Հա

Քաղաքական

23/11/2020 - 10:20

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1920  թ. նոյեմբերի 22-ին, Վ. Վիլսոնը կատարեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծումը

Համեստ դիտարկումը կատարւում է նոյմեբերի 22-ի առիթով: Ուղիղ հարիւր տարի առաջ այս օրը՝ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը (Woodrow Thomas Wilson) կատարեց Սեւրի պայմանագրով նախատեսւած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծումը:

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՏԵՓԱՆԵԱՆ 

Խ. Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի

Համաշխարհային պատմութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր

 

Պատմաբանի դիտարկում

Համեստ դիտարկումը կատարւում է նոյմեբերի 22-ի առիթով: Ուղիղ հարիւր տարի առաջ այս օրը՝ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրօ Վիլսոնը (Woodrow Thomas Wilson) կատարեց Սեւրի պայմանագրով նախատեսւած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծումը: 

Այսպէս. 

1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արւարձան Սեւրում համաշխարհային պատերազմում յաղթած երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանիսիա, Իտալիա, Ճապոնիա, ինչպէս նաեւ Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորւաթների եւ Սլովենների թագաւորութիւն, Հեջազ) եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքւեց հաշտութեան պայմանագիր: 

Սեւրի հաշտութեան պայմանագրի հիմքում դրւած էին 1916 թ. Սայքս-Պիկօ համաձայնագրի դրոյթներն ու տէրութիւնների 1920 թ. Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները: 

Սեւրի պայմանագրի 3-րդ մասի 6-րդ բաժնի 88-93-րդ յօդւածներն ամբողջութեամբ վերաբերում էին Հայաստանին: 88-րդ յօդւածով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչւում էր իբրեւ ազատ եւ անկախ պետութիւն: 89-րդ յօդւածով Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի եւ Տրապիզոնի նահանգները: ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին էր թողնւում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծման գործը, որը կատարւեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Յիշեալ նահանգներում Հայաստանը ստանում էր 90.000 կմ2 տարածք` դէպի Սեւ ծով ելքով: Հայաստանի տարածքը դառնում էր աւելի քան 160.000 կմ2: 

Սակայն Սեւրի պայմանագրին վիճակւած չէր իրականութիւն դառնալ եւ այն մնաց թղթի վրայ: Անհրաժեշտ էր վերագրաւել Արեւմտեան Հայաստանի տարածքները, որոնք անցել էին ռազմա-քաղաքական լուրջ գործօնի վերածւած քեմալականների հսկողութեան տակ: Իսկ քեմալականները չեղեալ յայտարարեցին Սեւրի պայմանագիրը` շեշտելով, որ անգամ մի թիզ հող չեն զիջելու հայերին: Մեծ տէրութիւնները մտադիր չէին զոհողութիւնների գնալ Սեւրի պայմանագրի իրագործման համար: Իսկ հայ ժողովուրդը ի զորու չեղաւ սեփական ուժերով գործնականացնել այն: 

ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԻՐԱՒԱԿԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԶԻ ՆՐԱՆՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՕՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՒ ՆՐԱՆՑ ՓՈՔՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾԱԳՈՅՆ ՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ: 

Սեւրի պայմանագրով թուրքական բռնապետութեան դէմ երկար տարիներ ազգային ազատագրական պայքար ծաւալած, ցեղասպանութիւն ապրած, ապա նաեւ հարատեւելու ցանկութիւնը Սարդարապատում վերահաստատած հայ ժողովուրդն իր հայրենիքում պետութիւն ունենալու իրաւունք է վաստակում: Շատ բնորոշ է վաստակաշատ պատմաբան Գալուստ Գալոյեանի կարծիք-գնահատականը. «Սեւրի պայմանագիրը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչումն էր. անկախ այն հանգամանքից, որ պայմանագիրը կեանքի չկոչւեց»: 

Փարիզի խաղաղութեան վեհաժողովին հայկական կողմի ներկայացւած յուշագրով նախատեսւում էր Հայաստանի Հանրապետութեանը միացնել ամբողջ Արեւմտեան Հայաստանը եւ Կիլիկիան: Սակայն Սեւրի պայմանագրով որոշւեց Հայաստանին տարածքներ յատկացնել միայն չորս նահանգներից: Սահմանների նման կրճատումը պայմանաւորւած էր ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի ունեցած մարդկային կորուստներով: Որդեգրւած սկզբունքն այն էր, որ Հայաստանը այնպիսի սահմաններ պէտք է ունենայ, որ ապահովւի դէպի ծով ելքով եւ իրապէս երաշխաւորւի նրա անկախ գոյութիւնը: Այս առումով ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԷՐ ԵՆԹԱԴՐՈՒՄ, ԱՅԼԵՒ ՊԷՏՔ Է ԱՊԱՀՈՎԷՐ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ: 

