Հա

Քաղաքական

01/12/2020 - 12:55

ԵՊԲՀ ռեկտորը եւ Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթութեան ոլորտում համագործակցութեան հեռանկարները

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարան եւ հանդիպել ԵՊԲՀ ռեկտոր Արմէն Մուրադեանի հետ: 

«alikonline.ir» - Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անւան պետական բժշկական համալսարան եւ հանդիպել ԵՊԲՀ ռեկտոր Արմէն Մուրադեանի հետ: «Արմէնպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնութեան հետ կապերի բաժնից։

«Արմէն Մուրադեանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն մշտապէս սերտ յարաբերութիւններ է ունեցել Իրանի հետ՝ յոյս յայտնելով, որ նոր դեսպանի հետ եւս յարաբերութիւնները կը լինեն փոխշահաւէտ: Բուհի ղեկավարը կարեւորեց հարեւան երկրի հետ աշխատանքում կուտակւած մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպաւորւած է Իրանի առողջապահութեան ոլորտով, դեղերի արտադրութեամբ: «Մենք պայմանաւորւել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպէս նաեւ համաձայնութեան ենք եկել իրանցի եւ հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման եւ փորձի փոխանակման ուղղութեամբ»,- նշեց Արմէն Մուրադեանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցութեան հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի աւելացող ուսանողների թիւը վկայում է իրականացւող հսկայածաւալ աշխատանքների մասին»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Արմէն Մուրադեանը դեսպանին տեղեկացրեց նաեւ ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եւրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ յաւելելով, որ եւրոպական մօտ 500 համալսարաններից ընտրւել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդիւնքում Հայաստանում այս տարի կը կառուցւի Ուղեղի հետազօտութեան գերազանցութեան կենտրոն:

Անդրադառնալով համալսարանական երեք հիւանդանոցներին եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրաւիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանօթանալու հնարաւորութիւններին, որոնք ընձեռւում են վիրաւոր զինւորներին՝ վերականգնւելու համար:

Դեսպան Զոհուրին շնորհակալութիւն յայտնեց ընդունելութեան համար՝ աւելացնելով, որ ծանօթ է կատարւած բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնւած համագործակցութիւն ծաւալել ոչ միայն միջբուհական, այլեւ բժշկութեան ոլորտում: Յուսով ենք, որ կորոնավիրուսը հնարաւորինս շուտ կը նահանջի»,- ասաց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պէտք է օգտագործել դեռ վաղ անցեալից հաստատւած հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական եւ միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցութիւնը զարգացնելու համար:

Իրանցի դիւանագէտն անդրադարձաւ նաեւ տնտեսական ոլորտում նախանշւած բազմաթիւ ծրագրերին, որոնք կեանքի կը կոչւեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պէս: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում եւս առկայ է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել եւ փոխայցերի հետ կապւած ժամանակացոյց կազմել»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։