Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը կոչով է հանդէս եկել՝ նշելով, որ պէտք է ամբողջութեամբ գիտակցենք եւ ընդունենք այդ ճգնաժամի գոյութիւնն ու ամէն ինչ անենք այն յաղթահարելու համար:
«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը կոչով է հանդէս եկել՝ նշելով, որ պէտք է ամբողջութեամբ գիտակցենք եւ ընդունենք այդ ճգնաժամի գոյութիւնն ու ամէն ինչ անենք այն յաղթահարելու համար:
Ուղերձն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր երկիրը՝ որպէս պետութիւն, եւ մեր հասարակութիւնը, բոլորս միասին գտնւում ենք յետպատերազմեան խորը ճգնաժամի մէջ: Սա պէտք է արձանագրել առանց ձեւականութեան, առանց ինքներս մեզ խաբելու եւ, միաժամանակ, առանց յուսահատութեան: Պէտք է ամբողջութեամբ գիտակցենք եւ ընդունենք այդ ճգնաժամի գոյութիւնն ու ամէն ինչ անենք այն յաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տւած:
Անկախ զբաղեցրած պաշտօնից, քաղաքական համոզմունքներից ու հայեացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պէտք է մտածենք մեր պետութեան, երկրի ու ժողովրդի ապագայի մասին:
Մեզնից իւրաքանչիւրն իրաւունք ունի արտայայտելու իր կարծիքը, դժգոհութիւնը եւ իշխանութիւններից բացատրութիւն պահանջելու պատերազմի հետեւանքով մեզ պատճառւած ահռելի մարդկային եւ տարածքային կորուստների համար:
Կառավարութիւնը չի կարող գործել 2018 թ. հանրային տրամադրութիւնների ոգով: Այսօրւայ իրականութիւնը բոլորովին այլ է:
Այս լարւած ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր իւրաքանչիւր գործողութիւն պէտք է լինի օրէնքին համապատասխան, պէտք է լինի իրաւաչափ:
Դիմում եմ նաեւ իրաւապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարեւոր է: Միաժամանակ յիշէք, որ ձեր առջեւ, Երեւանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մէկը՝ կին, թէ տղամարդ, երիտասարդ, թէ տարեց: Նրանց մէջ են նաեւ մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից իւրաքանչիւրին, ձեզ:
Անթոյլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնութիւն եւ ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողութիւններում պէտք է դրսեւորէք պատասխանատւութիւն, մարդկային եւ մասնագիտական բարձր յատկանիշներ:
Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պէտք է լինեն ազգային համաձայնութեան շրջանակում: Մենք պէտք է կարողանանք վերականգնել հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները եւ դրանք վերածել հաւաքական ուժի, որը կը լինի մեր հետագայ յաջողութիւնների գրաւականը: Հանրապետութեան նախագահի եւ նախագահական ինստիտուտի գործունէութիւնն ուղղւած է հէնց այդ նպատակին:
Աստւած պահապան բոլորիս»: