Հա

Քաղաքական

26/11/2020 - 11:30

«Պարբերաբար ահազանգւել է Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգների մասին, եւ ոչ թէ անուշադրութեան է արժանացել, այլ անտեսւել է». Լուսինէ Սահակեան

ԵՊՀ դոցենտ, թուրքագէտ Լուսինէ Սահակեանի Irates.am-ի հետ զրոյցը նոր պատերազմի, երկրում տիրող իրավիճակի, Թուրքիայի քաղաքականութեան, սպասւող վտանգներին դիմակայելու հրամայականի մասին է։

«alikonline.ir» - ԵՊՀ դոցենտ, թուրքագէտ Լուսինէ Սահակեանի Irates.am-ի հետ զրոյցը նոր պատերազմի, երկրում տիրող իրավիճակի, Թուրքիայի քաղաքականութեան, սպասւող վտանգներին դիմակայելու հրամայականի մասին է։

 

- Ինչ կատարւեց. մենք չկարողացա՞նք դասեր քաղել պատմութիւնից, թէ՞ պատրաստ չէինք դիմակայելու ժամանակակից Թուրքիայի հայասպան քաղաքականութեանը։

- Երկուսը միասին, առաջին հերթին կուզէի շեշտել, որ սա Թուրքիայի ցեղասպան քաղաքականութեան շարունակութիւնն է, արդէն Ադրբեջանի հետ համատեղ։ Թուրքիան երբեք չի թաքցրել իր հակահայկական թշնամական տրամադրութիւններն ու քաղաքականութիւնը։ Այն արտայայտւել է տարբեր ձեւերով, առաջին հերթին՝ Հայաստանը պահելով շրջափակման մէջ եւ դիւանագիտական յարաբերութիւններ չհաստատելով, անշուշտ նաեւ՝ Ադրբեջանին զինելով: Երկրորդ՝ այս հակահայկական քարոզչութեան մէջ ընդգրկւած են պետական բարձրաստիճան թուրք պաշտօնեաները, թուրքական մամուլը, գիտական ու կրթական հաստատութիւնները, եւ մինչ օրս էլ այդ երկրի հանրութեան մի լայն շրջանում «հայ» (էրմենի) բառը հաւասարազօր է հայհոյանքի։ Այս ամենը չնկատելը մեզ բերեց-հասցրեց այս արհաւիրքին։ Իհարկէ, այս անտարբերութեան սաղմերը կային նաեւ մեր նախորդ իշխանութիւնների ժամանակ, բայց երկուսուկէս տարի առաւել հետեւողականօրէն տարւում էր թշնամու կերպարը չէզոքացնելու, ազգային արժէքները նսեմացնելու քաղաքականութիւն։ Այս շղթայի մի դրսեւորում էր ապրիլին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէնի` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդունած «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսը վերաձեւելու փորձը՝ պահանջատիրութեան հեռացմամբ։ Մեզ յայտնի են նաեւ արտաքին զանազան անհասկանալի դրամաշնորհներից սնւող օղակները։ Եթէ առաջ այդպիսի քարոզչութեամբ զբաղւողները հասարակական կազմակերպութիւններ էին, ապա, ցաւօք, արդէն այդ ամենը տեղափոխւեց պետական, գիտական դաշտ։ Համակեցութեան գաղափարի քարոզումը, «բարի թուրքի» կերպարի ստեղծումը, հէնց այն գաղափարներն էին, որ փորձում էին ներարկել մեր հասարակութեանն ու բթացնել սպառնացող վտանգն ընկալելու զգոնութիւնը, այն պարագայում, երբ թուրք-ադրբեջանական ագրեսորները բացայայտ պատրաստւում էին պատերազմի։

