Հա

Քաղաքական

21/11/2020 - 10:20

Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է վարչապետի եւ կառավարութեան հրաժարականը

Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը յայտարարութիւն է տարածել պահանջելով վարչապետի եւ կառավարութեան հրաժարականը: 

«alikonline.ir» - Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը յայտարարութիւն է տարածել պահանջելով վարչապետի եւ կառավարութեան հրաժարականը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Յայտարարութիւնը՝ ստորեւ.

«Ղեկավարւելով «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրութեան 49-րդ կէտի 12-րդ ենթակէտով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կէտի 12-րդ ենթակէտով, մեր պետականութեան եւ ազգի համար ճակատագրական այս պահին հաւատարիմ մնալով իր առաքելութեանը՝ Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդէս է գալիս իշխանութիւններին եւ հասարակութեանն ուղղւած կոչ-յայտարարութեամբ.

- 1994 թ. Ադրբեջանի հանդէպ Հայկական զինւած ուժերի արձանագրած յաղթանակը ճանապարհ բացեց արցախայայութեան ինքնորոշման արդար իրաւունքի համար: Սակայն այդ յաղթանակը մեր հասարակութեան մէջ առաջացրեց անպարտելիութեան զգացում` երբեմն պատճառ դառնալով իրատեսութեան դիրքերից նահանջի: Հայաստանում լիարժէք եւ ամբողջական չիրականացւեցին պատերազմի մէջ գտնւող պետութեան համար անհրաժեշտ գործողութիւններ. տնտեսութեան, գիտութեան, կրթութեան, ռազմական արդիւնաբերութեան եւ այլ ոլորտներում չգրանցւեցին ցանկալի արդիւնքներ: Այս ամենի հետեւանքները առաւել ցայտուն դրսեւորւեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի ժամանակ։

- Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտօնեաների ընդգրկումը, պետականութեան համար կարեւոր հարցերում ոչ մասնագիտական մօտեցումները, պետական քաղաքականութեան մշակման տարերայնութիւնն անթոյլատրելի եւ, երբեմն, անդառնալի հետեւանքների պատճառ դարձան։

- Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիութեան պայմաններում եւ հասարակութեան սպասելիքներին հակադիր ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը հասարակութեան շրջանում առաջացրեց խորը ճգնաժամ, խիստ լարւած մթնոլորտ, իսկ դրա հետեւանքով օրըստօրէ խորացող անջրպետները եւ երկպառակութիւնները կարող են կործանարար լինել պատերազմի արհաւիրքի հետ բախւած մեր պետականութեան համար, մանաւանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանւել եւ աճելու միտում ունի։

- Ստեղծւած պայթիւնավտանգ իրավիճակում իշխանութիւնների գործողութիւնները, սեփական սխալների եւ քաղաքական պատասխանատւութեան մերժումը ոչ միայն չեն նպաստում լարւածութեան թուլացմանը, այլեւ էլ աւելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Այս ամենի հետեւանքով մեր պետականութեան ճակատագիրը եւ ապագան էականօրէն վտանգւած են, ուստի Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է.

- Վարչապետի եւ կառավարութեան հրաժարականը:

- Ազգային համաձայնութեան ժամանակաւոր կառավարութեան կազմաւորում` բաղկացած բացառապէս պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագէտներից։ Այդ կառավարութեան խնդիրը պէտք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում եւ հայկական շահի վրայ հիմնւած արտաքին քաղաքականութեան իրականացում, ինչպէս նաեւ ողջամիտ ժամկէտում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրութիւնների կազմակերպում:

Դիմում ենք նաեւ Ազգային ժողովի պատգամաւորներին եւ յորդորում հաւատարիմ լինել բացառապէս պետականութեան համար գերակայութիւն ներկայացնող շահերին, անել հնարաւորը երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:

Միեւնոյն ժամանակ կոչով դիմում ենք հանրութեանը համախմբւել պետականութեան գաղափարի շուրջ՝ կտրականապէս մերժելով երկպառակութեան, անջրպետների խորացման ցանկացած փորձ։

Այս վճռորոշ եւ ճակատագրական պահին հասարակութեան բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ եւ կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցութիւնների ջանքերը պէտք է ուղղւած լինեն միասնականութեան վերահաստատմանը՝ յանուն Հայաստանի եւ Արցախի»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։