Հա

Քաղաքական

30/11/2020 - 12:45

«Փաշինեանի իշխանութեան մնալու պարագայում պետութեան կործանումը ժամանակի հարց է, պետութիւնը պէտք է փրկել Փաշինեանից». Վահէ Յովհաննիսեանը գործողութիւնների ծրագիր է ներկայացրել

«Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Վահէ Յովհաննիսեանը յօդւած է գործողութիւնների ծրագիր է հրապարակել, որում ներկայացնում է քայլերը, որոնք անհրաժեշտ են Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու համար։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի վերլուծաբան Վահէ Յովհաննիսեանը յօդւած է գործողութիւնների ծրագիր է հրապարակել, որում ներկայացնում է քայլերը, որոնք անհրաժեշտ են Նիկոլ Փաշինեանին իշխանութիւնից հեռացնելու համար։

Յօդւածը կարող էք կարդալ ստորեւ․

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքւէ։ Սա մեր երկրորդ անկախութեան հանրաքւէն է։

Հանրաքւէի է դրւած հարցը՝ մենք պետութիւն ունենալո՞ւ ենք, թէ՞ ոչ։ Այս հանրաքւէն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չյայտարարւած հանրաքւէից յետոյ նրանք անելու են իրենց վերջնական հետեւութիւնը։

Ժամանակաւոր Կառավարութի՞ւն, թէ՞ ժամանակաւոր պետութիւն

Սա է այս պահի ընտրութիւնը։ Ն. Փաշինեանի իշխանութեան մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետութեան ժամանակաւորութիւնը։ Սա է չոր իրականութիւնը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապէս հասկանալու են։ Ն. Փաշինեանը դինամիկ աղէտ է։ Նա որեւէ յաջորդ օր իր՝ նախորդ օրւայ սխալը չի հասկանում։ Նա մինչեւ հիմա չի հասկացել, թէ ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհաւիրքը ոչ մի կէտում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանութիւն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եւ հետագայում նոյնպէս նոյն տրամաբանութիւնն է լինելու։ Փաշինեանի մնալու պարագայում՝ պետութեան չմնալը ժամանակի հարց է։

Նոր կառավարութիւնը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետութիւնը պահելու ենք։ Այս ուղերձից յետոյ սկսւում է աշխատանքը՝ դժւար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։

 

Ինչպէս հասնել յաջողութեան

Առաջարկում եմ որոշակիօրէն փոխել պայքարի մարտավարութիւնը։ Ակնյայտ է, որ ճնշումը պէտք է մեծացնել, բայց դա անել ոչ թէ քանակի, այլ՝ որակի հաշւին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականութեան լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգւածը։ Դա լուծում են կրթւած եւ պետական մտածողութեամբ վերնախաւերը։ Ըստ այդմ պէտք է.

Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցւածքային տեսք.

  1. Բուհերի գիտխորհուրդների յայտարարութիւններ, պետական եւ մասնաւոր (ԵՊՀ օրինակով),
  2. Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահութեան օրինակով),
  3. Հեղինակաւոր գիտնականներ,
  4. Մասնագիտական միութիւններ,
  5. Մշակութային հաստատութիւններ,
  6. Մշակութային գործիչներ,
  7. Լրատւամիջոցների ղեկավարներ,
  8. Մարզաշխարհի ներկայացուցիչներ,
  9. Խոշոր բիզնես ձեռնարկութիւններ,
  10. Նախկին զինւորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ,
  11. Հասարակական կազմակերպութիւններ,
  12. Սփիւռքի կառոյցներ,
  13. Սփիւռքից հեղինակաւոր անհատներ,
  14. այլ

Այս պրոցեսն ունի շատ կարեւոր միջանկեալ արդիւնք՝ ցոյց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարեւոր են նաեւ ցոյց տալու համար, որ քիչ յետոյ մեր մէջքն ուղղւելու է պետութեան մակարդակով։

 

Խօսել «Իմ քայլի» հետ

Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթւած համակարգերի եւ անհատների միասնական հրապարակւած դիրքորոշումները, պէտք է սկսել բաց եւ խաղաղ երկխօսութիւն՝ իշխող խմբակցութեան հետ։

ա/ Ն. Փաշինեանը, բանակցային գործընթացը յանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային եւ տարածաշրջանային յարաբերութիւններից ոչինչ, չլսելով ոչ մէկին, մեզ յանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացութեան։

բ/ Ն. Փաշինեանը պատերազմի ընթացքում ունեցել է աւելի վաղ այն դադարեցնելու հնարաւորութիւններ, ինչը կը փրկէր հազարաւոր կեանքեր եւ բնակավայրեր։ Բայց նա հրաժարւել է եւ դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացութեան։

գ/Հայաստանն այսօր կանգնած է լրջագոյն խնդիրների առաջ` անվտանգութիւն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցութիւններ, բանակի վերականգնում, տնտեսութեան կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անյայտ կորածներ, տասը հազարից աւելի վիրաւորների բուժում, վերականգնում, վերադարձ կեանք՝ սոցիալական ապահովութիւն եւ այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտւած ժողովրդի հոգեբանութեան յաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմաւորում եւ այլն։

Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամաւորների հետ այս երեք կէտերի մասին պէտք է խօսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ էք, որ Ն. Փաշինեանի կառավարութեամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից եւ ոչ մէկը։ Սա պետականութեան խնդիր է, ու Ձեզնից պահանջւում է մէկ բան՝ եւ որպէս պատգամաւոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։

Յատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պէտք է խօսեն կիրթ, գրագէտ մարդիկ՝ խաղաղ, յարգալից մթնոլորտում։

Կազմւում են մի քանի հոգանոց պատւիրակութիւններ, զանգում ենք պատգամաւորներին, խօսում, պայմանաւորւում հանդիպման մասին։

 

Խօսել ԱԱԾ-ի, ոստիկանութեան եւ բանակի հետ

Երբ ուժայինները կը տեսնեն, որ իրենց առջեւ ոչ թէ պետական հաստատութիւնների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախաւերը, ապա բացառւած է, որ երկխօսութիւն չկայանայ։ Բովանդակութիւնը նոյնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կէտերը։ Ուժայիններից պահանջւում է մէկ բան՝ մնալ օրինականութեան դաշտում, չկատարել անօրինական հրամաններ։ Ձեւաւորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մէկ նպատակ՝ կանգնեցնել պետականութեան փլուզումը եւ օր առաջ ունենալ արդիւնաւէտ աշխատող կառավարութիւն։

ԱԱԾ-ից մենք ունենք նաեւ մէկ այլ սպասելիք. ակնյայտօրէն ուղղորդւած տեղեկատւական դիւերսիա է կազմակերպւում հէնց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր եւ ձեր բաժանմամբ։ Հնարաւոր են նաեւ այլ վտանգաւոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետութեան յենասիւներից է, իսկ այս գաղափարները՝ պետութեան տակի ռումբը. բացայայտէ´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Յայտնի ՊՈԱԿ-ը կը լինի, մի քանի օլիգարխի ֆէյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացայայտէք, ցոյց տւէք հանրութեանը։ Սա շատ կարեւոր է։ Մենք պէտք է միասին բռնենք դրանց ձեռքը։

 

Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահաւաքներ, երթեր...

Քաղաքական խնդիրները լուծւում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժէք ճնշումների ձեւաւորման եւ տարբեր թեւերի հետ խաղաղ երկխօսութեան պայմաններում պէտք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտէզի մշակում եւ հրապարակայնացում։

Այն ենթադրելու է նոր կառավարութիւն, որն աւելի ճիշտ է կոչել անցումային, կառավարութեան կազմում պէտք է լինեն՝ բացառապէս ունակ, գործունեայ դէմքեր, այն կարող է ենթադրել նաեւ «Իմ քայլի» մասնակցութիւնը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխօսութեան ձեւաչափեր քաղաքական ուժերի եւ հանրութեան հետ, հրապարակային պարտաւորութիւն՝ նոր ընտրական օրէնսգրքի ընդունման, գուցէ՝ սահմանադրական փոփոխութիւնների մասին, եւ իհարկէ՝ պետութեան համար կարեւորագոյն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինեանին։

Սպասւող հանրահաւաքները պէտք է յաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգւած՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից եւ այլն։ Մեզ դա պէտք չէ։ Սա պետականութեան խնդիր է, եւ ոչ՝ իշխանութեան։ Հրապարակում պէտք է լինի երկրի սերուցքը, կրթւած շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

Սա պէտք է լինի կրթւած շերտի յեղափոխութիւն. «Նոր տարին՝ նոր կառավարութեամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնւելու, պարտութիւնը անցեալում թողնելու եւ ինտենսիւ աշխատելու բանաձեւը։

 

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։