Հայաստանում 2018 թւականի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանութեան բերեց Նիկոլ Փաշինեանին, իր տեղը զիջում է յուսահատութեան զգացումին:
«alikonline.ir» - Հայաստանում 2018 թւականի համաժողովրդական շարժման էյֆորիան, որը իշխանութեան բերեց Նիկոլ Փաշինեանին, իր տեղը զիջում է յուսահատութեան զգացումին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Երեւանում ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակից Ֆաուստինա Վենսանը:
«Անհրաժեշտ չէ շատ հեռու անցեալ վերադառնալ՝ յիշելու համար ժողովրդական ընդվզման արդիւնքում առաջացած մեծ յոյսերը, որոնց ստեղծողը երիտասարդներն էին: Դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը: Պատգամաւոր եւ նախկին լրագրող Նիկոլ Փաշինեանը երկար երթ էր սկսել ամբողջ Հայաստանի Հանրապետութեամբ՝ ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսեանի «ռեժիմը» տապալելու նպատակով: Հարիւր հազարաւոր մարդիկ շուտով միացան նրան: Բազմութիւնը երգում ու պարում էր փողոցներում: Ոգեշնչւած բնակչութիւնը երազում էր «նոր Հայաստանի» մասին, որը խոստացւել էր նրանց այս խաղաղ ու ուրախ յեղափոխութեան հերոսի կողմից: Նիկոլ Փաշինեանը, որն անմիջապէս ընտրւեց վարչապետ, վայելում էր աննախադէպ լեգիտիմութիւն եւ ժողովրդականութիւն»,- գրում է յօդւածագիրը:
Երկուսուկէս տարի անց Լեռնային Ղարաբաղի պատերազմը ոչնչացրեց այդ յոյսերը եւ ցնցեց Հայաստանը: Հիմա մարդկանց չեն հետաքրքրում խոստացւած բարեփոխումները, եւ այն, թէ արդեօ՞ք տեղական մանր կոռուպցիան ճնշած Նիկոլ Փաշինեանը վերջապէս կը լուծի խոշոր օլիգարխների հարցերը, թէ ոչ:
Առաջնահերթութիւնները կտրուկ փոխւել են: Երկիրը պէտք է ուշքի գա ջախջախիչ պարտութիւնից, որի հետեւանքով մահացել է 2300-ից ոչ պակաս մարդ, ընդունի 100 000 փախստականի հոսք եւ յաղթահարի կորոնավիրուսի կտրուկ աճը»,- գրում է Վենսանը:
«2018 թւականին նրանք յոյսի շող ունէին: Այն ձգւեց 2 տարի: Այսօր երկիրը անդունդի մէջ է: Հայաստանի համար սա զրօ տարի էր»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:
Այժմ բնակչութեան մի մասը յեղափոխութեան երէկւայ հերոս Նիկոլ Փաշինեանին համարում է «դաւաճան», քանի որ նա նոյեմբերի 9-ին ստորագրել է հրադադարի պայմանագիր` ճանաչելով Ադրբեջանի յաղթանակը: Իր ֆէյսբուքեան էջում կէսգիշերին յայտարարած լուրը բոլորին անակնկալի էր բերել, քանի որ բնակչութիւնը պատրաստ չէր պարտութեան»,- գրւած է յօդւածում:
«Յեղափոխութեան ընթացքում հայերը երազում էին նոր ապագայի մասին: Այժմ նրանց հետապնդում են 1915 թ. Ցեղասպանութեան յիշողութիւնները, որոնք վերածնւել են իրենց ադրբեջանցի եւ թուրք թշնամիների յաղթանակից յետոյ, եւ նրանք ունեն մի պարզ հարց. արդեօք կը կարողանա՞ն գոյատեւել»,- եզրափակում է յօդւածը Ֆաուստինա Վենսանը: