Հա

Քաղաքական

25/11/2020 - 13:25

Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

«alikonline.ir» - Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

Նրա խօսքով, ՀՀ-ն տարեկան արտադրում է մօտ 200 հազար տոննա եւ ներկրում՝ մօտ 250 հազար տոննա հացահատիկ. այսինքն՝ տարեկան մօտ 450 հազար տոննա հացահատիկի պահանջարկ կայ մեր երկրում։ Ըստ Արթուր Խաչատրեանի, նշւած ծաւալից շատ փոքր մասն օգտագործւում է օղու արտադրութեան վրայ, բայց բացարձակ մեծամասնութիւնը պարենային նշանակութիւն ունի։

«Արցախի Հանրապետութիւնում 2017 եւ 2018 թւականների տւեալներով՝ արտադրւել է մօտ 135-150 հազար տոննա հացահատիկ, որից աւելի քան 100 հազար տոննան ներկրւել է Հայաստան։ Այսինքն՝ մենք այսուհետ 20-25%-ով աւելի հաց պէտք է գնենք այլ երկրներից։ Նոյնիսկ Ռուսաստանն է հացահատիկը մեզ դոլարով վաճառում։ Եւ եթէ հաշւի առնենք նաեւ դոլարի այսօրւայ արժեւորումը, ապա պատկերացրէք՝ ինչ մեծ խնդիր ենք ունենալու։ Արդիւնքում՝ լինելու է հացահատիկի, հացի թանկացում»,- ներկայացրեց գիւղատնտեսութեան նախկին նախարարը։

Մեր հարցին, թէ արդեօ՞ք Հայաստանում չկան խոպան հողեր, որոնք կարող են դառնալ հացահատիկի մշակման վայրեր, Արթուր Խաչատրեանը պատասխանեց՝ կան, եւ պէտք է օգտագործւեն։

«ՀՀ-ում կան տարածքներ, որոնք, ցաւօք սրտի, անջրդի են եւ հացահատիկից բացի այլ բան չի աճում։ Բայց Կառավարութիւնը որեւէ քայլ չի անում այդ խոպան հողերն օգտագործելու ուղղութեամբ, մինչդեռ նախկինում այդ հողերն օգտագործւում էին։ Ծրագիր ունէինք, որով սահմանամերձ շրջաններում մի հեկտար հացահատիկ մշակելու համար 60 հազար դրամ գումար էինք տալիս, եւ այդ թիրախային շրջաններում մօտ 50%-ով հացահատիկի մշակման տարածքներն աւելացել էին։

2019 թւականի համար ես առաջարկում էի 2 մլրդ դրամ նախատեսել՝ այդ ծրագիրն ամբողջ հանրապետութիւնում շարունակելու համար, բայց այս Կառավարութեան կողմից ոչ մի լումա չծախսւեց։ Գիւղատնտեսութեան պատասխանատուներն այդ գումարից ոչ մի լումա չծախսեցին։ Իսկ հացահատիկ ցանող գիւղացիներին ո՛չ սերմնացու տւեցին, ո՛չ պարարտանիւթ եւ ո՛չ էլ վառելանիւթ։ Այսինքն՝ ո՛չ տւեցին այն, ինչ ես էի առաջարկում՝ կանխիկ փող մի հեկտարի դիմաց, ո՛չ էլ այն, ինչ տրադիցիոն միշտ արւում էր։ Արդիւնքում՝ մենք հացահատիկի արտադրութեան լուրջ խնդիր ունեցանք։ Հիմա ամէն ինչ էլ հնարաւոր է անել, բայց սրանք ապիկար են ու անշնորհք»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։

Ըստ Արթուր Խաչատրեանի, շիզոֆրենիային սահմանակցող աբսուրդ է, որ մենք չունենք Գիւղատնտեսութեան նախարարութիւն։ Նրա խօսքով, նման բան աշխարհում չկայ, որ էապէս գիւղատնտեսական երկիրը չունենայ Գիւղատնտեսութեան նախարարութիւն։

Մեր ճշտող հարցին, թէ արդեօ՞ք խոպան հողերի մշակման դէպքում Հայաստանը կը կարողանայ ամբողջապէս ինքնաբաւ դառնալ՝ հացահատիկային մշակաբոյսերի առումով, Արթուր Խաչատրեանը պատասխանեց՝ ոչ։

«Որոշ տարածքներում իմաստ էլ չկայ, քանի որ աւելի բարձրարժէք մշակաբոյսեր կարելի է ցանել, օրինակ՝ կանաչ ոլոռ։ Իսկ հացահատիկի առումով ինքնաբաւ դառնալու համար պէտք է կրկնապատկենք ցանքատարածքները. այսօր ստանում ենք 200 հազար տոննա, բայց մեզ պէտք է 450 հազար տոննա, իսկ դա ստանալն այս պահին ռէալ չէ։ Մեր վարելահողերի 40%-ից աւելին չի մշակւում, հիմա դա եթէ ամբողջութեամբ մտցւի հացահատիկի տակ, ինչը, նորից եմ կրկնում, արդիւնաւէտ չէ, հացահատիկի բերքը կաւելանայ մօտ 100 հազար տոննայով։ Բայց սա էլ հնարաւոր է անել, եթէ այսօրւայ Կառավարութիւնը խնդրին լուրջ վերաբերւի։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս Կառավարութիւնն ապիկար է, եւ ոչինչ չի կարողանում անել։ Այս պահին մեզ պէտք է հզօր Գիւղատնտեսութեան նախարարութիւն, որը կը կարողանայ բարձրագոյն ծառայութիւններ մատուցել մեր գիւղացիներին»,- շեշտեց Արթուր Խաչատրեանը։

Նկատենք, որ թէեւ մասնագէտներն ահազանգում են պարենային անվտանգութեան խնդիրների մասին, Արցախի Գիւղատնտեսութեան նախարարութիւնից դժւարանում են ասել, թէ բերքի ինչ կորուստ կարող է լինել՝ պայմանաւորւած նոր քարտէզագրումներով։

«Քարտէզագրումը դեռեւս յստակ չէ, եւ անհասկանալի է, թէ գիւղնշանակութեան հողերի քանի տոկոսն է մնում Ադրբեջանի վերահսկողութեան տակ»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասացին Արցախի Գիւղատնտեսութեան նախարարութիւնից։

Գիւղատնտես Յարութիւն Մնացականեանին զարմացնում է ԱՀ գիւղնախարարութեան վերոնշեալ անտեղեակութիւնը։

«Ի՞նչ է նշանակում Արցախի գիւղնախարարութիւնից դժւարանում են պատասխանել, էդ ո՞նց է մենք գիտենք որտեղ, ինչքան է անցել, իրենք չգիտե՞ն։ Արդէն հիմա մօտ 90% ճշտութեամբ կարող են ասել ինչքան մշակովի հողատարածքներ եւ ինչքան ձեռնարկութիւններ են անցել։ Առնւազն երկու շատ խոշոր գինեգործական գործարաններ են անցել, «Կատարօ» ընկերութիւնը եւ մի շատ հզօր ընկերութիւն Մեծ Թաղերի շրջանում՝ իր 35-40 հա տարածքով։ Այդ ընկերութիւնն այս տարի առաջին անգամ էր բերքահաւաք արել եւ գինի ստացել։ Էլ չեմ խօսում Ջրականի, Կովսականի ահռելի հողատարածքների մասին, որտեղ ձմերուկի եւ հացահատիկի հսկայական հողամասեր կային»,- մեզ հետ զրոյցում ասաց Յարութիւն Մնացականեանը։

Նրա խօսքով, մենք ունենք մօտ 200,000 հա չօգտագործւող հողատարածութիւն, եւ այս իրավիճակը յաղթահարելու համար, պէտք է արագ ծրագրեր իրականացւեն, որպէսզի ոչ մի չօգտագործւող գիւղնշանակութեան հող ազատ չմնայ, եւ ամենակարեւորը՝ համապատասխան կառոյցների միջոցով ճիշտ ցանքաշրջանառութեան եւ պարարտացման կազմակերպում իրականացւի, որպէսզի հողերի դեգրադացում եւս չլինի։

«ՀՀ-ում ցանկացած շրջանի չօգտագործւող հողում կարելի է հացահատիկ աճեցնել, բայց ըստ որոշակի պայմանների, պէտք է հասկանալ՝ որտեղ է աւելի նպատակայարմար, որտեղ՝ ոչ, քանի որ հացահատիկի մշակումը ամենացածր շահութաբերութեամբ ճիւղերից մէկն է գիւղատնտեսութեան ոլորտում։ Ես հակւած եմ, որ հացահատիկ աճեցւի մեծամասամբ չոռոգւող հողատարածքներում»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Հեղինակ` Նարէ Գէորգեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։