Թուրքիան շարունակում է քայլ առ քայլ իրականացնել պանթուրքական ու պանթուրանական իր ծրագրերը։ Ապրիլին, երբ Էրդողանը յայտարարեց, որ պէտք է աւարտին հասցնի իր նախնիների գործը, դրան զուգահեռ հայ հանրութեան մէջ շրջանառւում էին «թուրքին ներելու» եւ թուրքի կամ ադրբեջանցու հետ համակեցւելու արտայայտութիւններ ու գաղափարներ։ Նոյնիսկ պատերազմի օրերին գրանտակերներն իրենց սոցցանցերում նման գաղափարներ էին տարածում։ Սա, կարծում եմ, նաեւ մեր հասարակութեանը ստուգելու եւ մոլորեցնելու նպատակ էր հետապնդում։ Ձգտում էին ստեղծել այնպիսի հասարակութիւն, որ կարողանար հանգիստ վերաբերւել նոյնիսկ մեր հայրենիքը կորցնելու ծանր ու աղէտալի իրողութեանը։ Այս վտանգաւոր դատողութեամբ անհատները, եթէ կարծում են, որ պատերազմի նման ելքով` մեր հայրենիքի տարածքները թշնամուն յանձնելով, Հայաստանն այսուհետ ապահովագրւած է պանթուրքիստական ծրագրերից ու ադրբեջանաթուրքական նոր պատերազմից, չարաչար սխալւում են։ Այսպիսի գաղափարների քարոզչութիւնն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ առհասարակ հայոց պետութեան գոյութեան համար։ Մեր քաղաքագէտները, պատմաբանները, թուրքագետներն իրենց ուսումնասիրութիւններով ու ելույթներով, տասնամեակներ ի վեր, պարբերաբար ահազանգել են Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող վտանգների եւ վերոնշեալ խնդիրների մասին, եւ այս ամենը ոչ թէ անուշադրութեան է մատնւել, այլ անտեսւել է։

 

- Թուրքիայի վաղեմի նկրտումներից զատ, մենք շարունակ յայտնւում ենք նաեւ աշխարհաքաղաքական խաղերի կիզակէտում։ Սա պատմական օրինաչափութիւ՞ն է։

- Իհարկէ, եթէ նայում ենք պատմութեան խորքերը, տեսնում ենք, որ Հայկական լեռնաշարհը, իր աշխարհագրական դիրքի թելադրանքով, տարբեր ժամանակներում կռւախնձոր է եղել տարբեր ուժերի ձեռքին։ Ծանր զուգադիպութեամբ այժմ ուսումնասիրում եմ Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւը, եւ իմ ցաւն ու ցասումը կրկնակի է. նոյնն է մնացել թուրքերի` Հայաստանն ու հայ ժողովրդին վերացնելու ծրագիրը, նոյնն է Արեւմուտքի կեղծ կեցւածքը, նոյնն են մեր դիւանագէտների եւ հոգեւորականների օգնութեան խնդրագրերը, ռուսական զօրքի ուշացած ժամանելու իրողութիւնը, ներքին դաւադրութիւնները: Կարող եմ ասել, որ ոչ դերակատարներն են փոխւել, ոչ խաղացողները, եւ միակ տուժողը կրկին հայ ժողովուրդն է, հայոց պետականութիւնը։

 

- Դուք ձեր խօսքում նշեցիք «բարի թուրքի» կերպար ստեղծելու մասին։ Երկար տարիներ փորձ էր արւում հայ-թուրքական բարիդրացիական պլատֆորմներ ստեղծելու՝ կինոյի լեզւով, գրականութեան եւ այլն։ Այս երկխօսութիւններն ի՞նչ արդիւնք են տւել թուրքական հասարակութեանը լուսաւորելու, այդ երկրի քաղաքականութեան վրայ ազդելու տեսանկիւնից։

