Հա

Քաղաքական

03/12/2020 - 14:10

«Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հէնց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականութեան նշաձողի ամենացածր կէտը». Վահէ Յովհաննիսեան

Մեր ողբերգութիւնների պատմագրութեան մէջ տեխնոլոգիական առաջընթացի արդիւնքում փոխւել է միայն մեր գլխին ջարդւող զէնքի տեսակը ու մի քիչ էլ՝ յետողբերգութեան հումանիտար մեխանիզմները։ Այս մասին «Եաթաղանից մինչեւ բայրաքթար. Մենք նոյնն ենք» վերտառութեամբ յօդւածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը: 

«alikonline.ir» - Մեր ողբերգութիւնների պատմագրութեան մէջ տեխնոլոգիական առաջընթացի արդիւնքում փոխւել է միայն մեր գլխին ջարդւող զէնքի տեսակը ու մի քիչ էլ՝ յետողբերգութեան հումանիտար մեխանիզմները։ Այս մասին «Եաթաղանից մինչեւ բայրաքթար. Մենք նոյնն ենք» վերտառութեամբ յօդւածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը: Գրում է Tert.am-ը:

Յօդւածն ամոբողջութեամբ՝ ստորեւ.

«Մեր ողբերգութիւնների պատմագրութեան մէջ տեխնոլոգիական առաջընթացի արդիւնքում փոխւել է միայն մեր գլխին ջարդւող զէնքի տեսակը ու մի քիչ էլ՝ յետողբերգութեան հումանիտար մեխանիզմները։ Մնացածը նոյնն է՝ պատճառը, նպատակը, հետեւանքը, միջազգային հանրութեան կեցւածքը, եւ ամենակարեւորը՝ մենք։

Եաթաղանից յետոյ մենք, իհարկէ, ունեցանք պատմութեան նոր էջեր՝ 1918-20 թթ., Խորհրդային Հայաստան՝ գիտակրթական, մշակութային ոսկեդար, Անկախութեան հռչակագիր, անկախութեան հանրաքւէ, անկախ պետութիւն՝ ՀՀ, ռազմական յաղթանակ եւ 2020 թ.։

Բայց 1918-ից մինչեւ 2020 թ. պետականութեան գաղափարն այդպէս էլ չմտաւ հայ ժողովրդի, նրա վերնախաւերի, նրա իշխանութիւնների մէջ։ Եղել են փոքր թւով գործիչներ, փոքր ցաքուցրիւ հասարակական խմբեր, որոնք պետականութեան գաղափարի կրողներն են եղել, բայց նրանք այնքան քիչ են եղել, որ չեն կարողացել ձեւաւորել ոչ հասարակական հոսանք, ոչ՝ հասարակական շերտ։

Ուշադրութիւն դարձրէք՝ այսօր շատ քչերն են հասկանում (իշխանութեան մէջ, հարթակի վրայ, հարթակից դուրս, հարթակի կողքը...), թէ ինչ կորցրեցինք մենք այս պատերազմի հետեւանքով։ Հարցը շրջանների, տարածքների մէջ չէ։ Մենք կորցրել ենք պետականութիւն։ Արցախի Հանրապետութիւնը, ըստ էութեան, այլեւս չկայ։

Թուրքական եւ ադրբեջանական կողմն այս 26 տարիների ընթացքում կրկնում էր մէկ նախադասութիւն՝ «թոյլ չենք տայ Կովկասում երկրորդ հայկական պետութեան գոյութիւնը»։

Մինչ մենք զբաղւած էինք 5+2 շրջանների անւանումների հայկականացմամբ ու, մեր պատկերացմամբ, խնդիրը շրջաններ տալ-չտալու մէջ էր, թուրքերը շատ յստակ էին ձեւակերպում խնդիրը։

Սա է պետականաստեղծ վերնախաւի եւ պետութիւն չընկալող մարդկանց տարբերութիւնը։ Քանի՞ հոգի է այսօր Հայաստանում ճիշտ ֆիքսել կորստի բովանդակութիւնը։

Ինչո՞ւ թուրքերը պատերազմ սկսեցին հէնց հիմա. նրանք ֆիքսեցին Հայաստանում պետականութեան նշաձողի ամենացածր կէտը։ Մնացած բոլոր բացատրութիւնները տեխնիկական բնոյթի են։

Ինչո՞ւ աւելի վաղ չէր լինում պատերազմը, եւ ինչո՞ւ 90-ականներին մեզ յաջողւեց յաղթել։ Պատասխանը մէկն է՝ որպէս պետութիւն 90-ականներին Հայաստանն աւելի կայացած էր, քան՝ Ադրբեջանը։ Սակայն 1994-ի հրադադարից յետոյ՝ որեւէ համապետական ընտրութեան ժամանակ Արցախի խնդիրը, հակամարտութիւնը, հարեւանների հետ յարաբերութիւնները չեն եղել առանցքային հարցեր։ Ընտրութիւններում դրանք եղել են չորրորդական հարցեր՝ ստորադասւելով մի շարք կենցաղային հարցերի։ Հասարակութիւնը, ընտրողները, չեն հասկացել խնդրի լրջութիւնը, եւ նոյնը՝ ընտրւողները՝ չնչին բացառութիւններով։ Ու պետութեան ընկալման նման կենցաղային մակարդակով մենք ուզում էինք պետականութի՞ւն պահել։

Պատերազմի ընթացքում հայկական ռեակցիան եղել է պետութիւն չունեցող ժողովրդի ինքնապաշտպանական խմբերի պատասխան.

1. Պատերազմի ողջ ընթացքում Հայաստանն ապրեց Չպատերազմող պետութեան վիճակում՝ սիրողական կառավարմամբ։

2. Վարչապետի բոլոր ուղերձները պետութիւն չունեցող միաւորի ղեկավարի ուղերձներ էին՝ ո´չ մի կոնսոլիդացնող գաղափար, ո´չ մի լուծման հեռանկար, ո´չ մի ձեւակերպւած խնդիր եւ լուծում։ Միայն յուսահատութիւն, միայն պառակտում, միայն խուճապ։

3. Համայնքապետերի գլխաւորութեամբ կամաւորական ջոկատների ստեղծման կոչը թիկունքի կազմաքանդումն էր։ Անհաւանական է, բայց պատերազմի օրերին երկրի վարչապետը կազմաքանդում է թիկունքը, պետական համակարգը։

4. Համազգային ցանցագործութիւնը, որքան էլ ազնիւ ու անձնազոհ լինէր, բայց իր ամբողջութեան մէջ ուղղակի յիշեցնում էր 2014-ի եզդիների ցեղասպանութիւնը, որն իրականացրեց ԴԱԷՇ-ը՝ Թուրքիայի օժանդակութեամբ։ Ցանցերի խնդիրը կարելի էր լուծել մէկ օրում, եթէ պետութիւնը գործէր։

5. Պատերազմը շուտ կանգնեցնելու խնդրի չընկալումը։ Ո´չ իշխանութեան կողմից, ո´չ քաղաքական համակարգերի, ո´չ հասարակութեան, ո´չ վերնախաւերի։ Միայն հատուկենտ մարդիկ էին հասկանում խնդիրը։

Պատերազմից յետոյ այսքան ժամանակ անց Փաշինեանի իշխանութեան գոյութիւնը, հայ հասարակութեան արձագանքները եւ ներքին ապրումները, հանրային տարբեր շերտերի ընդվզման որակը, քաղաքական հարթակային ընդդիմութեան օրակարգի ու մօտեցումների անհստակութիւնը խօսում են պետականութեան ընկալման զանգւածային բացակայութեան մասին։

Նրանք, ովքեր 2.5 տարի առաջ բերւեցին իշխանութեան, ըստ երեւոյթին լուծում էին յստակ խնդիր, աւելի ճիշտ՝ նրանց առջեւ դրւած էր յստակ խնդիր՝ հաշւի առնելով պետականութեան գիտակցման այս ցածր աստիճանը՝ հասնել պետականութեան իրական կազմաքանդմանը։ Եւ աշխատանքային հիմնական գործիքները՝ լիդերի գռեհիկ լայւերը, դատաիրաւական մեքենան, ՊՈԱԿ-ը, «Ազատութիւնը», Հ1-ը, արեցին պատմական աշխատանք։ Եւ պատերազմից յետոյ Ալիեւի որոշմամբ հիմնադրւած «Ղարաբաղ» շքանշանի առաջին հիմնական յաւակնորդները հէնց դրանք են։

2020 թ. ողբերգութեան երկու հիմնական, պատմական հետեւանքներն են.

ա/ Արցախ՝ պետականութեան կորուստ

բ/ Հայաստան՝ կիսաճանաչւած պետութեան կարգավիճակ

Եւ այսօր անընդհատ հնչող այն հարցի պատասխանը, թէ որո՞նք են յաջորդ իշխանութիւնների հիմնական անելիքները, գտնւում է այս երկու ողբերգական փաստի տիրոյթում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։