Բոլոր բանակցութիւնները, լինեն քաղաքական, տնտեսական, պատերազմի հրադադարի եւ այլն, ոչ այլ ինչ են, եթէ ոչ՝ առ եւ տուր, որի հէնքում ընկած է առաւելագոյնն ստանալու եւ նւազագոյնն յանձնելու սկզբունք, իսկ ընդհանրական շահերի համար եւս նկատի է առնւած կարմիր գծեր, որից այն կողմ անցնել չի կարելի: Բանակցութիւնը դիւանագիտական մի նուրբ արւեստ է, որի վարողը պիտի լինի արհեստավարժ, բանատեղեակ եւ հմուտ դիւանագէտ, ոչ թէ սովորական պետական մի այր, զուրկ վերոնշեալ հմտութիւններից:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Իմ նախորդ «Բանակցութիւններ» յօդւածում («alikonline»-ի 27.10.2020 թ.) անդրադարձել եմ, որ բանակցութիւնները միջազգային շրջանակների կողմից համարւում են քաղաքակիրթ գործընթաց եւ, որ ովքեր են վարում այն եւ ինչ պայմաններում է, որ բանակցութիւնները բարւոք լուծում ու ցանկալի արդիւնքի չեն հասնում: Արդ, պիտի անդրադառնամ բանակցութիւններին կապւող յաւելեալ մանրամասնութիւններով:
Բոլոր բանակցութիւնները, լինեն քաղաքական, տնտեսական, պատերազմի հրադադարի եւ այլն, ոչ այլ ինչ են, եթէ ոչ՝ առ եւ տուր, որի հէնքում ընկած է առաւելագոյնն ստանալու եւ նւազագոյնն յանձնելու սկզբունք, իսկ ընդհանրական շահերի համար եւս նկատի է առնւած կարմիր գծեր, որից այն կողմ անցնել չի կարելի: Բանակցութիւնը դիւանագիտական մի նուրբ արւեստ է, որի վարողը պիտի լինի արհեստավարժ, բանատեղեակ եւ հմուտ դիւանագէտ, ոչ թէ սովորական պետական մի այր, զուրկ վերոնշեալ հմտութիւններից:
Պատերազմական հրադադարի բանակցութիւններում նախ պիտի նկատի ունենալ ժողովրդի ու Հայրենիքի անվտանգութիւնը, որը սերտօրէն կապւած է թէ՛ պաշտպանելի սահմաններ ունենալու, եւ թէ՛ տնտեսական ու բարոյական, առաւելագոյն շահ ապահովելու հետ, որոնք ի գին ամէն զոհողութեան պիտի պահել ու պաշտպանել: Իսկ մեր պաշտպանելի սահմաներն ու շահերն են.
ա- Ռազմավարական նշանակութեամբ բարձրունքները, բարձրադիր քաղաքներն ու բնակելի տարածքները:
բ- Հակամարտութեան շրջաններից դուրս, բարեկամ երկրների հետ ունեցած սահմանների, անխախտելիութիւնը եւ անարգել երթեւեկութեան ապահովումը:
գ- Աւազակապետների կողմից Հայրենիքի հողատարածքների միջեւ ստեղծւած սեպաձեւ ճեղքւածքները, որպէս Հայրենիքի անբաժան մաս, վերադարձնել իրաւատիրոջը:
դ- Եւ վերջապէս հայ ժողովրդի եւ Հայրենիքի գլխաւոր անվտանգութիւնը ապահովող, ադրբեջանի կազմից դուրս, Արցախի կարգավիճակի ու անկախութեան միջազգային ճանաչման ապահովումն ու նախայարձակին պատերազմական վնասից հատուցման ենթարկելը:
Վերոնշեալ չորս կէտերը, հայ ժողովրդի ընդհանրական շահերի կարմիր գծերն են, որոնցից այն կողմ չի կարելի անցնել:
Դժբախտաբար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, առանց համապատասխան լիազօրագրի, միանձնեայ քմահաճոյքով կնքել է եռակողմ մի համաձայնագիր, ըստ որի ոչ միայն հատել է վերոնշեալ կարմիր գծերը, ի վնաս հայութեան, այլ մեր թշնամիներին է յանձնել հայ ժողովրդի քաջարի զաւակների արեան գնով ձեռք բերւած եւ հայ ժողովրդի անկապտելի սեփականութիւնը համարւող հողատարածքներ, որի համար պատասխանատու է հայ ժողովրդի ներկայ եւ ապագայ սերունդների առջեւ:
Նոր Ջուղա
22.11.2020 թ.