- Հայ-թուրքական սիրախաղերի համար հսկայական գումարներ են ծախսւել։ Գիտէ՞ք ինչն է խնդիրը. այդ համակեցութեան, կեղծ բարեկամութեան քարոզչութիւնն առաւել շատ ուղղւած է եղել մեր հանրութեան ապակողմնորոշմանը։ 80-միլիոնանոց այդ պետութեան մէջ եթէ նոյնիսկ կան սակաւաթիւ մտաւորականներ, որ անհատական մակարդակում ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը, այն բոլորովին չի ազդել թուրքական պետական քաղաքականութեան վրայ։ Այո, Թուրքիայում կան տարբեր հայեացքների տէր անհատներ, տարբեր կուսակցութիւններ, բայց երբ հարցը վերաբերում է Թուրքիայի տարածքային ամբողջականութեանը, անկախ քաղաքական հայեացքներից, սոցիալական զանազան տարաձայնութիւններից, նրանք բոլորը դառնում եմ մէկ մարմին, դրսեւորում միեւնոյն դիրքորոշումը եւ պաշտպանում իրենց ազգային ու պետական շահը։ Ոչ Թուրքիայում, ոչ Ադրբեջանում եւ կամ որեւէ այլ պետութեան մէջ պետական մակարդակով սեփական ազգային արժէքները նսեմացնող գործընթաց չէք կարող տեսնել։

 

- Ռազմական գործողութիւնների աւարտից էետոէ ի՞նչն էք առաջնահերթ համարում։

- Տարածաշրջանում քաղաքական ուժերի բախումներն անխուսափելի են, եւ արդէն պարտւած ու կապիտուլեացիա ստորագրած վարչապետը չի կարող լուրջ ընդունւել որեւէ գործընթացի ժամանակ, թէ՛ ներքին, թէ՛ արտաքին դաշտում։ Պատմութեան մէջ բազմաթիւ նման օրինակներ կան։ Րոպէ առաջ այս իշխանութիւնը պէտք է հեռանայ։ Նրանք արդէն ցոյց տւեցին, թէ ինչի են ունակ եւ որքան անկարող են։ Ես, որպէս, Հայաստանի քաղաքացի, այլեւս ինձ անվտանգ չեմ զգում։ Ես այլեւս չեմ հաւատում վարչապետի, իշխանութեան որեւէ խօսքին, քանի որ 44 օր պետական մակարդակով մեզ ստել են, խաղացել են մեր ամենանւիրական զգամունքների հետ եւ կեղծ շոուներով ապակողմնորոշելով` նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիութեան պայմաններում, դաւադրաբար ու դաւաճանաբար յանձնել են մեր արեան գնով ազատագրւած հայրենիքը` հայոց վահան ու բերդ Արցախ աշխարհի մեծ մասը, սասանել են հայոց պետութեան սահմաններն ու հիմքերը։ Պառակտել ու թշնամացրել են մեր հասարակութեանը` ամենաբարձր մակարդակով հնչեցնելով ատելութեան խօսք: Պէտք է ընդունենք նաեւ, որ քաղաքական եւ գիտական դաշտը տարիներ ի վեր ջլատւել ու մասնատւել է Հայաստանում։ Բայց վստահ եմ, որ հայ ժողովրդի այս ցասումը բերելու է իր առաջնորդին։ Իսկ վերագրել այս բողոքն ու անվստահութիւնը զուտ կուսակցական կամ իշխանութեան համար մղւող պայքարի, ծիծաղելի է։ Այո, 17 կուսակցութիւները միացել են, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդն իր բողոքի ձայնը չունի։ Կամ ԵՊՀ-ն ինչ է, կուսակցութիւ՞ն է։ Ես որեւէ կուսակցութեան չեմ պատկանել, չեմ պատկանում եւ չեմ պատկանելու, բայց ես այսօր ինքս եմ պահանջում Նիկոլ Փաշինեանի ու նրա կառավարութեան հրաժարականը, որովհետեւ, որպէս ՀՀ քաղաքացի, հայ մարդ, որպէս գիտնական, որպէս դասախօս, որպէս դեռեւս 1988-ից ուսանողութեան շարքերում Արցախեան պայքարի ակտիւ մասնակից, ում բախտ եւ պատիւ է վիճակւել 1989 թ., Մայիսի 28-ին՝ Եռագոյն դրօշն առաջին անգամ բարձրացնելու օրը համալսարանի առջեւ տեղի ունեցած միտինգի ժամանակ, Մովսէս Գորգիսեանի, Թաթուլ Կրպէեանի, Վարդան Բախշեանի եւ այլ հերոս ընկերների կողքին երգել մեր պետութեան հիմնը` «Մեր հայրենիքը»։ Արցախեան ազատամարտում զոհւած իմ հերոս ընկերների արիւնը թոյլ չի տալիս ինձ այսօր լռել։ Յատկանշական է, որ այսօր եւս Երեւանի պետական համալսարանն առաջինը մեր ազգային արժանապատւութիւնը փրկելու, մեր պետութեան վտանգւած ապագան կանխելու կոչ արեց։ Եւ ես կրկնում եմ, որ այլեւս չեմ հաւատում պետական մակարդակով ստախօս ու ապազգային կառավարութեանը։

