Հա

Քաղաքական

21/11/2020 - 11:40

Գենետիկ բնաւորութի՞ւն

Շնորհաւորում եմ բոլոր նրանց, ովքեր, «յանուն լաւ ապրելու», այս, յատկապէս 22 տարիների ընթացքում, վարկաբեկեցին Արցախն, արցախցիներին ու արցախեան յաղթանակները։ Այդ գաղափարախօսութիւնը 2008թ․ դարձաւ շարժում, որի եւ վերջին կարգախօսն էր՝ «ազատւել ղարաբաղցի տականքներից»։ Հաւանաբար, այս ամբոխն այժմ հրճւանքի մէջ է, նրանք միմեանց են այցելում եւ տօնում իրենց յաղթանակը։ Այս ամէնը երեւում է նրանց հրապարակային գրառումներից եւ ելոյթներից։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Շնորհաւորում եմ բոլոր նրանց, ովքեր, «յանուն լաւ ապրելու», այս, յատկապէս 22 տարիների ընթացքում, վարկաբեկեցին Արցախն, արցախցիներին ու արցախեան յաղթանակները։ Այդ գաղափարախօսութիւնը 2008թ․ դարձաւ շարժում, որի եւ վերջին կարգախօսն էր՝ «ազատւել ղարաբաղցի տականքներից»։ Հաւանաբար, այս ամբոխն այժմ հրճւանքի մէջ է, նրանք միմեանց են այցելում եւ տօնում իրենց յաղթանակը։ Այս ամէնը երեւում է նրանց հրապարակային գրառումներից եւ ելոյթներից։

Հարց առաջին․

- Յարգելի պատմաբաններ եւ վերլուծաբաններ, ցոյց տւէք ինձ մէկ այլ պետութիւն, որի խայտառակ պարտութիւնից յետոյ, երկրի ղեկավարը մնայ պետութեան գլխին։ Եթէ նա ինքնասպան չլինի, կամ, լաւագոյն դէպքում հրաժարական չտայ, ողջ, այո՝ ողջ ժողովուրդը կընդւզի։ Իսկ Հայաստանում ոչ միայն ողջ ժողովուրդը չի ընդւզում, այլ ժողովրդի ներկայացուցիչներն, օրինակ` տաքսու վարորդները , «խորը» վերլուծութիւններ են անում․ «Այո, նա պէտք է գնայ, բայց ո՞վ լինի»։ Սա, թերեւս ճիշտ հարցադրում կը լինէր, սովորական պայմաններում՝ օրինակ` տնտեսական ձախողման։

Բայց սա դեռ ոչինչ, բա տարբեր քաղաքական-հասարակական գործիչներն ու մտաւորականները։ Սրանք բացայայտ պաշտպանում են պարտութիւնը, ձախողումը, հազարաւոր պայծառ երիտասարդների մահերը։ Բա էլ ոնց բացատրես, սրանց կողմից կապիտուլիացիոն փաստաթղթի արդարացումն, իհարկէ, յաճախ մշուշապատ ձեւակերպումներով։

Յարգելիներս, ցանկացած բացատրութիւն, արդարացում, «նախկինների» այպանում, կողմնակի պաշտպանութիւն վարչապետին, նշանակում է ծափահարել կապիտուլիացիան, չունենալ , ոչ միայն ազգային, այլ մարդկային արժանապատւութիւն։

Հա, մոռացել էի, դուք «հպարտ» էք։ Հպարտ էք, որ կորցրեցիք Արցախը, Շուշին․ որ վաղը կը կորցնէք Սիւնիքը։ Ձեզ համար հպարտութիւնը միայն ձեր բարեկեցիկ կեանքն է, Հայաստանո՞ւմ, թէ՞ այլ երկրում, կարեւոր չէ։

