Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետեւ րոպէ առաջ Նիկոլ Փաշինեանի հեռանալը կենսական անհրաժեշտութիւն է Հայաստանի եւ Արցախի համար եւ առաջին հերթին, որ վերականգնւի պետական համակարգի գործունէութիւնը:
«alikonline.ir» - Բոլոր մեթոդները կիրառելի են, որովհետեւ րոպէ առաջ Նիկոլ Փաշինեանի հեռանալը կենսական անհրաժեշտութիւն է Հայաստանի եւ Արցախի համար եւ առաջին հերթին, որ վերականգնւի պետական համակարգի գործունէութիւնը: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը՝ անդրադառնալով հարցին, թէ ինչու է ընտրել հացադուլի մեթոդը, մի՞թէ Փաշինեանի հրաժարականը պահանջելու պայքարի այլ ձեւ չի մնացել:
«15 օր է անցել այդ չարաբաստիկ յայտարարութեան ստորագրումից, 15 օր շարունակ որեւէ քայլ չի իրականացւել, մինչեւ դժբախտութեան մէջ գտնւող մեր հարիւրաւոր հայրենակիցներ չգնացին Կառավարութիւն, Պաշտպանութեան նախարարութիւն, դրանից յետո՞յ միայն պէտք է պետութիւնը գործի անցնէր: Պետական համակարգը չէր գիտակցում հարցը, քանի որ պետական համակարգի գլխին, անճար, պոպուլիստ մի մարդ է, որը կառավարչական որեւէ հմտութիւն, ունակութիւն չունի՝ վկան վերջին 2.5 տարին»,- ասաց նա:
Հարցին՝ Կառավարութիւնից որեւէ մէկը մօտեցե՞լ է իրեն, նա պատասխանեց. «Ոչ մէկ չի մօտեցել ինձ, ոչ էլ ակնկալում եմ, որ մօտենան, զրոյցը որեւէ իմաստը չունի, որովհետեւ պահանջը մէկն է»:
Գեղամ Մանուկեանը նշեց, որ մարդիկ բոլորն էլ հասկանում են, որ այս մարդը պէտք է գնայ եւ նախարարներին փոխելը որեւէ էական փոփոխութիւն չի մտցնում: «Իր հռչակած այդ 15 կէտանոց ճանապարհային քարտէզում էլ, որտեղ իր հրաժարականի մասին խօսք չկայ, առաջին կէտով խօսում է Ղարաբաղեան հարցի բանակցութիւնների մասին, այս մարդը պարտւած, խայտառակւած է, խայտառակւած մարդը չի կարող Արցախեան բանակցութիւններ առաջ տանել»,- ընդգծեց նա:
Գեղամ Մանուկեանը նշեց, որ իր ինքնազգացողութիւնը լաւ է:
Նշենք, որ արդէն երկու օր հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկեանին միացել է նաեւ ՍԴ նախկին դատաւոր Կիմ Բալայեանը: Նրանց այցելեցին մի շարք քաղաքական գործիչներ, ինչպէս նաեւ մտահոգ քաղաքացիներ, որոնք իրենց աջակցութիւնն էին յայտնում եւ յորդորում էին դադարեցնել հացադուլը, պայքարել այլ գործիքակազմով:
Յիշեցնենք, որ Գեղամ Մանուկեանի հացադուլի պահանջը մէկն է՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, իսկ Կիմ Բալայեանը պահանջում է քրէական պատասխանատւութեան ենթարկել իշխանութիւններին՝ սահմանադրական կարգը տապալելու համար։