 

- Հանրութեան շրջանում արդէն խօսակցութիւններ կան այն մասին, որ մենք չենք կարող լինել անկախ, վտանգւած է մեր գոյութիւնը, միակ ելքը Ռուաստանի նահանգ դառնալն է եւ այլն։ Ի՞նչ է պէտք յուսահատութեանը չտրւելու եւ առաջ շարժւելու համար։ Ի վերջոյ, պետականութիւնը կորցնելու վտանգն անհիմն չէ։

- Ոչ ճիշտ դիւանագիտական, յատկապէս հակառուսական, քաղաքականութիւնը մեզ դրեց այդպիսի ծանր փակուղու առջեւ։ Այո, այսօր մեր երկիրը ծանր իրավիճակում է, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, սասանւած է մեր ազգային անվտանգութիւնը, եւ եթէ պետութեան ղեկին մնան ոչ կոմպետենտ այս մարդիկ, յայտնի չէ, թէ ուր կը տանեն մեր հայրենիքը, կամ որ երկրի նահանգը կարող ենք դառնալ։ Մենք ունենք Արցախի հիմնահարցին քաջատեղեակ փայլուն մասնագէտներ ու ռազմագէտներ, պրոֆեսիոնալ դիւանագէտներ ու ռազմական գործիչներ, որոնց գիտելիքները եւս անտեսւել են։ Միայն մեր այս ողջ ներուժը գործադրելով կարող ենք այս բարդ իրավիճակում նոր բանակցային ելքեր գտնել՝ պահելով մեր պետականութիւնը եւ ազգային արժանապատւութիւնը։ Այսօր հրատապ եւ օրակարգային է ազգային արժէքներով առաջնորդւող մեր մտաւոր ներուժի միաւորումը՝ բոլոր բնագաւառներում: Մենք այլ տարբերակ չունենք. պէտք է փորձենք շատ արագ հզօրանալ։ Ցաւը, ընկճւածութիւնը եւ յուսահատութիւնը, այո, բոլորիս են պատել, բայց հայ ժողովուրդը աւելի ծանր իրավիճակներ էլ է յաղթահարել ու կարողացել է ելքեր գտնել։

 

- Շրջանառութեան մէջ է դրւել Թալեաթի՝ հայերին ուղղւած նամակը այս օրերի մասին։ Հասարակութեան մէջ կայ շրջանակ, որ լուրջ է վերաբերւում իբր 100 տարի առաջ գրւած «պատգամ-զգուշացմանը»։ Ըստ այդմ՝ պէտք է անտեսե՞լ, թէ՞ փորձել հերքել այն։