Երկրորդ հարցս․

- Ցոյց տւէք մէկ այլ երկիր, պետութիւն, որը յանուն հարեւանների հետ խաղաղութեան, առաւել բարեկեցիկ ապրելու համար, պատրաստ է հողային զիջումների։ Տարիներ շարունակ Ռուսաստանը եւ Ճապոնիան չեն կնքում խաղաղութեան պայմանագիր հարաւային Կուրիլիան չորս կղզիների պատճառով։ Այդ կղզիները Ռուսաստանի համար, որպէս տարածք, առանձնապէս մեծ նշանակութիւն չունեն, բայց ցանկացած զիջում կը բերի այլ առաւել մեծ զիջումների եւ Ռուսաստանը կը փլուզւի։ Տարիներ շարունակ տարածքային վէճ գոյութիւն ունի Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ՝ Ջամմու եւ Քաշմիր նահանգների նկատմամբ։ Տարածքային վէճեր գոյութիւն ունեն իսպանախոս, կաթոլիկ Հարաւային Ամերիկայի տարբեր երկրների, օրինակ` Բոլիւիայի եւ Պարագւայի միջեւ։ Այլ օրինակներ, նոյնպէս կարելի է բերել։ Եւ ինչո՞ւ այս պետութիւնները չեն գնում զիջումների։ Պատասխանն աւելի քան պարզ է, զիջողը՝ պարտւողն է, նւաստացողը, ապագայում այլ տարածքներ նոյնպէս զիջողը։ Եւ վերոնշեալ երկրների ոչ ղեկավարները, ոչ քաղաքացիները, վիճելի տարածքները չեն անւանի «անպէտք հողեր» ( Սերժ Սարգսեան), կամ «Շուշին դժբախտ, դժգոյն քաղաք էր ( Նիկոլ Փաշինեան)։

Այո, նորագոյն պատմութեան մէջ կայ նաեւ այլ օրինակ։1978թ․ Քեմփ-Դեւիդում կնքւեց Իսրայէլա-Եգիպտական խաղաղ պայմանագրի յուշագիրը, որը մէկ տարի անց դարձաւ պայմանագիր։ Պայմանագրով Իսրայէլը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին, իսկ Եգիպտոսը ճանաչեց Իսրայէլ պետութիւնը։

Եւ ամենակարեւորը, առաջինը զիջումների գնաց, ոչ թէ Իսրայէլը, այլ Եգիպտոսը։ Եգիպտոսի նախագահ Անւար Սադաթը խնդրեց Իսրայէլին կնքել վերոնշեալ պայմանագիրը։

Ինքս ոչ թէ եղել եմ, ինչպէս Լեււոն Տէր-Պետրոսեանն ու նրա նւիրեալներն են այպանում այլոց անւանելով «հայդատականներ» եւ «ոչ մի թիզ հողականներ», այլ կողմ եմ եղել հողային զիջումների, բայց միայն Իսրայէլ-Եգիպտոս վերը բերւած օրինակով։ Այսինքն, ճանաչւում է Արցախի անկախութիւնը, իհարկէ, մեծ ցաւով, զիջւում առաւելագոյնը 5 շրջաններ։ Գիտեմ, թէ ինչ կասեն ընդդիմախօսները․ մենք չենք կարող համեմատւել Իսրայէլի հետ, նրա թիկունքին ԱՄՆ-ն էր։ Այո, ամէն պետութիւն ձեռք է բերում դաշնակիցներ, գործում է հաշւի առնելով այլ երկրների, յատկապէս իր դաշնակիցների շահերը, ոչ թէ թշնամանում նրանց (Ռուսաստան) եւ այլ հնարաւոր դաշնակիցների (Իրան, Չինաստան) հետ՝ ձեռք չբերելով նորերին։

Այժմ, ցանկանում եմ, ի տարբերութիւն, իմ նախորդ հրապարակումների, խօսել անուններով։Այս անունները որ տալիս եմ, տալիս եմ մեծ ցաւով, քանի որ նրանց հետ ունեցել եմ ջերմ, շատերի հետ ընկերական յարաբերութիւններ։

