Հա

Քաղաքական

21/11/2020 - 16:00

«Շատերին թւում է, թէ Արցախը կորցրինք, Հայաստանը կը մնայ. ո՛չ. մեր հասարակութիւնն առաջնորդւում է ոչ թէ պետական շահերով, այլ քաղաքական համակրանքներով ու հակակրանքներով». Աւետիք Իշխանեան

Շատերին թւում է, թէ Արցախը կորցրինք, Հայաստանը կը մնայ. հէնց այնպէս, ինքն իրեն կը մնայ: Ո՛չ: Եթէ մենք չմիաւորւենք պետականութեան գաղափարի շուրջ, որը վերականգնելը հնարաւոր է միայն այս իշխանութեան հեռացումով, ապա ես շատ մշուշոտ եմ տեսնում ապագան:

«alikonline.ir» - Շատերին թւում է, թէ Արցախը կորցրինք, Հայաստանը կը մնայ. հէնց այնպէս, ինքն իրեն կը մնայ: Ո՛չ: Եթէ մենք չմիաւորւենք պետականութեան գաղափարի շուրջ, որը վերականգնելը հնարաւոր է միայն այս իշխանութեան հեռացումով, ապա ես շատ մշուշոտ եմ տեսնում ապագան: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը՝ նշելով, թէ, իր կարծիքով, դեռեւս շատերը դա չեն գիտակցում:

«Որքան էլ բացատրենք վտանգները՝ պետականութեան հնարաւոր կորուստ, Թուրքիայից եկող վտանգ, հասարակութիւնը կա՛մ կը համարի, որ չափազանցւում է եւ իր սիրելի իշխանութեան դէմ է խօսւում, կա՛մ խուճապի կը մատնւի եւ կը մտածի արտագաղթելու մասին: Ես շատ կուզեի, որ լիներ մի քաղաքական ուժ, որը պատասխանատւութիւն ստանձնէր, վերցնէր իշխանութիւնը եւ նոյնիսկ ամենախիստ մեթոդներով պահպանէր պետականութիւնը՝ առանց հաշւի առնելու պետականութեան զգացողութիւնը կորցրած հասարկութեան կարծիքը»,- ասաց նա՝ զուգահեռներ անցկացնելով 1918-ի հետ.

«Եթէ այն ժամանակ Արամ Մանուկեանը հասարակական կարծիքին հետեւէր, ապա Հայաստան չէր լինի. կարտագաղթէին, եւ թուրքական բանակը կը գրաւէր ողջ Հայաստանը: Այսօր մեզ պէտք է Արամ Մանուկեան: Կա՞յ արդեօք նման անձ. յոյսեր ունեմ, որ դեռեւս կը գտնւի, որ կը փրկի պետականութիւնը»,- նշեց Իշխանեանը:

Նրա խօսքով՝ այս ամբողջ՝ շուրջ 30 տարւայ պատմութիւնը ցոյց տւեց, որ մեր հասարակութիւնն առաջնորդւում է ոչ թէ պետական շահերով, այլ, առաջին հերթին՝ իր անձնական շահերով, երկրորդ՝ քաղաքական համակրանքներով ու հակակրանքներով, եւ երրորդ՝ քարոզչութեան զոհ է:

«Թէդւ, հակակրանք բառը շատ մեղմ է ասւած. ատելութեամբ է առաջնորդւում: Այս տարիների ընթացքում տարբեր քաղաքական, հասարակական գործիչների կողմից քարոզչութիւնը բերեց այնպիսի վիճակի, որ մեզ մօտ յարգանք վայելող քաղաքական, ռազմական գործիչ չմնաց, բոլորը վարկաբեկւեցին: Սա պետականութեան վարկաբեկում էր: Քաղաքական ղեկավարներին կարող ես չսիրել, բայց պետականութիւնը պէտք է յարգել: Նրանց կարելի է քննադատել, բայց երբեք չատել»,- ասաց իրաւապաշտպանը:

Վերջինիս խօսքով՝ յատկապէս մեր տարածաշրջանում պետականութեան ամենակարեւոր բաղադրիչներից մէկը բանակն է:

«Բանակում չծառայելը պէտք է ամօթ լինէր հասարակութիւնում երեւալու համար, բայց մեր հասարակութիւնը համարում էր պատիւ, եթէ որեւէ մէկը կարողանում էր իր երեխային բանակից ազատել: Պատահական չէ, որ նախորդ իշխանութեան շատ ղեկավար ներկայացուցիչներ բանակում չէին ծառայել, բայց պետական պաշտօններ ունէին, իսկ 2018-ից յետոյ, գուցէ կոպիտ հնչի, հիմնականում ունեցանք դասալիքների իշխանութիւն, եւ մեր հասարակութիւնը ձայն տւեց դասալիքների իշխանութեանը՝ բանակում չծառայած ղեկավարի գլխաւորութեամբ: Աւելին՝ հասարակութեան որոշակի շրջանակներում յարգանք է վայելում մի անձնաւորութիւն, որը ոչ միայն բանակում չի ծառայել, այլեւ կեղծել է փաստաթղթեր, դարձել պատգամաւոր եւ նոյնիսկ կուսակցութիւն է հիմնել»,- ասաց նա՝ ընդգծելով, թէ այս ամենը խօսում է պետականութեան զգացողութիւն չունեցող հասարակութեան մասին:

Իրաւապաշտպանն ընդգծեց՝ Արցախի հարցը միայն պատմական արդարութեան հարց չէ, միայն տարածքի հարց չէ, միայն այնտեղ բնակւող արցախցիների կեանքի եւ ինքնորոշման իրաւունքի հարց չէ:

«Արցախի հարցը Հայաստանի ապագայի հարցն է: Տարիներ շարունակ ասել եմ՝ եթէ չկարողանանք պահել Արցախը, Հայաստանն ապագայ չունի: Ցաւօք սրտի, մեր հասարակութիւնը դա չգիտակցեց, աւելին՝ որոշակի քաղաքական ուժերի կողմից այդ նոյն ատելութեան մթնոլորտը տարածւեց նաեւ արցախցիների նկատմամբ: Կարծես նրանք հայութեան մի կարեւորագոյն մասը չէին կազմում: Ինչպէս տարբեր պետութիւններ ունեն շրջաններ, մարզեր, որտեղ ամէն մի շրջանի բնակչութիւն տարբերւում է իր բնաւորութեամբ, նոյնն էլ Հայաստանն է, բայց Արցախի խնդիրը շատ աւելի լուրջ է, որովհետեւ Արցախը եղել է Մեծ Հայքի տարածքում միակ շրջանը, որը դարերով դէ ֆակտօ պահպանել է իր անկախութիւնը: Արցախը մեր անկախութեան խորհրդանիշն էր, բայց, ցաւօք, դա նոյնպէս չգիտակցւեց»,- ասաց նա՝ նշելով, թէ բոլոր այս կարեւոր հանգամանքները չգիտակցելն էլ բերեց այս, մեղմ ասած, ճգնաժամին:

«Պատերազմի ժամանակ, երբ շատ քաղաքական ուժեր գիտէին, թէ ինչ է իրականում կատարւում պատերազմի դաշտում, մի քանի անգամ առաջարկութիւն արեցին, որ իրավիճակ փոխւի, ռազմաքաղաքական նոր իշխանութիւն ձեւաւորւի, այդ նոյն հասարակութիւնը նրանց այպանեց ամենախայտառակ բառերով, եւ ստացանք դրա արդիւնքը: Ցաւալին այն է, որ հասարակութիւնը, փոխանակ այս ամենից յետոյ խելք հաւաքի եւ փորձի փրկել եղածը, որ աւելի մեծ կորուստներ չունենանք, իմ տպաւորութեամբ, դեռեւս այս վտանգն էլ չի գիտակցում»,- ասաց Աւետիք Իշխանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։