ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնն Արցախի եւ Հայաստանի դէմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ հանդէս է եկել յայտարարութեամբ:
«alikonline.ir» - ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնն Արցախի եւ Հայաստանի դէմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդիւնքում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ հանդէս է եկել յայտարարութեամբ: Յայտարարութիւնն ընդունւեց ՀՀ ԳԱԱ նախագահութեան նոյեմբերի 24-ի նիստում: Այս մասին յայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատւական-վերլուծական ծառայութիւնից։
Յայտարարութեան մէջ նշւած է.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդիւնքում Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում ստեղծւած ծանրագոյն իրավիճակի կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահութիւնը յայտարարում է.
- Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքւած յայտարարութիւնը գնահատում ենք որպէս հայ ժողովրդի համար նւաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետութիւնը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանութեան լրջագոյն սահմանափակումներ, հայկական զոյգ պետութիւններում եւ Սփիւռքում ստեղծւում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
- Ստեղծւած իրավիճակում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահներին համարում ենք Արցախի հայութեան նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան եւ հայրենազրկման քաղաքականութիւնից փրկութեան եւ տարածաշրջանում կայունութեան հաստատման բացառիկ երաշխաւոր։
- Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանութիւնների վերահսկողութեան տակ գտնւող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը։
- Խստագոյնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտութեան նկատմամբ հանրապետութեան իշխանութիւնների կրաւորական վերաբերմունքը, որի արդիւնքում անհնարին դարձաւ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։
- Անթոյլատրելի ենք համարում հասարակութեան մէջ թշնամութեան, վրէժխնդրութեան, անվստահութեան, ատելութեան սերմանումը եւ կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխութեան եւ միասնութեան մթնոլորտ ստեղծելու համար:
- Ստեղծւած իրավիճակում անարդիւնաւէտ ենք համարում ՀՀ կառավարութեան հետագայ պաշտօնավարումը եւ պահանջում կառավարութեան հրաժարականը հանրապետութեան վարչապետի գլխաւորութեամբ»։