Իզաբելլա Սարգսեան, Վահրամ Մարտիրոսեան, Վասակ Դարբինեան, Վարդան Յարութիւնեան եւ Լեւոն Տէր-Պետրոսեանի այլ աջակիցներ։ Չնայած, ձեր տեսակէտներին համաձայն չեմ, բայց դուք անկեղծ էք։ Վերջապէս, չնայած հազարաւոր զոհերին, դուք յաղթանակ տօնեցիք, կատարւեց ձեր առաջնորդի «կանխատեսումը»՝ Արցախը կործանւում է։ Եւ զարմանալի չէ, որ դուք պաշտպանում էք վարչապետին եւ հնարաւոր իշխանափոխութեանը կը համաձայնէք, միայն եթէ երկիրը ղեկավարի Լեւոն Տէր-Պետրոսեանը։

Լեւոն Բարսեղեան, դու 2016թ․Սերժ Սարգսեանին, իրաւամբ այպանում էիր, որ 800 հեկտարն անւանում էր «անպէտք հողեր», մասնակցում էիր «Սասնայ Ծռերի» ապստամբութեանն աջակցող ցոյցերին, ձերբակալւում եւ 2018թ․ ասում «այլեւս ոչ մի թիզ հող»։ Ի՞նչ պատահեց, կորցրեցինք Արցախը, տւեցինք հազարաւոր զոհեր, վտանգի տակ է Սիւնիքը եւ դու շարունակում ես հայհոյել նախկիններին, պաշտպանել վարչապետին եւ կանխատեսում հնարաւոր նոր ընտրութիւններին նրա յաղթանակը։

Յովսէփ Խուրշուդեան, դու նոյնպէս մասնակցում էիր «Սասնայ Ծռերի» ապստամբութեան պաշտպանութեան ցոյցերին, դէմ էիր Լաւրովի պլանին եւ հողեր յանձնելուն։ Ամիսներ առաջ, մեր վերջին նամակագրութեան մէջ, վստահութիւն յայտնեցիր, որ վարչապետն Արցախը ոչ մի գնով չի յանձնի եւ նա վարպետօրէն մանեւրում է։

Ստեփան Գրիգորեան, 2016թ․ ասում էիր, որ Իւրի Խաչատուրովը, հողերը ծախել է, 2018թ․անդամագրւել էիր «Սասնայ Ծռեր»-ին եւ կողմ էիր Քուռ-Արաքսեան հանրապետութեանը։

Արմէն Յովհաննիսեան, ձեր չգիտեմ ինչ խմբով գոչում էիք «Հող յանձնողին, յանձնենք հողին»։

Եւ, վերջապէս «Սասնայ Ծռեր»․․․․

Յարգելիներս, ձեզ ի՞նչ պատահեց։ Միայն չասէք, թէ նախկիններն են մեղաւոր։ Դա արդէն ծիծաղելի է։

Մի բան կարելի է եզրակացնել, որ դուք կամ անկեղծ չէք եղել, կամ այժմ վախենում եք, կամ որ սարսափելի է, ձեզանից ոմանք եւ այն ժամանակ եւ այսօր պատւէր են կատարում։

Անընդունելի եւ ծիծաղելի են նաեւ ոմանց «արդարացումները», թէ «ո՞ւմ հետեւից գնանք, նախկինների՞․․․»։ Այո, սա ընդամենը «արդարացում» է եւ համակերպում հայրենիքի կորստի հետ։

Երկիրը կործանւում է , դուք նախկիններ եւ ներկաներ էք փնտրում։ Նախկիններն աչքիս լոյսը չեն եղել եւ չեն։ Բայց նորից եմ կրկնում, երկիրը կործանող անձը պէտք է հեռանայ, թէ ո՞վ նրան կը փոխարինի, իհարկէ կարեւոր է, բայց վարչապետն ու նրա հպատակները պէտք է հեռանան։

Մտածում եմ, միթէ՞ պարտութիւնը, հայրենիքը յանձնելը, այն արդարացնելն ու դրանով հրճւելը մեր մէջ արդէն գենետիկ բնաւորութիւն է դարձել։

 

Aravot.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։