Print this page
02/12/2020 - 09:40

Մասնագէտները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից

Արցախեան պատերազմի աւարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի բնակչութեանը մտահոգող միւս հարցը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանագիծն է: Պատերազմում պարտւած Հայաստանը մեծ թւով տարածքներ է զիջելու Ադրբեջանին: Պաշտօնական մարմինները չեն արձագանքում հանրութեան մտահոգութիւններին՝ մինչեւ վերջին պահը անորոշութեան մէջ թողնելով Արցախի Հանրապետութիւնից տարհանւող բնակչութեանը:

«alikonline.ir» - Արցախեան պատերազմի աւարտն ազդարարող նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Հայաստանի բնակչութեանը մտահոգող միւս հարցը Հայաստան-Ադրբեջան նոր սահմանագիծն է: Պատերազմում պարտւած Հայաստանը մեծ թւով տարածքներ է զիջելու Ադրբեջանին: Պաշտօնական մարմինները չեն արձագանքում հանրութեան մտահոգութիւններին՝ մինչեւ վերջին պահը անորոշութեան մէջ թողնելով Արցախի Հանրապետութիւնից տարհանւող բնակչութեանը: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Բնակավայրերն ազատելու մասին բնակիչները յաճախ տեղեկանում են յայտարարւած վեջնաժամկէտից մի քանի ժամ առաջ: Հետպատերազմյան երկու շաբաթների ընթացքում նրանք ամէն օր անակնկալի են գալիս նոր տարածքներ յանձնելու մասին հանպատրաստից արւող յայտարարութիւններից:

Բոլորին յուզող հարցերից մէկն այսօր հետեւեալն է՝ որտե՞ղ են գծւում երկրի նոր սահմանները եւ ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետութիւն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:

Նախկինում երկրի սահմանները ճշտելու աշխատանքներն իրականացրել է «Գեոդեզիա եւ քարտէզագրութիւն» ՊՈԱԿ-ը, որն այս տարւայ յունիսի 10-ից լուծարւած է: Կադաստրի կոմիտէի ենթակայութեան «Գեոդեզիա եւ քարտեզագրութիւն» ՊՈԱԿ-ը լուծարւեց Կառավարութեան 2020 թ.-ի ապրիլի 9-ի 530-Ն որոշումով: Աւելի քան 50 տարի գործող կազմակերպութիւնը լուծարելու անհրաժեշտութիւնն այդպէս էլ անհասկանալի մնաց: ՊՈԱԿ-ի մասնագէտների մի մասն աշխատանքի անցաւ Անշարժ գոյքի կադաստրի կոմիտէում, որտեղ նոր ստորաբաժանում ստեղծւեց՝ Գեոմատիկայի կենտրոնը:

Հանրապետութեան պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների իրականացման գործառոյթներն այս կենտրոնին են վերապահւած:

Կենտրոնի պետ Վահագն Մուրադեանը «Հետք»-ին յայտնել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներն իրականացնում են կենտրոնի մասնագէտները, որոնց մի մասը «Գեոդեզիա եւ քարտեզագրութիւն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցներն են: Նրա ասելով՝ սահմանազատման աշխատանքներն իրականացւում են ժամանակակից տեխնոլոգիաներով, կամերալ (գրասենեակային) ուսումնասիրութիւններով, քարտէզային եւ դաշտային աշխատանքներ իրականացնելով: Վստահեցրեց, որ աշխատանքներն իրականացւում են միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Ուսումնասիրւում են մեր տրամադրութեան տակ եղած իրաւական բոլոր նիւթերն ու քարտէզները: Կարծում եմ, մինչեւ աշխատանքների աւարտը վաղ է եզրակացութիւններ անել, թէ որ հատւածն ում է անցնելու: Մեր մասնագէտները սահմանագիծը յստակեցնում են՝ հաշւի առնելով մի շարք քարտէզագրական նիւթեր եւ իրաւական փաստաթղթեր»,- յայտնեց Գեոմատիկայի կենտրոնի պետը:

Վահագն Մուրադեանի ասելով՝ սահմանագծման աշխատանքները միաժամանակ կատարւում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեան բոլոր ուղղութիւններում, բայց աւելի մեծ ուշադրութիւն է դարձւում Արցախի Հանրապետութեան այն տարածքներին, որոնք յանձնւել են Ադրբեջանին: Սահմանազատման աշխատանքներն աւարտելուց յետոյ դրանք կը տրամադրւեն միւս գերատեսչութիւններին, որի հիման վրայ նրանք սահմանագծման աշխատանքները կը շարունակեն միջպետական կառոյցների հետ:

Նախկին «Գէոդեզիա եւ քարտէզագրութիւն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, տնտեսական գիտութիւնների թեկնածու Շահէն Շահինեանի համոզմամբ, այս պահին Կադաստրի կոմիտէն ունակ չէ գնահատելու հարցի լրջութիւնը։ Նման կարծիք ձեւաւորելու համար հիմք է հանդիսացել վերջին մէկ տարւայ ընթացքում Կադաստրի կոմիտէում ոլորտային լուրջ քայլերի իրականացման բացակայութիւնը, ինչպէս նաեւ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ Կադաստրի դրսեւորած բացարձակ անգործութիւնը։

«Փոխանակ Կադաստրի կոմիտէն հէնց նոյեմբերի 10-ին՝ ժամը 00-ից սկսէր աշխատել իր պատասխանատւութեան ուղղութիւններով, առնւազն մինչեւ վերջին օրերը ոչ մի տեղեկատւութիւն չենք ունեցել, թէ ինչով են զբաղւում»,- յայտնեց պրն Շահինեանը։

Վերջինս նշեց, որ իր համար, որպէս մասնագէտի, չափազանց ցաւոտ է լսել Արցախի, ապա նաեւ Սոթքի բնակիչների այն խօսքերը, որ հակառակորդը GPS սարքերով սահման է դնում, իսկ մեր կողմից կամ մարդ չկայ կամ կայ, բայց մասնագէտ չէ։ Շ. Շահինեանը կարծում է, որ Կադաստրի կոմիտէն առաջինը պէտք է առաջարկութիւն ներկայացնէր վարչապետին, թէ ինչպէս պէտք է կազմակերպւի տարածքների յանձնումը թշնամուն, եւ երկրորդը՝ մասնագէտների լայն շրջանակի հետ հանդիպում պէտք է կազմակերպէին եւ այդ պրոցեսի մասին կարծիքներ լսէին։

Յարակից լուրեր