Հա

Քաղաքական

25/11/2020 - 11:55

«Մեղրիի միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է». Իրանագէտ 

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ կովկասեան տարածաշրջանում առկայ իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի եւ Իրանի միջեւ առկայ հակասութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախեան պատերազմից յետոյ կովկասեան տարածաշրջանում առկայ իրավիճակին, կենսական շահերի շուրջ Թուրքիայի եւ Իրանի միջեւ առկայ հակասութիւններին։

Անդրադառնալով մասնաւորապէս այն հանգամանքին, որ Անկարան կարող է իր որոշակի ռազմական եւ աշխարհաքաղաքական յաջողութիւնն օգտագործել Կասպից ծովի ուղղութեամբ հետագայ առաջընթացի համար, Վարդան Ոսկանեանն ընդգծում է, որ թուրքական դիրքերի ուժեղացումը Հարաւային Կովկասում, յատկապէս Ադրբեջանի երկու հատւածներում, ակնյայտօրէն չի բխում ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի շահերից, հետեւաբար թուրքական կողմի գործողութիւնները միտւած են նաեւ իրանական ազդեցութեան շրջանակները սահմանափակելուն։ 

«Բնական է, որ այդ առթիւ ե՛ւ Իրանում, ե՛ւ Ռուսաստանում կայ անհանգստութիւն։ Ակնյայտ է, որ Մերձաւոր Արեւելքում ստեղծւած ներկայ իրավիճակում Թուրքիան փորձում է առաւելագոյն օգուտներ քաղել, որը բաւարարւած չէ արցախեան պատերազմի արդիւնքներով, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն ու միջամտութիւնն ըստ էութեան խանգարում են Անկարայի նկրտումներին»,- նշեց իրանագէտը։

Խօսելով այն մասին, որ Թուրքիան կարող է օգտագործել նաեւ միջանցքը, որը հիմա պէտք է բացւի Նախիջեւանից դէպի Ադրբեջան, Վարդան Ոսկանեանն ընդգծում է, որ միջանցքի խնդիրը պէտք է յստակեցւի, որովհետեւ հրադադարի յայտարարութեան տեքստը շատ բազմանշանակ է, այն թողնում է բազմաթիւ հարցականներ, քան տալիս է պատասխաններ, բայց Մեղրիի տարածաշրջանը կատարում է այն սեպի դերը, որն ըստ թուրքական տրամաբանութեան`չի թողնում, որպէսզի Թուրքիան միանայ Ադրբեջանին ցամաքային կապով ու յայտնւի Իրանի հիւսիսում, ինչու չէ, նաեւ Կասպեան աւազանում, եթէ հաշւի առնենք թուրանական մեծ ծրագիրը։ 

«Այս ճանապարհի հարցը չափազանց լուրջ է ու կարեւոր, ինչը բնականաբար անհանգստացնում է իրանական կողմին եւ տարածաշրջանային բոլոր ուժերին, որոնց շահերից չի բխում թուրքական ներկայութեան ուժեղացումը կամ դէպի Արեւելք ձգտող Անկարայի էքսպանսիոն հաւակնութիւնները, ուստի հարցը պէտք է դառնայ լուրջ քննարկման առարկայ թէ՛ մեզանում, թէ՛ մեր դաշանակիցների հետ հանդիպումների ընթացքում։ Մեր հասարակութիւնն իր հերթին պէտք է յստակ պատասխաններ ստանայ, թէ ինչի մասին է խօսքը»,- նշեց իրանագէտը։ 

Անդրադառնալով Իրանի ԱԳՆ խօսնակ Սայիդ Խաթիբզադէի յայտարարութեանն առ այն, որ Իրանը կարծում է, թէ այժմ ձեռք բերւած զինադադարը Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ճգնաժամի վերջնական լուծում չէ, Վարդան Ոսկանեանն ընդգծում է, որ իրականում տեղի է ունեցել արիւնահեղութեան դադարեցում, ուստի ակնյայտ է, որ հիմնախնդրի վերջնական լուծումը պէտք է դիտարկել միայն Արցախի կարգավիճակի հարցի լուծման համատեքստում, երբ ամէն ինչ յստակ կը լինի, մինչդեռ այդ յստակութիւնը դեռ չկայ, եւ շատ խնդիրներ ուղղակիօրէն առկախւած են։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։