Հա

Քաղաքական

03/12/2020 - 10:20

«Փաստ»․ «Պարտութեան ու կապիտուլեացիայի պարագայում ինչի՞ շուրջ պէտք է կառուցւի մեր ապագայի տեսլականը»

«Պատերազմում կրած պարտութիւնից ու փաշինեանական կապիտուլեացիայից յետոյ հասարակութեան մէջ այս օրերին իշխում են մի կողմից զայրոյթը, իսկ միւս կողմից էլ հիասթափութիւնը։ Ճիշտ է՝ տեղի ունեցածի շուրջ բազմաթիւ վերլուծութիւններ անելու եւ դասեր քաղելու անհրաժեշտութիւն կայ, սակայն առաւել քան կարեւոր է այս շրջանակում ուրւագծել, թէ որն է լինելու մեր ապագայի տեսլականը։

«alikonline.ir» - «Պատերազմում կրած պարտութիւնից ու փաշինեանական կապիտուլեացիայից յետոյ հասարակութեան մէջ այս օրերին իշխում են մի կողմից զայրոյթը, իսկ միւս կողմից էլ հիասթափութիւնը։ Ճիշտ է՝ տեղի ունեցածի շուրջ բազմաթիւ վերլուծութիւններ անելու եւ դասեր քաղելու անհրաժեշտութիւն կայ, սակայն առաւել քան կարեւոր է այս շրջանակում ուրւագծել, թէ որն է լինելու մեր ապագայի տեսլականը։ Երկրորդ կարծիք չկայ այն հարցում, որ այսպիսի ծանր իրավիճակից արագ դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ հզօր հայրենիք, սակայն հարց է, թէ ինչ քայլերի յաջորդականութեան միջոցով կարելի է հասնել պետութեան հզօրացմանը, երբ այդ նպատակին հասնելու ճանապարհին երկրի առաջ բացւում են նոր խնդիրներ եւ մարտահրաւէրներ։

Յատկապէս առանձնայատուկ նշանակութիւն ունի հասարակութեան բարոյահոգեբանական վիճակը, որը բարելաւելու համար նախ հանրութիւնը պէտք է արագ դուրս գայ ստրեսային եւ էմոցիոնալ վիճակից։ Իսկ դրան կարող են նպաստել երկրի կառավարման համակարգում եւ պետութեան կողմից տարւող քաղաքական ուղեգծում էական փոփոխութիւնները։ Պարզ է, որ իրենց փառամոլութեան, մակերեսայնութեան եւ դիլետանտիզմի (սրանք՝ մեղմ ասած) պատճառով երկիրը պարտութեան ու կապիտուլեացիայի հասցրած իշխանութիւնները չեն կարող այդ առաքելութիւնը վերցնել իրենց ուսերին։ Եւ նրանց նկատմամբ հանրային վստահութեան կտրուկ անկումը իշխանափոխութիւնը դարձնում է ընդամենը ժամանակի խնդիր։

Ուստի նոր եւ կոմպետենտ իշխանութիւն ձեւաւորելու խնդիրն աւելի հրատապ է դառնում, որը պէտք է կարողանայ մէկ յարկի տակ հաւաքել պրոֆեսիոնալների եւ ընդունակ գործիչների։ Նոր իշխանութեան առաջին քայլը պէտք է լինի հանրութեանը կոնսոլիդացնելը եւ համախմբելը։ Իսկ դա ենթադրում է, որ պէտք է վերջ դրւի ներքին ատելութեան եւ թշնամանքի գեներացմանը եւ հասարակութեանը սպիտակների ու սեւերի բաժանելու քաղաքականութիւնը, որը Փաշինեանի քաղաքական անբովանդակ ուղեգծի անբաժանելի մասն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ առաջին պլանում դրւի համազգային օրակարգի հարցերի իրականացումը։ Հանրային-քաղաքական մթնոլորտում ներդաշնակութեան հաստատմանը զուգահեռ շատ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ երկրի տնտեսութեան զարգացումը։

Հաշւի առնենք, որ տեւական ռազմական գործողութիւնները եւ համավարակի առաջացրած ճնշումը շատ ծանր իրավիճակ են ստեղծել տնտեսութեան մէջ, եւ, ըստ տարբեր գնահատականների, այս տարի 7-12 տոկոս տնտեսական անկում է սպասւում։ Բնակչութեան սոցիալական դրութեան վատթարացումը կանխելու եւ տնտեսութիւնը ոտքի կանգնեցնելու համար ոլորտի պատասխանատուների հիմնական քայլերը պէտք է ուղղւած լինեն տնտեսվարողների շահերի պաշտպանութեանը, տեղական արտադրութեան եւ արտահանման խրախուսմանը։ Միւս կարեւոր խնդիրը պէտք է լինի Հայաստանում գիտութեան, տեխնոլոգիաների եւ յատկապէս ռազմարդիւնաբերութեան զարգացումը։ Հայաստանը այլ ելք չունի, քան կտրուկ տեմպերով մեծացնել իր ռազմական ներուժը, որպէսզի կարողանայ դիմագրաւել հետագայ անվտանգային մարտահրաւէրներին։

Ժամանակակից իրողութիւնների պարագայում ուղղակի անհրաժեշտութիւն է նորագոյն սպառազինութիւնների տիրապետելը։ Անելիքները շատ են նաեւ արտաքին քաղաքականութեան ոլորտում։ Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի խարխլւած միջազգային հեղինակութիւնը։ Իսկ սա ենթադրում է Հայաստանը նախաձեռնողականութիւն պէտք է դրսեւորի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւնները նորոգելու ուղղութեամբ։ Պէտք է աշխատել նաեւ հարեւան Իրանի, եւրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ համագործակցութիւնը խորացնելու ուղղութեամբ։ Իսկ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում Արցախեան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկի պայմաններում հայկական կողմի կարեւոր քայլերից պէտք է լինի դիւանագիտական ճանապարհով քայլ առ քայլ յաջողութիւնների հասնելը»,- գրում է թերթը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։