Հա

Քաղաքական

05/12/2020 - 13:10

«Չկայ պատերազմ, որից հնարաւոր չի չխուսափել, հակառակի պնդումը քաղաքական անզօրութիւնն ու անգործութիունն արդարացնող կեղծ ու վտանգաւոր կանխավարկած է»․ Վարդան Օսկանեան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը յօդւածով խօսել է Արցախի վերջին պատերազմի, դրան նախորդած փուլի ու դիւանագիտական ճակատում եղած խնդիրների մասին։

«alikonline.ir» - ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը յօդւածով խօսել է Արցախի վերջին պատերազմի, դրան նախորդած փուլի ու դիւանագիտական ճակատում եղած խնդիրների մասին։ 

News.am-ում հրապարակւած յօդւածը ներկայացնում ենք ստորեւ․

Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների մասին հնչող մեկնաբանութիւնները անթիւ-անհամար են։ Դրանք հիմնականում հարցը ներկայացնում են գերտէրութիւնների պայքարի կամ առնւազն տարածաշրջանային ուժերի մրցակցութեան կոնտեքստում։

Չեմ ուզում անտեսել կամ արհամարհել այս դիտանկիւնը, բայց կատարւածի շուրջ իմ մեկնաբանութեան համար ուզում եմ հարցը դիտարկել աւելի առարկայական հարթութեան մէջ։

Քաղաքագիտութեան եւ փիլիսոփայութեան մէջ կայ մի օրէնք, որը կոչւում է «Պարզագոյնի օրէնք» (Law of Parsimony): Այն պնդում է, որ երեւոյթների ու իրադարձութիւնների ամենապարզ բացատրութիւնն ընդհանրապէս ամենաճիշտն է։

1994-ի զինադադարից յետոյ Ադրբեջանի համար անշուշտ բաղձալի նպատակը՝ կորսւած տարածքները վերադարձնելն էր։ Դրան հասնելու համար նա ունէր երկու ճանապարհ՝ բանակցութիւնների միջոցով (դիւանագիտութիւն) կամ ռազմական ճանապարհով (պատերազմ)։

Ես կարող եմ առաւել վստահ խօսել միայն իմ նախարարութեան շրջանի մասին (1998-2008), երբ մեզ համար այս երկու խնդիրներն ակնյայտ էին։ Նախագահ Քոչարեանը մեր դիւանագիտութեան առաջ շատ յստակ խնդիր էր դրել՝ երբեք թոյլ չտալ, որ բանակցութիւններում ստեղծւի երկարատեւ վակուում։ Այդ տասը տարիների ընթացքում սեղանի վրայ միշտ եղել է մեծ հաշւով՝ յօգուտ մեզ աշխատող փաստաթուղթ։

Այդ տարիներին երեք փաստաթուղթ է ներկայացւել համանախագահների կողմից։ Այդ բոլոր փաստաթղթերի խթանողը, եւ նոյնիսկ կարող եմ ասել սկզբնական նախաձեռնողը, եղել է հայկական կողմը։ Առաջինը եղել է Պրիմակովի առաջարկած Ընդհանուր պետութեան փաստաթուղթը, երկորդը՝ Քի Վեսթի փաստաթուղթը եւ, վերջապէս, չորս տարի տեւած Պրագեան գործընթացի արդիւնքում մշակւած՝ Մադրիդեան փաստաթուղթը։

Այս փաստաթղթերի գոյութիւնը եւ դրանց շուրջ բանակցութիւնները, հակառակ քննադատների պնդումներին, ինքնանպատակ չեն եղել։ Այսինքն՝ չի եղել բանակցութիւն՝ յանուն բանակցութեան։ Խնդիր է դրւած եղել միշտ ունենալ բանակցային այնպիսի մի փաստաթուղթ, որ իրադարձութիւնների որեւէ զարգացման դէպքում դրա ստորագրումը ընդունելի լինի հայկական կողմի համար։

Այդ փաստաթղթերից որեւէ մէկում երբեք չի եղել՝ «տարածքներ խաղաղութեան դիմաց» բանաձեւ։ Փոխզիջումային տարբերակում երբեք չի քննարկւել Շուշիի կամ նախկին ԼՂԻՄ-ի որեւէ տարածքի զիջում։ Բոլոր փաստաթղթերը պարունակել են դրոյթներ Լեռնային Ղարաբաղի՝ ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակի մասին։

Ես նաեւ գիտեմ՝ առաջադրանք էր դրւել պաշտպանութեան նախարարութեան առաջ, որ որեւէ կերպ չխախտւի շփման գծում դիրքային հաւասարակշռութիւնը, ռազմատեխնիկական համաչափութիւնը, ինչպէս նաեւ բանակի պատրաստւածութեան մակարդակը։

Այդ տասը տարիների խաղաղութեան, տնտեսական զարգացման գրաւականները սրանք են եղել։

Չեմ կարող վստահութեամբ մեկնաբանել յաջորդ տասը տարիները, որովհետեւ տեղեկացւած չեմ եղել եւ որեւէ շփում չեմ ունեցել օրւայ իշխանութիւնների հետ։ Բայց հետեւելով իրադարձութիւններին՝ կարող եմ ասել, որ վերջին տարիներին բանակցութիւնների մասով եթէ ոչ դէպի փակուղի, ապա լճացման նախանշաններ սկսել էին ի յայտ գալ։ Նոյնը կարելի է ասել ռազմական հաւասարակշռութեան խախտման մասին, որի նախանշանները երեւացին 2016-ի քառօրեայ պատերազմի ընթացքում, երբ Արցախի օդում առաջին անգամ անօդաչու սարքեր յայտնւեցին։

2018-ից յետոյ, եթէ ՆԻկոլ Փաշինեանը եւ նրա կառավարութիւնը լայնախոհութիւն ու իմաստութիւն ունենային երկրի համար կարեւորագոյն հարցի շուրջ խորհրդակցութիւններ անցկացնելու, անպայման նրանց ուշադրութիւնը կը հրաւիրէի այդ երկու ուղղութիւններով (բանակցութիւններ եւ ռազմական հաւասարակշռութիւն) իմ նկատած տեղաշարժերին եւ հնարաւոր անելիքներին։ Իմ հիմնական յորդորը վարչապետին կը լինէր այն, որ հաշւի առնելով իր ունեցած լեգիտիմութիւնը, ժողովրդի՝ Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի աջակցութիւնը, ինքը պատմական մեծ հնարաւորութիւն ունէր հիմնւելով առկայ փաստաթղթերի վրայ՝ հասնել Արցախի խնդրի հայանպաստ լուծմանը։ Ես նաեւ կաւելացնէի, որ լեգիտիմութիւնից բացի անհրաժեշտ նախապայման է հասարակութեան համախմբումը։

Բայց իրադարձութիւնները զարգացան բոլորովին այլ ուղղութեամբ։ Ստեղծւեցին բաժանարար գծեր, բանակցութիւնները մղւեցին խորը փակուղի եւ, ինչպէս այս պատերազմը ցոյց տւեց, տեղի ունեցաւ ռազմական հաւասարակշռութեան էական խախտում։

Բանակցային պրոցեսը նուրբ գործ է, որ պահանջում է անընդհատ աշխատանք եւ ստեղծագործական միտք։ Հայաստանի դիրքը հակամարտութիւնում եւ պատերազմից խուսափելու հրամայականը ենթադրում էին լինել նախաձեռնող, պրոակտիւ։ Պահանջւում էր, շարունակ մնալ բանակցութիւնների առաջատարի դիրքում։

Փաշինեանի այն միտքը որ «եթէ մեզ բերեն լաւ փաստաթուղթ, ես ձեզ հետ կը քննարկեմ» ինձ համար զարմանալի էր: Նման բան կարող է ասել միայն այն մարդը, ով իշխանութիւն դառնալով, չի հասկացել բանակցային գործընթացի ո՛չ էութիւնը եւ ո՛չ էլ իր դերն այդ գործընթացում։

Լաւ փաստաթուղթ ոչ ոք սկուտեղի վրայ չի մատուցում։ Դրա համար պէտք է անընդհատ ջանք գործադրել եւ բանակցութիւնների թելը չկտրել։ «Լաւ փաստաղթի» սպասելով Հայաստանը ստացաւ պատերազմ եւ նւաստացնող փաստաթուղթ։

Չկայ պատերազմ, որից հնարաւոր չի չխուսափել։ Հակառակի պնդումը քաղաքական անզօրութիւնն ու անգործութիւնն արդարացնող կեղծ ու վտանգաւոր կանխավարկած է։ Եթէ կան ի սկզբանէ անխուսափելի պատերազմներ, ուրեմն դիւանագիտութիւնը եւ արտաքին քաղաքականութիւնը, որպէս դիսցիպլինա գոյութիւն չունեն։ Եթէ սկսւել է պատերազմ, որից մենք կուզէինք խուսափել, ուրեմն Հայաստանի ղեկավարութիւնը  սխալւել է պարզ քաղաքական հաշւարկներում եւ ձախողւել է բանակցային գործընթացում։

Այս ամէնն ասում եմ ցաւով, ցասումով, բայց նաեւ մի կարեւոր նպատակով։ Այսօր դեռ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դիւանագիտութիւնը անվերջ հնարաւորութիւնների հարթակ է։ Նոյնիսկ ամենաանյոյս իրավիճակներում հնարաւոր է ինչ-որ բան շտկել, սրբագրել։ Բայց դա վստահաբար չեն կարող անել ներկայ իշխանութիւնները, որոնց՝ դիւանագիտութեան, արտաքին քաղաքականութեան, ռազմագիտութեան ու տնտեսութեան մասին մակերեսային պատկերացումները յանգեցրել են այս ճգնաժամային հանգրւանին։ Եթէ կայ երկիրը էլ աւելի մեծ արհաւիրքից փրկելու գոնէ աղոտ ցանկութիւն, դա առաջին հերթին պէտք է գիտակցեն հէնց իրենք եւ հեռանան։

Քաղաքականութիւնը դաժան է ու նման ձախողումներ չի հանդուրժում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։