Հա

Քաղաքական

03/12/2020 - 17:00

Վազգէն Մանուկեանը «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածուն է

Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի ձեւաւորած՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածուն Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանութեան նախկին նախարար ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգէն Մանուկեանն է:

«alikonline.ir» - Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի ձեւաւորած՝ «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածուն Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանութեան նախկին նախարար ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգէն Մանուկեանն է՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը շարժման Խորհրդի նիստից յետոյ։

«Հայրենիքի փրկութեան շարժումը» ձեւաւորել է իր Խորհուրդը։ Խորհրդի նախագահն է Վազգէն Մանուկեանը, համակարգողն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Խորհրդի անդամներն են եռակողմ յայտարարութեան դէմ արտայայտւած 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ եւս 15 մտաւորականներ, հասարակական գործիչներ, որոնք վայելում են հանրութեան վստահութիւնը։

Քննարկել են նաեւ ճանապարհային քարտէզն ու անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերը։

Իշխան Սաղաթելեանն ասաց, որ յաջորդ ընտրութիւններին Վազգէն Մանուկեանը չի առաջադրւելու, նա մինչ այդ գլխաւորելու է ազգային համաձայնութեան անցումային կառավարութիւնը։

Վազգէն Միքայէլի Մանուկեանը 74 տարեկան է։

Նա Հայաստանի երրորդ հանրապետութեան առաջին վարչապետն է, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարը Արցախեան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թւականներին:

1988 թւականի փետրւարից «Ղարաբաղ» կոմիտէի համահիմնադիրն է եւ կոմիտէի անդամ, 1988 թւականի յունիսից` «Ղարաբաղ» կոմիտէի կոորդինատորը: 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալւել է, 6 ամիս անցկացրել Մոսկւայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» կուսակցութեան համահիմնադիր եւ վարչութեան առաջին նախագահ: 1990-1995 թւականներին եղել է Հայաստանի Գերագոյն խորհրդի պատգամաւոր, 1995-2007 թւականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր: 1990-1991 թւականներին՝ ՀՀ վարչապետ: 1991 թւականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանը հրաժարական է տւել վարչապետի պաշտօնից: 1991 թւականի շարժման ակտիւ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միութիւն (ԱԺՄ) կուսակցութեան հիմնադրումը: 1991 թւականից ԱԺՄ կուսակցութեան վարչութեան նախագահ: 1992 թւականի սեպտեմբերին նշանակւել է ՀՀ պետնախարար, այսուհետեւ պաշտպանութեան նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրը: Վազգէն Մանուկեանի օրօք ձեւաւորւել է կանոնաւոր հայկական բանակը, փոխւել պատերազմի ընթացքը, եւ երբ հայկական կողմն անընդմէջ յաղթանակ էր տանում, 1993 թւականի օգոստոսին ազատւել է պաշտօնից: 2009 թւականի մարտից 2019 թւականի դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թւականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։