Հա

Քաղաքական

03/12/2020 - 11:50

Գիտեմ գեներալների, որոնք րոպէ առաջ ուզում էին մասնակից դառնալ պաշտպանութեանը, Նիկոլը թոյլ չէր տալիս

Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկեանը, որը պատերազմի առաջին իսկ օրւանից որպէս կամաւորական իր կուսակից ընկերների, որդու, եղբօր, եղբօրորդու հետ մեկնել էր ռազմաճակատ, Aravot.am-ի հետ զրոյցում ասաց՝ երբեք չէր մտածում, որ գործող իշխանութիւնների թեթեւ ձեռքով պառակտումներ պէտք է լինէին նաեւ մարտադաշտում։

«alikonline.ir» - Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկեանը, որը պատերազմի առաջին իսկ օրւանից որպէս կամաւորական իր կուսակից ընկերների, որդու, եղբօր, եղբօրորդու հետ մեկնել էր ռազմաճակատ, Aravot.am-ի հետ զրոյցում ասաց՝ երբեք չէր մտածում, որ գործող իշխանութիւնների թեթեւ ձեռքով պառակտումներ պէտք է լինէին նաեւ մարտադաշտում։ «Ես սպասում էի, որ այս դժւարին օրերին ազգը պիտի միաւորւէր, միասնական բռունցք դառնար: Յիշում էք իմ կոչը պատերազմ գնալուց առաջ՝ մէկ բռունցք պիտի դառնանք ու պայքարենք։ Գիտակցում էի, որ պատերազմը լինելու է ծանր, թէժ: Ադրբեջանը պատրաստւել էր երկար տարիներ եւ մեր միակ խնդիրը միասնութիւնն էր, բռունցք դառնալն էր, որը ձախողւեց գործող իշխանութիւնների կողմից։ Այդ օրերին հնչեցին ոչ թէ միասնութեան, այլ պառակտման կոչեր, եւ արդիւնքում պառակտումը զգացինք նաեւ այնտեղ։

Ես այնտեղ եղել եմ մինչեւ ամսի 11-ը, գիտեմ բոլոր դժւարութիւնները, իմ տղան է եղել, եղբայրս, եղբօր տղան, մեր դաշնակցական ջոկատները: Առաջին օրւանից ունեցել ենք ե՛ւ կորուստներ, ե՛ւ վիրաւորներ, սա մեծ ցաւ է մեր ազգի համար, մեծ ողբերգութիւն։ Մենք կորցրեցինք Արցախի 80 տոկոսը, մենք այսօր ամէն օր կորցնում ենք Հայաստանի Հանրապետութեան տարածքից կտորներ, մենք կորցնում ենք մեր վաղւայ օրւայ վստահութիւնը եւ ինչքան շուտ դաւաճան Նիկոլը գնայ, կը լինի մեր փրկութիւնը»։

Ըստ մեր զրուցակցի, երկրում անորոշութիւն է տիրում, գիւղերը դատարկւել են, ձմռան նախաշեմին մեծ խնդիրներ կան, սակայն, ցաւալիօրէն, մեր հայրենակիցներից շատերն անտարբեր են։

«Ամենամեծ ցաւը ես ապրեցի, երբ եկայ այստեղ, այնտեղ ես ապրում էի այնտեղի ցաւով ու դժւարութիւններով, եկայ ու տեսայ այստեղի անտարբերութիւնը, հիպնոսացած վիճակը, չգիտեմ ինչ վիճակ է։ Հային ոչ վայել անտարբերութիւն է տիրում, միգուցէ այն վախն է, որ մշտական ունեցել է ժողովրդի 50-60-70 տոկոսը։ Երեւի քաղաքականութիւն էր, բոլորին ծանուցագրեր էին տւել, չկանչեցին: Հիմա էլ ասում են, փրկեց մեզ՝ 25 հազարի, ո՞ր 25 հազարին: Նիկոլը հազարաւոր զոհեր թողեց, այդ բոլորի արիւնն իր վզին է։ Ինչո՞ւ համալրում չեղաւ ամսի 3-ից յետոյ, զօրքն առաջնագծում մնաց կամաւորների եւ տեղի բնակչութեան համալրումով, ո՞րն էր խնդիրը, ծրագրւա՞ծ էր։ Թող առաջին օրն անկեղծ լինէր, գար, ասէր՝ սիրելի ժողովուրդ, ինքն էր խոստացել թաւշեայ յեղափոխութեան ժամանակ, կը գամ, ձեզ կասեմ Արցախի հարցում ինչ եմ անելու։ Բա ինչի՞ չեկար, գաղտնի մի գիշերւայ մէջ ստորագրեցիր ու հողին յանձնեցիր հազարաւոր մեր անմեղ նահատակների արեամբ պահւածը»,- ցաւով նշում է Ռոմիկ Մանուկեանը։

Նա ժողովրդին կոչ է անում սթափւել, քանի որ թշնամին շրջապատել է մեր երկիրը։ «Երեւի մեր մօտ այն տպաւորութիւնն է, թէ քանի իմ տունը չեն վառել, ես հանգիստ քնեմ, էդպէս չէ, հասել են Վարդենիս, Մեղրի, Գորիս, Բերձորը տւեց: Արցախի մասին չեմ խօսում, որ ամբողջապէս շրջափակման մէջ է, չունի անվտանգութեան երաշխիք այլեւս: Ռուս խաղաղապահները կիլոմետրերի վրայ կանգնած են, դա բաւարար չէ, որովհետեւ դիմացը մենք ունենք արիւնարբու թուրք, որն ընդունակ է երեխայի մորթել, հայ կնոջ բռնաբարել։ Մենք իրաւունք չունենք հանգիստ նստել տներս եւ ասել՝ գիտես իմ տանը չեն հասել, իմ երեխան չի գնացել Արցախ, չի զոհւել, ես հանգիստ նստեմ։ Այս վեց հազարից աւելի վիրաւորները, զոհւածները մեր բոլորիս երեխաներն են, մենք իրաւունք չունենք լուռ նստելու»,- ասաց Շիրակի նախկին մարզպետը։ Նա նաեւ շեշտեց, որ սա աթոռակռիւ չէ, այլ փրկութեան կռիւ է, հայ ազգի փրկութեան կռիւը։

Նա նաեւ նշում է՝ Նիկոլ Փաշինեանն ունէր հնարաւորութիւն այս պատերազմում բոլորին միաւորելու, բոլոր նախագահներին, գեներալներին համախմբելու, նրանց ուժերն օգտագործելու ու փրկելու թէ՛ Արցախը, եւ թէ՛ նման քանակի զոհեր չունենալու։ Մինչդեռ, Փաշինեանը, ըստ նրա, զբաղւած էր, Քոչարեաններին, Ծառուկեաններին բերդերում պահելով։ «Մեր սերնդի համար կրկնակի ցաւ է, իմ սերունդը կորցրեց իր պատմութիւնը, երեսուն տարին դարձաւ զրօ։ Կնոջն ասածն էր երեւի, ասում էր՝ յանուն ոչնչի զոհւեցին, բերեց, փաստեց, յանուն ոչինչի մենք ապրեցինք այս երեսուն տարին։ Օր առաջ պիտի հեռանայ, իրաւունք չունի մնալու, արագ պիտի գնայ՝ խնդրելով, որովհետեւ մենք անելիք ունենք։ Չգիտեմ ով կը գայ, բայց ով էլ գայ, պէտք է մի բան անի՝ միաբանի, համախմբի մեր ազգը, մենք ունենք այդ հնարաւորութիւնը, միաւորւել է պէտք, իսկ միաւորւել Նիկոլով... Թուրքի առջեւ կռացած ղեկավար մեզ պէտք չէ։ Այսօր սահմանները ճշգրտւում են ռուսի եւ ադրբեջանցու օգնութեամբ, չկայ Հայաստանի իշխանութիւն, անիշխանութիւն է, իրենք են որոշողը սահմանագիծն անցնելու է որ քարով, որ սարով, որ հանդով, որովհետեւ վտանգւած է մեր պետականութիւնը, չունենք իշխանութիւն»։

Ռոմիկ Մանուկեանը կոչ արեց Շիրակի մարզի ՔՊ-ականներին դուրս գալ խմբակցութիւնից։ «Դուրս եկէք ֆրակցիայից, դուք շիրակցի էք, գիւմրեցու թասիբը ձեր համար չէ երեւի, էդ թասիբից խօսելուց մեծ-մեծ խօսում էք։ Դուրս եկէք, միացէք ժողովրդին, գնացէք, որոշում կայացրէք, համախմբւէք ու ձեր ֆրակցիայով որոշէք՝ ով է գալու, որ համախմբի մեր ժողովրդին»։ Ռոմիկ Մանուկեանը մէկ անգամ եւս կրկնում է՝ համախմբւել է պէտք, ինչպէս կարող են մարդիկ լոյսերը հանգիստ մարեն ու քնեն, երբ Արցախը կորցրեցինք, երբ այսքան նահատակներ, վիրաւորներ, գերիներ, անտուն մնացած մարդիկ կան, երբ թշնամին պղծում է մեր շիրիմներն ու եկեղեցիները։

Ըստ նրա, միայն Սոթքից տարեկան 70-80 միլիոն դոլար եկամուտ կար, հիմա ինչի՞ց են խօսելու, երբ չորրորդ հարկատուն էլ շարքից ելաւ, 4000 աշխատող էլ գործազուրկ մնացին։ «Ես գիտեմ գեներալների, որոնք րոպէ առաջ ուզում էին մասնակից դառնալ պաշտպանութեանը, թոյլ չէին տալիս, թէ Նիկոլը թոյլ չի տալիս, մերժում էին աջակցութիւնը։ Կռացած ղեկավարի հետ ո՞վ կարող է բանակցութիւնների գնալ, Նիկո՛լ, ո՞նց կարող ես նստել Ալիեւի դիմաց եւ ասես՝ գիտես այս խնդիրն այսպէս չէ... Չե՛ս կարող»։

 

Նունէ Արեւշատեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։