Հա

Քաղաքական

21/11/2020 - 13:55

ՌԴ-ն վերահաստատում է աջակցութիւնը եղբայրական հայ ժողովրդին. ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատւիրակութեանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատւիրակութեանը` Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատւիրակութեանը` Արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի գլխաւորութեամբ: Պատւիրակութեան կազմում են ՌԴ կառավարութեան ղեկավարի տեղակալներ Ալեքսէյ Օւերչուկը եւ Ալեքսէյ Նովակը, Առողջապահութեան նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգութեան ծառայութեան 5-րդ ծառայութեան ղեկավար Սերգէյ Բեսեդան, Սպառողների իրաւունքների պաշտպանութեան եւ մարդու բարեկեցութեան ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայութեան ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրէյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտօնատար այլ անձինք:

Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ողջունելով ՌԴ կառավարական պատւիրակութեանը` վարչապետ Փաշինեանը նշել է. «Յարգելի Սերգէյ Վիկտորի, յարգելի գործընկերներ, ջերմօրէն ողջունում եմ ձեզ Երեւանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայութիւնը մեր երկրում: Դա շատ կարեւոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաեւ հաշւի առնելով ընթացիկ իրավիճակի իւրայատկութիւնը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցութիւնը, որպէսզի յաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծւել է մեր երկրում եւ ընդհանրապէս տարածաշրջանում:

Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցութեան համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաեւ կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատւածում, յատկապէս վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնութեան աջակցութիւնը եւ այն բարեկամական ու դաշնակցային յարաբերութիւնները, որոնք մեր երկրների միջեւ աւանդաբար առկայ են:

Մենք ունենք քննարկման բաւականին մեծ օրակարգ, վստահ եմ` կը գանք բաւականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաեւ ռազմավարական բնոյթի, որովհետեւ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխւել է` հաշւի առնելով յայտնի հանգամանքներն ու իրադարձութիւնները: Կարծում եմ` մենք պէտք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մօտակայ եւ ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայեացքներ եւ ծրագրեր ու այսօրւայ բանակցութիւնների ընթացքում պէտք է դրանք յստակեցնենք: Շնորհակալ եմ»:

Իր հերթին, Սերգէյ Լաւրովը յաւելել է. «Յարգելի Նիկոլ Վովայի, յարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարութեան նախագահ Միշուստինի ջերմ ողջոյններն ու լաւագոյն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնւում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրւայ հանդիպումների օրակարգը, նաեւ այդ մասին խօսել էք Միխայիլ Միշուստինի հետ:

Մենք շահագրգռւած ենք, որպէսզի ինչպէս Դուք նշեցիք յարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր յարաբերութիւնների ողջ համալիրն այն բանից յետոյ, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգւող բանակցութիւններից յետոյ ընդունւեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի երեք առաջնորդների յայտարարութիւնը, որը վերջ դրեց արիւնահեղութեանը եւ իրավիճակի կայունացման հնարաւորութիւն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թւում` հումանիտար:

Գիտէք, որ մեր խաղաղապահներն ակտիւօրէն զբաղւում են այդ պայմանաւորւածութեան իրականացման ուղղութեամբ, այդ թւում` հումանիտար աջակցութեան ցուցաբերման: Մենք այսօր կը քննարկենք նաեւ հարցեր, որոնք կապւած են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն եւս նոր կառոյց է, ամբողջութեամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցւածքների վերականգնման ուղղութեամբ: Կը դիտարկենք նաեւ մեր տնտեսական փոխգործակցութեան ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցութիւնը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:

Նաեւ ընդգծեմ, որ մենք ակտիւօրէն աշխատում ենք միջազգային կազմակերպութիւնների հետ, ՄԱԿ-ի կառոյցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով յանձնակատարի գրասենեակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԻՒՆԵՍԿՕ-ն եւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութիւնը: Բոլոր այս կազմակերպութիւնների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, եւ այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թէ ինչպէս օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել եւ կարգաւորել:

Մենք շնորհակալ ենք Երեւանում աւանդական ջերմ ընդունելութեան համար, եւ վերահաստատում ենք մեր աջակցութիւնը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թոյլտւութեամբ պատրաստ են ներկայացնել մեր մօտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցութեան ասպեկտներով, այդ թւում` մեր ընդհանուր ջանքերը կոնորանվիորսւի դէմ պայքարարքում»:

Քննարկւել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ոլորտներում մասնաւորապէս, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցւածքների, կոնորավիրուսի դէմ պայքարի եւ այլ ուղղութիւններով համագործակցութեան զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարւել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերւող ուղիղ հումանիտար աջակցութեանը, ինչպէս նաեւ պատերազմի հետեւանքով դիերի եւ գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ քայլերին: Ընդգծւել է դրանց հետեւողականութեան կարեւորութիւնը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտութեան գօտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգէյ Լաւրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապէս հեռավար կերպով: Մտքեր են փոխանակւել նաեւ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի եւ դրա կայունացման շուրջ համագործակցութեան վերաբերեալ:

ՀՀ վարչապետ Փաշինեանը կարեւորել է Արցախում բնականոն կեանքի վերսկսումը եւ արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը եւ նշել, որ ՀՀ կառավարութիւնն Արցախի կառավարութեան հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետեւողական ծրագրեր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։