Հա

Քաղաքական

22/11/2020 - 13:05

«Առանց կռւի յանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օրւայ պատերազմի արդիւնքում թշնամին գրաւել է 3716». Բալեան

Պատմութեան մէջ բացառիկ արդիւնք է, չգտայ երկրորդը, ուղղակի չկայ, գոյութիւն չունի։ Մենք առանց կռւի յանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տեւած պատերազմի արդիւնքում թշնամին գրաւել է 3716 քառակուսի կիլոմետր։

«alikonline.ir» - Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Պատմութեան մէջ բացառիկ արդիւնք է, չգտայ երկրորդը, ուղղակի չկայ, գոյութիւն չունի։ Մենք առանց կռւի յանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ 44 օր տեւած պատերազմի արդիւնքում թշնամին գրաւել է 3716 քառակուսի կիլոմետր։ Նոյնիսկ այս տւեալներն իրական չեն, որովհետեւ հէնց ադրբեջանցիների հրապարակած պաշտօնական հաղորդագրութիւններով, որոնք, ի դէպ, ըստ օրերի պահել եմ, նրանք գրաւել էին շատ աւելի քիչ։

Ես գիտէի, որ մեզ ապուշացրել են այս տարիներին, բայց պարզւում է անյոյս լաւատես եմ եղել։ Անգամ 1918 թւականի յունիսի 4-ի Բաթումի, 1920 թւականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրերը այսչափ ստորացուցիչ ու ամօթալի չեն եղել։ Մոռացայ ասել, բանակի սարսափելի վատ վիճակի մասին պատմողները, յուսով եմ, կը կարողանան որեւէ կերպ մեկնաբանել ադրբեջանական զօրքերում տիրող վիճակը, դուրս գրւած ու պահեստներում որպէս մետաղական ջարդոն նետւած Т-55 տանկերի յայտնութիւնը ռազմաճակատում վերջին օրերին, երկրով մէկ խստագոյն կարանտինային ռեժիմը, բազմաթիւ քաղաքներում, իսկ մայիսի 8-ին նաեւ մայրաքաղաք Բաքւում, պարետային ժամի սահմանումը, եւ լիքը այլ բաներ։

Ցաւում եմ, իսկապէս ցաւում եմ, 873 տարի անկախութիւնից զրկւած ժողովուրդը Ցեղասպանութիւնից եւ պսեւդոանկախ քաղաքական գոյութիւնից յետոյ ճակատագրի նւէրով սեփական իրապէս անկախ պետութիւնը ստեղծելու երազը իր ձեռքով սպանեց։ Ստի, կեղծիքի ու յանցագործութիւնների արեան վրայ կառուցեցինք մի պետական համակարգ, որ ոչ մի օր իր քաղաքացու հետ չկարողացաւ լինել ազնիւ ու արդար։ Գուցէ հիմա յայտնւեն մարդիկ, ովքեր էլի կը խօսեն անկախութեան արժէքից, անկախ պետութեան գաղափարից, լո՞ւրջ։ Վստահ եմ, մեր իսկ ձեռքերով քանդում են այն ապագայի տեսլականը, որը մեզ դարերով պահպանեց որպէս ազգ, անկախութեան ու ազատութեան պայքարի ունակ ժողովուրդ, սեփական անկախ պետութեան արժանի։

Ու երբ աւարտեն, ինքներս կատու դարձած կը մտնենք հարեւան կայսրութիւններից մէկի կազմ որպէս լաւագոյն դէպքում ինքնավար մարզ, վիլայէթ կամ օսթան, բայց այդ էլ ժամանակաւոր կը լինի։ Մենք դարերով սովորեցինք գաղթական լինել, գուցէ սովորենք նաեւ հայրենազուրկի կարգավիճակին։ Պատմութեան մէջ շատ ունենք օրինակներ, երբ մեզ հաւաքել տարել են ուրիշ երկիր, ցար Պետրոսը մեզ առաջարկում էր տեղափոխւել Ռուսիա, մեր Վասպուրականի թագաւոր Սանատրուկը, երկիրը կտակեց Բիւզանդիային, ինքն էլ իր ժողովրդի հետ գաղթեց։

Պատահական չյիշեցի, միւս տարի կը լրանայ հազար տարին, երբ 1 միլիոն հայկական բնակչութեամբ թագաւորութիւնը բռնակցւեց Բիւզանդիային ու դարձաւ կայսերական սահմանային երկրամաս։ Սիմւոլիզմի դարաշրջանում ենք ապրում կարծես»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։