Հա

Քաղաքական

01/12/2020 - 15:00

«Սա է ամբողջ ճշմարտութիւնը»․ Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի արձագանքը Նիկոլ Փաշինեանի գրառմանը

Թանկագին հայրենակիցներ, սոյն թւականի նոյեմբերի 29-ին եւ 30-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը եւ ասել, որ պէտք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաեւ, որ այս տեսակէտը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտօնաթող նախագահներ Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի անունից:

Թանկագին հայրենակիցներ, սոյն թւականի նոյեմբերի 29-ին եւ 30-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր ֆէյսբուքեան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը եւ ասել, որ պէտք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաեւ, որ այս տեսակէտը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտօնաթող նախագահներ Արկադի Ղուկասեանի, Բակօ Սահակեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Լեւոն Տէր-Պետրոսեանի անունից:

Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մէջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարաւորութիւնները եւ այլ հարցեր:

Հետեւելով ռազմական գործողութիւնների ընթացքին, ունենալով բազմաթիւ հանդիպումներ եւ խորհրդակցութիւններ պատերազմին մասնակցող ռազմական գործիչների, հրամանատարների եւ մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացութեան, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անյապաղ կանգնեցնելու ուղղութեամբ, ինչի մասին բազմիցս յայտնել ենք Արցախի Հանրապետութեան գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանին՝ յորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեանը:

Հոկտեմբերի 18-ին Արայիկ Յարութիւնեանը նոյնպէս եկաւ այս եզրայանգմանը եւ դիմեց մեր աջակցութեանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնութիւնը: Պատերազմական գործողութիւնների դադարեցումը կարեւորել են նաեւ Հայաստանի Հանրապետութեան պաշտօնաթող նախագահներ Լեւոն Տէր-Պետրոսեանը, Ռոբերտ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը:

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը պատերազմի դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերեալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին եւ ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինեանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականութեան հետեւանքով ստեղծւած իրավիճակի պայմաններում սոյն նամակների յղումը կորցրել է իր նպատակայարմարութիւնը: Սա է ամբողջ ճշմարտութիւնը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականութեանը, ապա աւելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրութեամբ նպատակայարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ:

Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը:

 

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանին

Մեծարգոյ Նիկոլ Վովայի,

Խորհրդակցելով Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի բոլոր խմբակցութիւնների հետ եւ ստանալով նրանց միաձայն համաձայնութիւնը ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածաւալ ռազմական գործողութիւնների հետեւանքով ստեղծւած մարդասիրական աղէտի պայմաններում պատերազմն անյապաղ դադարեցնելու առաջարկով:

Վերահաստատել եմ պաշտօնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից նախկինում առաջարկւած եւ քննարկւած փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնն Արցախի Հանրապետութեան անվտանգութեան հիմնական երաշխավորն է եւ հաշւի առնելով, որ Արցախի Հանրապետութիւնը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցութիւնների համաձայնութիւնը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարաւոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի համանախագահութեան կողմից նախկինում առաջարկւած եւ քննարկւած փաստաթղթերի հիման վրայ պատերազմական գործողութիւններն անյապաղ կասեցնելու եւ բանակցային գործընթաց վերսկսելու ուղղութեամբ։

Խորին յարգանքով՝ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին Ռուսաստանի Դաշնութեան մեծարգոյ նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացեալ Նահանգների մեծարգոյ նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետութեան մեծարգոյ նախագահ պարոն Էմանուէլ Մակրոն

Հաշւի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածաւալ պատերազմական գործողութիւնները, երկու կողմերից հազարաւոր զոհերի եւ վիրաւորների առկայութիւնը, որն արդէն իսկ յանգեցրել է մարդասիրական աղէտի՝ դիմում եմ Ձեզ եւ որպէս Արցախի Հանրապետութեան ընտրւած նախագահ կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողութիւններն անյապաղ կասեցնելու եւ բանակցային գործընթացը վերսկսելու ուղղութեամբ:

Պաշտօնական Ստեփանակերտը մշտապէս կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից նախկինում առաջարկւած եւ քննարկւած փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անյապաղ վերսկսելու մեր պատրաստակամութիւնը:

Խորին յարգանքով՝ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան

 

Արցախի Հանրապետութեան գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանին

Մեծարգոյ Արայիկ Վլադիմիրի,

Հաշւի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածաւալ պատերազմական գործողութիւնները, երկու կողմերից հազարաւոր զոհերի եւ վիրաւորների առկայութիւնը, որն արդէն իսկ յանգեցրել է մարդասիրական աղէտի, սոյնով աջակցութիւն ենք յայտնում Ձեր որպէս Արցախի Հանրապետութեան գործող նախագահի կողմից իրականացւող ջանքերին՝ ուղղւած պատերազմը դադարեցնելուն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն:

Արցախի Հանրապետութեան երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեան

Արցախի Հանրապետութեան երրորդ նախագահ Բակօ Սահակեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։