Հա

Քաղաքական

24/11/2020 - 19:30

Փաշինեանը փորձում է դիկտատուրա հաստատել

Հայաստանում մտցւած ռազմական դրութիւնը ծառայում է մէկ նպատակի՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պահելուն եւ պաշտպանելուն: Ոստիկանների, զօրքի միջոցով Նիկոլ Փաշինեանը փորձում է հաստատել դիկտատուրա:

«alikonline.ir» - Հայաստանում մտցւած ռազմական դրութիւնը ծառայում է մէկ նպատակի՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պահելուն եւ պաշտպանելուն: Ոստիկանների, զօրքի միջոցով Նիկոլ Փաշինեանը փորձում է հաստատել դիկտատուրա: Այս մասին Կառավարութեան դիմաց Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ով եկել էր հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկեանին եւ Կիմ Բալայեանին տեսնելու:

«Նիկոլն իր իշխանութիւնը պահելու համար մեր ժողովրդին մէկ անգամ եւս տանելու է նոր սադրանքների: Նա իր իշխանութիւնը պահելու համար փորձ է անելու նաեւ Երեւանում արիւն թափել եւ իր բազմաթիւ մեղքերին եւս մէկն աւելացնել: Նա պէտք է հասկանայ, որ այդ ճանապարհը կործանարար կը լինի ոչ միայն իր, այլեւ մեր պետականութեան համար»,- նշեց նա:

Իշխան Սաղաթելեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով ե՛ւ հացադուլը, ե՛ւ անհնազանդութեան տարբեր ակցիաները պայքարի միջոց են:

«Մինչեւ հացադուլը մենք այնքան մեծ կորուստներ ենք ունեցել՝ հայրենիքի կորուստ, շուրջ 5000 հայ ժողովրդի հերոս զաւակներ ենք կորցրել: Այսինքն՝ սա արդէն բաւարար էր, որ նա գիտակցէր եւ հեռանար: Նրա մէկ րոպէ անւելի մնալը վտանգ է մեր պետութեան համար, որովհետեւ ծնկի եկած, պարտւած, ձախողակ, անյաջող ղեկավարը չի կարող այլեւս պաշտպանել մեր ժողովրդին: Քանի որ նա այդ գիտակցումը չունի հեռանալու, հասարակական պահանջ պէտք է ձեւակերպւի եւ ճնշման տակ նա հեռանայ: Այլ տարբերակ չկայ, նա պէտք է հեռանայ»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը:

Ինչ վերաբերում է Կառավարութիւնում տեղի ունեցող կադրային փոփոխութիւններին, Իշխան Սաղաթելեանը նշեց. «Սա իր ձեռագիրն է, բնաւորութիւնն է՝ կողքիններին զոհաբերի, ինքը փրկւի: Գլխաւոր պատասխանատուն եւ մեղաւորը ինքն է եւ ինքն էլ պէտք է հեռանայ, որպէսզի կարողանանք մեր երկիրը փրկել: Կադրեր փոխելը, իմիտացիա անելը, որ Կառավարութիւնն աշխատում է, չի անցնելու»:

Նոր Կառավարութիւնն, ըստ նրա՝ կը կարողանայ բանակցել Արցախի կարգավիճակի համար, ինչպէս նաեւ կը մեղմի յետպատերազմական սոցիալ-տնտեսական խնդիրները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։