- Ի սկզբանէ ասեմ, որ այդ նամակը յօրինւած է, եւ մէկընդմիշ այդ թեման փակելու համար պահանջել եմ բնօրինակը, որը պէտք է գրւած լինի օսմաներէնով եւ Թալեաթի ստորագրութեամբ։ Սա յատուկ է արւած ու յիշեցնում է բոլշեւիկեան կազմաքանդիչ քարոզչութիւնը։ Նամակի կէսից չկարողացայ կարդալ, հասկանալի էր, որ հայերի ազգային ոգին ջարդելու, հայ մարդու կերպարը նսեմացնելու նպատակ է հետապնդում։ Եւ ինչո՞ւ հէնց այս օրերին նման գրութիւն է շրջանառւում, այն էլ՝ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր յանցագործներից մէկի անունից: Միտումն առաւել քան ակնյայտ է:

 

- Տիկին Սահակեան, ի՞նչ տրամադրութիւններ են տիրում Թուրքիայի համշէնցիների շրջանում։ Ճնշումների, հալածանքների ալիք կարո՞ղ է բարձրանալ նրանց նկատմամբ։

- Նրանք ապրում են իրենց բնականոն կեանքով։ Այո, կան մարդիկ, որ անկեղծօրէն ցաւում են, մտահոգւած են այս իրողութեամբ, բայց ընդամենն այդքանը։ Այնտեղ դուք չէք տեսնի մէկին, ով բացայայտ կասի՝ ես հայ եմ կամ պաշտպանում եմ Հայաստանի շահը։ Բազմիցս նշել եմ, որ Թուրքիայի համշէնցիների ինքնութեան գիտակցումը դրսեւորւում է յիշողութեան արտայայտմամբ եւ մշակութային կապերով։ Այսօր համշէնցիները Թուրքիայի համար որեւէ վտանգ չեն ներկայացնում, եւ չեմ կարծում, թէ նրանք հալածանքների կենթարկւեն։ Այս առումով առաւել խոցելի է Ստամբուլի հայութիւնը։ Բայց դժւար թէ թուրքական իշխանութիւններն այս օրերին որեւէ լուրջ սպառնալիքների ենթարկեն նրանց՝ բացի վախի մթնոլորտ ստեղծելուց։ Միայն նրա համար թէկուզ, որ աշխարհին ցոյց տան, թէ ինչ «մարդասիրական արժէքներ» ունեն։ Մենք պէտք է ուշադրութեամբ հետեւենք եւ հասկանանք մի բան, որ Թուրքիան կանգ չի առնելու. թուրք քաղաքական յայտնի մեկնաբաններն իրենց յօդւածներում նշում են, որ այս պատերազմում ոչ Թուրքիան շահեց, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը, շահեց միայն Ռուսաստանը, եւ Թուրքիան շատ դժգոհ է, որ Արցախում հաստատւել են ռուս խաղաղապահ զօրքեր։ Նրանք ձգտում են սեպ խրել հայ-ռուսական յարաբերութիւններում։

Հարկ եմ համարում նշել, որ պատերազմի լուրն առնելուն պէս Աբխազիայի համշէնահայ մեր եղբայրների «Համշէն» ջոկատը եկաւ Արցախ եւ մինչեւ պատերազմի վերջին օրը չլքեց իր դիրքը։ Իսկ մոսկւայաբնակ իմ համշէնահայ ընկեր Հրանտ Բոլադեանը, որը ռուս յայտնի երկու թղթակիցների հետ պատերազմի օրերին եկել էր Շուշի, վիրաւորւեց Շուշիի վանքում աղօթելիս։

 

- Ի՞նչ քայլեր պէտք է անեն այսուհետ թուրքագէտները, առհասարակ, գիտական ոլորտի մարդիկ։

