պաշտօնը, ապա այս իրադրութիւնը բացառապէս տարակուսանք է առաջացնում։

Ընդ որում, պարոն Քոչարեանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում եւ շատ լուրջ մտահոգութիւն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառութեան մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանութեան նախարարութիւնում, պաշտպանութեան նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանի հետ փակ դռների յետեւում քննարկելու փոխարէն, պարոն Քոչարեանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Նոյնը՝ կապւած իր կողմից նշւած ՌԷՊ միջոցների մասին։ Արդեօ՞ք սա պաշտօնեայի՝ իր տեղում չգտնւելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայութիւնը չէ։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարեանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդեօ՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնւազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչութեանը բացայայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապէս թշնամուն։ Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարեանը, հետեւողականօրէն անելով վիրաւորական յայտարարութիւններ ողջ բանակի համար, որն, ի դէպ, ներկայ փուլում լուծում է գերկարեւոր խնդիրներ՝ կապւած ուժերի ու ռեսուրսների վերականգնման, վերախմբաւորման, նոր ենթակառուցւածքներ ստեղծելու, մարտունակութիւնը նոր մակարդակի բարձրացնելու հետ եւ այլն։

Պաշտպանության նախարարութիւնը, սթափ եւ մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարեանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային յայտարարութիւնները, հետզհետէ յանգում է եզրակացութեան, որ այս պաշտօնեան բացարձակապէս չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնւող ոլորտին, չունի բաւարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները եւ անում է գործողութիւններ, որոնք, մեծ հաշւով, հարւածի տակ են դնում մեր պետութեան անվտանգութիւնը։ Ըստ այդմ՝ պաշտպանութեան նախարարութիւնը դիտարկում է Անդրանիկ Քոչարեանի՝ ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտօնավարման նպատակայարմարութիւնը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպէս նաեւ ակնյայտ վիրաւորանք պարունակող հրապարակային յայտարարութիւնների հարցով ԱԺ էթիկայի յանձնաժողովին դիմելու հնարաւորութիւնը։

Անհասկանալի հետեւողականութեամբ եւ վճռականութեամբ, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։