Սեւրի պայմանագիրը ստորագրող պետութիւնները գիտէին, որ այդ պահին Հայաստանին յատկացւող սահմանների մեծագոյն մասը քեմալականների ձեռքին էր: Իսկ Հայաստանը այդ ուժը չունէր զէնքով յետ նւաճելու համար: Տեղին են Ն. Ադոնցի այն նկատառումները, որ Սեւրի պայմանագրով մեծ տէրութիւնները վճռական գտնւեցին Օսմանեան կայսրութիւնից առանձնացւած միւս պետութիւնների նկատմամբ, իսկ Հայաստանի հարցում նոյնիսկ սահմանների որոշումը յետաձգւեց` այն վերապահելով ԱՄՆ նախագահին: Իրականում դաշնակից տէրութիւնների կառավարութիւններից եւ ոչ մէկը մտադրութիւն չունէր զօրքեր ուղարկել Արեւմտեան Հայաստան: Ուստի պարզ էր, որ Սեւրի պայմանագիրը մի միջազգային փաստաթուղթ էր, որը եթէ վաւերացւէր, լոկ իրաւունք կը տար հայերին սեփական ուժերով Թուրքիայից յետ խլել իրենց պատմական տարածքները: Սակայն Հայաստանն այդ ժամանակ ի զօրու չէր ոչ միայն Սեւրով նախատեսւած տարածքներն ազատագրել, այլեւ` պաշտպանել Արեւելեան Հայաստանի սահմանները: Արդիւնքում Սեւրի պայմանագիրը չիրագործւեց, եւ հայ ժողովրդի պատմական հայրենիքի մեծ մասը մնաց Թուրքիայի տիրապետութեան տակ: 

ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է, ԵՒ ՄԵՆՔ, ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՏԷՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՅԴ ԻՐԱՒՈՒՆՔԻՆ: 

ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՇԱՏ Է ԽՕՍՒՈՒՄ ԻՐԵՏԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԵՒ ԱԿՆԱՐԿՒՈՒՄ, ՈՐ ՍԵՒՐԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒ Է ԻՐԱՏԵՍՈՒԹԻՒՆԻՑ, ԱՅԼԵՒ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ: 

ԱՅՆ, ՈՐ ՊԷՏՔ Է ԼԻՆԵԼ ԻՐԱՏԵՍ ԵՒ ՔԱՅԼԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՇՒԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՉ ՈՔ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ: ԲԱՅՑ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՒ ԻՐԱՏԵՍ ԼԻՆԵԼԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆԱԵՒ ՀԷՆՑ ԱՅՍՕՐՒԱՅ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՆԱԿԻՒՆԻՑ ՈՒՆԵՆԱԼ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՒ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԵՏՈՒԹԻՒՆ:

ՀԱՒԱՏԱՑԷՔ, ՈՐ ԴԱ ՀՆԱՐԱՒՈՐ Է ՆՒԱԶԱԳՈՅՆԸ ՍԵՒՐԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ: ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՉ ԹԷ ԿԵՂԾ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՈՓԵՍՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ ՓԱՅԼԱՏԱԿԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԿԱՐԱՑԱԾ ՄՏՔԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ, ԱՅԼ ՈՒՂԻՆԵՐ ՈՐՈՆԵԼ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ, ՀԱՄԱՌՈՐԵՆ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱՅ ԴՆԵԼՈՒ ԵՒ ՍԵՒՐԵԱՆ ԵՐԱԶԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ: ԱՅՈ, ՍԵՒՐԸ ԱՅՍՕՐ ԵՐԱԶ Է, ԲԱՅՑ ՎԱՂԸ ԴՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՅՆԻՍԿ ԱՆԿԱԽ ՄԵԶՆԻՑ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԼԻՆԵՆՔ ԴՐԱՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԱՅՍՕՐ ՈՐՈՇՆԵՐԸ ԴԱ ԱՆՀՆԱՐԻՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ: ՀԵՏԵՒԱԲԱՐ, ԻՐԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԷՏՔ Է ՆԱԵՒ ՀԵՌԱՏԵՍ ԼԻՆԵԼ: ՈՐԵՒԷ ՄԷԿԸ ԻՐԱՒՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ: 

 

Յ. Գ. -1 Վերջին երկու տարում իրատեսութեան քողի տակ ժողովուրդներին, նախ հայ ժողովրդին նախապատրաստում էինք խաղաղութեան, տեսանք, թէ ինչ խաղաղութիւն բերեցինք մեր գլխին:

Յ. Գ. - 2 Ցաւալի է, որ Սեւրեան Հայաստանը նոյնիսկ այս օրերին մերժւում է միայն չարախնդալու համար: Խելքի գալու ժամանակն է…: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։