Հա

Քաղաքական

29/11/2020 - 10:00

Սորոսականներն ակտիւանում են

Օրեր առաջ այսպէս կոչւած «Քաղհասարակութեան 10 կազմակերպութիւն» համատեղ յայտարարութիւն տարածեցին, որում մասնաւորապէս անդրադառնում էին Հայաստանում ստեղծւած վիճակին եւ հինգ կէտեր առաջարկում գործողութիւնների:

«alikonline.ir» - Օրեր առաջ այսպէս կոչւած «Քաղհասարակութեան 10 կազմակերպութիւն» համատեղ յայտարարութիւն տարածեցին, որում մասնաւորապէս անդրադառնում էին Հայաստանում ստեղծւած վիճակին եւ հինգ կէտեր առաջարկում գործողութիւնների: Գրում է Yerevan Today-ը։

Բերենք մի քանի մէջբերումներ այդ յայտարարութիւնից:

«1. Հրադադարը բացարձակ անհրաժեշտութիւն է, եւ մենք ողջունում ենք բոլոր այն երկրների եւ, մասնաւորապէս, Ռուսաստանի ջանքերը, որոնք ուղղւած էին հրադադարի հաստատմանը:

2. Հանրութեան շրջանում կառավարութեան ունեցած երբեմնի բարձր վստահութիւնը խստօրէն սասանւած է. դրա պատճառներից հիմնականն են արդիւնաւէտ կառավարման անկարողութիւնը, առաջնորդութեան, նախաձեռնողականութեան եւ պատասխանատւութեան ակնյայտ դեֆիցիտը եւ հաշւետու գործելակերպի բացակայութիւնը:

3. Գործող կառավարութեան ողջամիտ պարտաւորութիւնն է յայտարարել խորհրդարանական արտահերթ ընտրութիւններին հասնելու նախապատրաստման ծրագրի մասին:

4. Իշխանութիւնը պարտաւոր է ապահովել մասնագիտական լայն շրջանակների ներառականութիւնը եւ կարողութիւնների ներգրաւում»:

Մինչեւ այս կէտերին անդրադառնալը նշենք, որ յայտարարութիւնը տարածել են յայտնի սորոսական ՀԿ-երը՝ Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակը, Ժուռնալիստների «Ասպարէզ» ակումբը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծական կենտրոնը: Ի դէպ, այս ՀԿ-երի շարքում է նաեւ «Յանուն հաւասար իրաւունքների» ՀԿ-ն, որի ղեկավարը վերջերս մանդատը վայր դրած իմքայլական Գայանէ Աբրահամեանն է:

Պարադոքսը դուք էլ նկատեցիք, այնպէս չէ՞, Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղեանը, Ստեփան Գրիգորեանը, որոնք իրենց գործունէութեան ամբողջ ընթացքում աչքի են ընկել հակառուսական քարոզ անելով, հիմա շնորհակալութիւն են յայտնում Ռուսաստանին: Ի դէպ, սորոսամերձ գործիչներից Դաւիթ Սանասարեանը նախօրէին եւս ֆէյսբուքեան գրառում է արել, որտեղ պահանջում է հակառուսականութիւն չտարածել երկրում: Դէ իսկ, Դանիէլ Իոաննիսեանն էլ վերջերս նշել էր, որ ինքը երբեք հակառուս չի եղել:

Պարզւում է՝ այս շրջանակում, հակառուս լինելուց դէպի ռուսամետութիւն մէկ ներքին հրաման է: Անցենք առաջ: Սոյն ՀԿ-երը գտնում են, որ իշխանութիւնը պէտք է հեռանայ, քանի որ հանրային վստահութիւն չի վայելում, բայց որեւէ խօսք չկայ այն մասին, որ դրա պատճառը պարտութիւնն է, կամ կորսւած հայրենիքը, այլ արդիւնաւէտ կառավարման անկարողութիւնը:

Եկեք վերյիշենք իրաւապաշտպան Ժաննա Ալեքսանեանին, որին վերջերս անդրադարձել էինք, նա եւս գտնում էր, որ իշխանութիւնը մեղաւոր է, քանի որ անկազմակերպ է:

Մէկ այլ, սորոսական իրաւապաշտպան էլ, Նինա Կարապետեանցը գտնում է, որ այս իշխանութիւնը երկուսուկէս տարում չի կարողացել նախկին յանցաւոր ռեժիմի հարցերը լուծել, եւ հէնց դրա համար պէտք է հեռանայ, բայց նախկինին վերադարձ չի լինելու, այլ նրա խօսքով՝ իշխանութիւնը պէտք է փոխանցւի պրոֆեսիոնալների խմբին:

Նոյն միտքը կարմիր թելի պէս անցնում է նաեւ վերեւ նշւած յայտարարութեան մէջ, իշխանութիւնը պէտք է տեղը զիջի պրոֆեսիոնալների:

Այստեղ ակնյայտօրէն աչքի է զարնում այն ենթատեստը, որ այդ պրոֆեսիոնալներին պէտք չէ այլ տեղերում փնտրել, նրանք իրենց շարքերում են: Կրթութիւն, մշակոյթ, իրաւական ոլորտ, մարդու իրաւունքներ, սոցիալական հաւասարութիւն, գրեթէ բոլոր ոլորտներում սորոսականները ակտիւօրէն գործում են, չնայած որ նրանց պրոֆեսիոնալ անւանել դժւար կը լինի: Բայց ակնյայտօրէն նրանք ոչ թէ ոլորտային տեսլական ունեն, այլ կոնկրետ ծրագրեր, Սորոսի ծրագրերը, որոնք իրականացնում են: Տարիներ շարունակ այս կազմակերպութիւնները Ջորջ Սորոսից ֆինանսաւորւել են, Հայաստանում ազգային արժէքների դէմ արշաւ անելու, սեռական փոքրամասնութիւններին պրոպագանդելու, բանակաը վարկաբեկելու ու բարոյազրկելու, պատերազմի հերոսներին արժեզրկելու, Ռուսաստանի եւ մասնաւորապէս Վ․ Պուտինի կերպարի դէմ մարդկանց տրամադրելու համար, ինչը մեծ ջանասիրութեամբ անում էին նաեւ պատերազմի ողջ ընթացքում:

Հիմա հարց է առաջանում՝ թէ ի՞նչ փոխւեց, ի՞նչ նոր պլաններ ունեն սոյն սորոսական կազմակերպութիւնները, որ ակտիւացել են նորից, ի՞նչ նոր հրահանգ են ստացել եւ ի՞նչ են պատրաստւում էլ անել Հայաստանում։ Բայց ակնյայտ է, որ այս իշխանութեան հեռանալուց յետոյ սոյն գրասենեակը պէտք է արգելւի եւ դադարեցնի իր գործունէութիւնը Հայաստանում, առաջին հերթին հաշւի առնելով նաեւ նրա ղեկավարի՝ Ջորջ Սորոսի բարեկամական յարաբերութիւնները Թուրքիայի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։