- Ես մի կարեւոր հանգամանք եմ ուզում շեշտադրել. այս պատերազմը ոչ միայն մեզնից խլեց մի ողջ սերունդ ու մեր հայրենիքի մի մասը, ոչ միայն չափազանց խոցելի դարձրեց մեր սահմանները, այլեւ այս դաւադիր պարտութեամբ մեծ վնաս հասցւեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման գործընթացին, Հայկական Հարցին, Հայ Դատին, հայագիտութեանը։ Իսկ տնտեսական հետեւանքների հետ դեռ նոր ենք առերեսւելու։ Մենք յայտնւել ենք նոր իրականութեան մէջ եւ շատ անելիքներ ունենք։ Այս մեծ հարւածից յետոյ ես հաւատում եմ, որ հայ ժողովուրդն իր մէջ ուժ կը գտնի եւ կը կերտի նոր յաղթանակներ։ Ես ապաւինում եմ մեր ժողովրդի անսասան կամքին եւ իմաստնութեանը:

 

Զրոյցը՝ Արմինէ Սարգսեանի

Յարակից լուրեր

  • Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան մի վկայարան
    Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան մի վկայարան

    Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում է պահւում իր ծաւալով ամենամեծ հաւաքածուն։ Այն ստեղծւել է 1919 թ. Կ. Պոլսում՝ Զաւէն արք. Եղիայեան պատրիարքի անմիջական ջանքերով եւ վերահսկողութեամբ։ 1938-ից ի վեր այդ բացառիկ արխիւը պահւում է Երուսաղէմի Հայոց պատրիարքարանում։ 2017-ից սկսած թուրքագէտ Լուսինէե Սահակեանը եւ օսմանագէտ Անի Սարգսեանը չորս այցելութիւն են կատարել Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւն, որի ընթացքում մաքրել եւ դասակարգել են 11 տուփ կազմող վաւերագրերը եւ լուսապատճէնել շուրջ 25 հազար էջ։

  • Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւը Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան մի վկայարան է
    Երուսաղէմի Հայոց Ցեղասպանութեան արխիւը Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան մի վկայարան է

    «Երուսաղէմի Հայոց պատրիարքութեան Հայոց Ցեղասպանութեան արխիւում պահւում է իր ծաւալով թերեւս ամենամեծ հաւաքածուն։ Շուրջ ութ տասնամեակ այս արխիւը փակ է եղել, եւ միայն սակաւաթիւ մասնագէտներ են կարողացել մասնակի ուսումնասիրութիւններ անել այնտեղ». արխիւում գիտահետազօտական աշխատանքներ իրականացրած, թուրքագէտ Լուսինէ Սահակեանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ասպարէզ»-ին տրուած հարցազրոյցում:

  • Երկու պարագայում էլ իշխանութիւնները պարտւելու են. Արթուր Վանեցեանի ներկայացուցիչ
    Երկու պարագայում էլ իշխանութիւնները պարտւելու են. Արթուր Վանեցեանի ներկայացուցիչ

    Armtimes.am կայքում հրապարակւած «Պատիւ ունե՞մ, թէ՞ պատիւ չունեմ...» վերտառութեամբ յօդւած նպատակ ունի ստայօդ լուրեր տարածելով՝ հասարակութեան մէջ ինչ-որ դաւադրութիւնների մասին տպաւորութիւն ստեղծել։ Այս մասին երէկ՝ յունւարի 24-ին, News.am-ի հետ զրոյցում ասաց ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի ներկայացուցիչ Լուսինէ Սահակեանը։

  • Գիւմրիում մեկնարկել է Աւետիսեանների սպանութեան գործով դատավարութիւնը
    Գիւմրիում մեկնարկել է Աւետիսեանների սպանութեան գործով դատավարութիւնը

    Դեկտեմբերի 18-ին Գիւմրիում տեղակայւած ռուսական ռազմաբազայի զօրամասի տարածքում գործող դատարանում մեկնարկեց Աւետիսեանների սպանութեան գործով առաջին դատական նիստը:
    Դատական նիստը, սակայն, յետաձգւեց մինչեւ 2016 թւականի յունւարի 16-ը:
    Յետաձգման պատճառն այն էր, որ փոխւել է նրա փաստաբանը, իսկ նոր փաստաբանը, ներկայացւած միջնորդութեամբ, ժամանակ խնդրեց գործի նիւթերին ծանօթանալու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։