Հա

Քաղաքական

01/12/2020 - 12:45

«Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն». Աղասի Ենոքեան

Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն, որը փակելու է ֆէյքաֆաբրիկաները, եւ յայտարարելու է, որ մենք պարտւել ենք պատերազմում, մենք հազարաւոր զոհեր ենք տւել, անվտանգութիւն ենք կորցրել։ Այս մասին, ադրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի գրառմանը, ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

«alikonline.ir» - Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն, որը փակելու է ֆէյքաֆաբրիկաները, եւ յայտարարելու է, որ մենք պարտւել ենք պատերազմում, մենք հազարաւոր զոհեր ենք տւել, անվտանգութիւն ենք կորցրել։ Այս մասին, ադրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի գրառմանը, ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանը:

Գրառումը՝ ստորեւ.

«Միքայէլ Մինասեանն այսօր վերլուծութիւն էր ներկայացրել Հայաստանի քաղաքական, բայց աւելի շատ հոգեբանական վիճակի մասին, որտեղ նշել էր. «Փախչում ենք իրականութիւնից։ Մինչդեռ սուգը իրականութեան հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։

Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարւեց, ապրել նոյն իներցիայով, ընկնել նոյն թակարդը»:

Սա երեւի մեծագոյն խնդիրն է, որի մէջ այսօր ընկղմւած է Հայաստանը, երեւի սա է նիկոլիզմի հիմքը։ Մենք աշխատում ենք չառերեսւել իրականութեան հետ, եթէ այնտեղ մեզ յարմարաւէտ չենք զգում, մենք փնտրում ենք յարմար միջավայրեր, գեղեցիկ խօսքեր, գովասանքներ ու ստեր։

«Ֆէյսբուք» սոցիալական ցանցի կոմերցիոն յաջողութիւնը հիմնւած է հէնց նման մի ալգորիթմի վրայ, երբ ձեր լրահոսում յայտնւում են այն լուրերը, որոնք ձեր դուրը գալիս են, որոնց դուք կը սրտիկէք, «like» կը դնէք, այդ դէպքում դուք աւելի շատ ժամանակ կանցնացնէք ֆէյսբուքում, աւելի շատ գովազդ կը նայէք, իսկ ֆէյսբուքն էլ աւելի շատ փող կաշխատի։

Մեզ հրամցնում են հաճելի նորութիւններ, մենք սովորում ենք դրանց եւ ընդարմանում դրանց մէջ, իսկ երբ պարզւում է, որ Արծրունը ստում էր, եւ պատերազմը վաղուց պարտւել ենք, պարզապէս կաթւածահար ենք լինում, ու էլի չենք կարողանում դուրս գալ մեր «Ֆէյսբուք-Հայաստանից»։

Երբ Նիկոլն անընդհատ ստում է, մենք չենք պահանջում ճշմարտութիւնը, որովհետեւ մեզ յարմար է այդ ստերի ստեղծած վիրտուալութիւնը, որտեղ մենք ճիշտ ենք ու հզօր։ Իսկ որ աղքատ ենք ու պարտւած, դա մեր հետ կապ չունի, դա մեզնից դուրս գտնւող ինչ-որ չար ուժեր են, ինչ-որ «սեւեր», ինչ-որ «նախկիններ»։ Իսկ իրավիճակից դուրս գալու համար դարձեալ մեր դերը չենք տեսնում, մենք արդէն մեզանից հասնող «դըմփ-դըմփ հու»-ն արել ենք ու մեր գործը աւարտել, մենք կը շարունակենք մեր համար կոմֆորտ տաքսին քշել, մեր կոմֆորտ օրական 3 հազար դրամն առնել, մինչեւ Նիկոլը նախկիններից սաղ փողերը կը խլի ու մեզ կբաժանի, մինչեւ նրանց դղեակները կը վերցնի ու մեր բանակը կը դարձնի անպարտելի։ Ու դրա համար էլ մեզ հաճելի են ֆէյքային հայհոյանքները եւ զոմբիների անէծքները, քանի որ ամրապնդում է մեր հաւատը, թէ մենք կապ չունենք այս ամենի հետ, կայ փրկիչ Նիկոլ, որը պայքարում է չար ուժերի ու նախկինների դէմ։

Չգիտեմ, թէ որն է սրա պատճառը․ միգուցէ սովետական անցեալը, որը պնդում էր, որ մի օր վրայ է հասնելու մեզնից դուրս գտնւող կոմունիզմը, ու բոլորս դառնալու ենք հարուստ ու երջանիկ, միգուցէ մեր պատմութիւնը, որտեղ մեր ամենասիրելի թագաւորը մնում է Քաջ Նազարը։ Լինելով առաջինը քրիստոնէութիւն ընդունած երկիր, մենք հաւատում ենք արտաքրիստոնէական, կոնտեքստից դուրս Հրաշագործ աստծուն, ոտնահարելով Աստծուց վախենալու հինկտակարանային պահանջը եւ մերժելով Աստծուն սիրելու նորկտակարանային ընտրութիւնը։

Իրականութիւնը դաժան է՝ պարտութիւն եւ աղքատութիւն, համատարած սուգ։ Այս իրականութիւնից դուրս գալը եւ նորը կերտելու համար պէտք է պայքարել, պէտք է մաքառել, բայց մենք գերադասում ենք մնալ մեր հաշիշային ֆէյսբուքում ու կողքից նայել այդ իրականութեանը։

Կայ վատ լուր․ Հայաստանի նոր ղեկավարը փրկիչ չի լինելու, լինելու է քաղաքական գործիչ ու կառավարիչ, որը ստիպելու է դուրս գալ դէպի իրականութիւն, որը փակելու է ֆէյքաֆաբրիկաները, եւ յայտարարելու է, որ մենք պարտւել ենք պատերազմում, մենք հազարաւոր զոհեր ենք տւել, անվտանգութիւն ենք կորցրել։

Այս լուրին է, որ չենք ուզում վարժւել։ Համաձայն էք, այո Նիկոլը պէտք է գնայ, բայց հարցնում ենք՝ իսկ ո՞վ է լինելու նրա փոխարէն։ Տալիս են մի 6-7 անուն։ Ոչ մէկին էլ համաձայն չէք՝ մէկը նախկին է, միւսի սանրւածքը լաւը չի, երրորդի ակնոցն է հնաոճ, դրանցից ոչ ոք փրկչի նման չի։

Եւ այս ամենի մէջ մի մեծ հարց, որի պատասխանի վրայ գլուխ են ջարդում քաղաքական գործիչները․ էլ ի՞նչ պէտք է լինի մեզ հետ, որ դուրս գանք դէպի իրականութիւն, եւ որի պատասխանը գիտի միայն Նիկոլը․ «Ձեզ պէտք չի դուրս գալ «Ֆէյսբուք-Հայաստանից», ես կը շարունակեմ ստեր ասել, դուք մնացէք հպարտ, ու իմացէք, որ միւսներն են մեղաւոր»։

Տաղանդաւոր քաղաքագէտ եւ հրապարակախօս վաղամեռիկ Տիգրան Հայրապետեանը տասնամեակներ առաջ հարց էր բարձրացրել, որին մինչեւ այսօր պատասխան չկայ․ «Ինչո՞ւ Հայաստանը չի աղօթում»»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։