Հա

Քաղաքական

06/12/2020 - 13:00

Երկիրը Բաբելոնի վերածած պատիժը կամ նեռի սեւ առաքելութիւնը

Մենք դիւոտում ենք ճիշտ խօսքից, մեր մեծագոյն թշնամին ճշմարտութիւնն է: Մեր գլուխը պտտւում է հաճոյքից, երբ դատարկ տեղը մեր ինքնասիրութիւնը շոյող կեղծիք ենք լսում, երբ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ լցւած է օդով, եւ փուչ միջոցներով մեր արժանապատւութիւնն են ընդգծում` սուտ ասելով: Մենք պատրաստ ենք անգամ դրա համար վճարել, հիւրասիրել, միայն թէ շարունակ թմրեցնող խաբկանքի չափաբաժինն ապահովւի: 

ՅՈՒՍԻԿ ԱՐԱ

 

Մենք դիւոտում ենք ճիշտ խօսքից, մեր մեծագոյն թշնամին ճշմարտութիւնն է: Մեր գլուխը պտտւում է հաճոյքից, երբ դատարկ տեղը մեր ինքնասիրութիւնը շոյող կեղծիք ենք լսում, երբ մեր գլխի տակ փափուկ բարձ են դնում, որ լցւած է օդով, եւ փուչ միջոցներով մեր արժանապատւութիւնն են ընդգծում` սուտ ասելով: Մենք պատրաստ ենք անգամ դրա համար վճարել, հիւրասիրել, միայն թէ շարունակ թմրեցնող խաբկանքի չափաբաժինն ապահովւի: Այդ նոյն հաճոյքով երկուսուկէս տարի է` լսում ենք` Հայաստանի հպարտ քաղաքացի, թէպէտ 80 տոկոսիս վրայից թշւառութիւն է թափւում: Իրականութիւնը կոծկելով` այլ իրականութեան մէջ չենք յայտնւի: Ինչպէս լսեցինք, որ այս պատերազմում տեղեկատւական կեղծիքը 100 տոկոս էր: Սա էր 44 օր կեղծիք լսելուց յետոյ միակ տեղեկատւական ճշմարտութիւնը: Մեզ թւում է, թէ նահանջը յաղթանակ ներկայացնելով` կը խուսափենք պարտութիւնից: Այդպէս կեղծիքն ու շինծուն ենք լսել պատերազմից առաջ շուրջ երկուսուկէս տարի, լսում ենք զինադադարից յետոյ շուրջ երեք շաբաթ առայժմ:

Այսօր էլ շարունակւում է թմբիրի նման ներարկւել սուտն ու խաբէութիւնը. նոր ճանապարհային քարտէզ, Ադրբեջանի հետ տնտեսական կապեր, առեւտուր, զարգացում ու առաջընթաց: Ասողներն իրենք իրենց խօսքին չեն հաւատում, բայց մենք նորից վստահում ենք, մեր լոյսը տեսնում ենք ստի մէջ եւ սպասումով առաջ նայում, որտեղ դարձեալ Նիկոլն է՝ նոր որոգայթով: Նիկոլը կարողացաւ մեր լեզուն խառնել եւ մեզ վերածել Բաբելոնի: Հիմա մենք խօսում ենք եւ միմեանց չենք հասկանում: Չենք հասկանում, որ կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, եւ մնացածն ու ամբողջն է վտանգւած, մեր անկախութիւնն է առկախւած: Զարմանում ենք, թէ ինչո՞ւ է ժողովուրդը քնած, թմբիրի մէջ է եւ ոչ մի կերպ, որեւէ ցնցումից չի արթնանում, չի սթափւում, միահամուռ չենք եւ չենք ընդվզում այս խայտառակութեան ու ամօթի առաջ: Էլ ի՞նչ պէտք է լինէր ամենաթանկից` հայրենիքը կորցնելուց աւելի ահաւոր, որ մարդիկ ընդվզէին, տէր կանգնէին իրենց ազգային արժանապատւութեանը: Որովհետեւ իրար չենք հասկանում, սեւ ենք ու սպիտակ, նախկին ենք ու նոր: Մենք հիմա չգիտենք, թէ ով ենք, չենք հասկանում, թէ ինչ ենք ուզում, չենք գիտակցում այն իրավիճակը, որին մատնել են, որի մէջ հրել են մեզ: Նիկոլին յաջողւեց Բաբելոն ստեղծել, ոչ միայն մեր աշտարակաշինութիւնը կասեցնել, այլեւ քանդուքարափ անել մինչ այդ սարքածը, եւ նպատակասլաց գնում է մինչեւ հիմնայատակ անելը: Սա Նիկոլի սեւ յաջողութիւնն է, մթին առաքելութիւնը: Եթէ Հին Բաբելոնն Աստծոյ կամքով էր, ապա Նոր Հայաստանը սատանայի վճիռն է:

Մենք տեսանք մեր ոգին ամրացրած մեր հերոսներին` պատերազմ յաղթած հերոսներին՝ դատարանում, եւ ծափ տւեցինք, ուրախացանք: Մենք տեսանք մեր ինքնութիւնը պահպանած Հայ Առաքելական Եկեղեցու արժեզրկումը, Հայոց Վեհարանի պղծումը, եւ ովսաննա կանչեցինք ու ցնծացինք: Մենք տեսանք մեր պատմութեան խեղաթիւրումն ու աղաւաղումը նոր դասագրքերում, ողջունեցինք եւ հիացանք: Մենք տեսանք մեզ արմատից կտրելը, մեր ազգային դիմագիծը դատարկութեան փոխելու անորոշութիւնը եւ մեզ հպարտ զգացինք` այլեւս մեզ համարելով աշխարհի առաջադէմ քաղաքացի:

Մենք նախընտրեցինք աշխարհի սկզբից եկող այն ծեսը, որով սնում են ամբոխին` հաց եւ թամաշայ: Հացը չեղաւ, բաւարարւեցինք թամաշայով: Այսօր ո՞ւմ բռնեցին, այսօր ո՞վ է դատւում, նայենք եւ ուրախանանք` ձեռքներս խփելով դատարկ ստամոքսներիս` վաղւայ իւղոտ պատառի ակնկալիքով: Ումի՞ց է Նիկոլը բիզնեսը խլելու` բերի մեզ բաժանի: Նոյեմբերի 10-ին մեզ չէր յուզում, տեղ չէր հասնում, որ հայրենիք ենք կորցրել, մէկս միւսին ոգեւորութեամբ հարցնում էինք, թէ «Նիկոլը ե՞րբ է վերջապէս Ծառուկեանին ծակը խոթելու»: Նիկոլը շատ լաւ գիտի, թէ հիմա ինչ է մեզ թեւ տալիս, եւ Ծառուկեանին մանդատից զրկելու ազգային գերխնդիրն է առաջ մղել՝ որպէս փրկութեան ծրագիր: Սա է մեզ համար յաղթանակը, «յաղթելու ենք»-ը, ի վերջոյ, իրականութեան մէջ տեսնելը: Մենք հիմա հիւթը դատարկած անօթ ենք, որ լցւում է ամենայն աղտեղութեամբ: Թամաշայով ապրող ժողովուրդը չի կարող պատերազմ յաղթել: Մեզ սկզբում թւում էր, թէ այս պատերազմը հերթական թամաշան է, եւ հէնց այդպէս էլ Նիկոլը 44 օր մատուցում էր: Մեզ թամաշայ ընտրող դարձրեց Նիկոլը` երկիրը վերածելով սատանայի պարահանդէսի: Իրականում մենք դարձանք աշխարհի համար թամաշայ:

Նիկոլն ասում է, որ պէտք է հետեւողականօրէն իրականացնի եռակողմ ստորագրած յայտարարութեան բոլոր կէտերը: Բայց դրան զուգահեռ՝ մէկ այլ իրականութիւն կայ: Մենք ամէն օր լսում ենք, որ Արցախի տարածքից բացի, Հայաստանի Հանրապետութեան տարածքներն է Ադրբեջանը հեշտ ու դիւրին վերցնում, Մեղրիից` գիւղեր, Տաւուշից` գիւղեր, Կապանի օդանաւակայանի կէսը կամ յարակից տարածքները, Սիւնիքի արօտավայրերը, Սոթքի կէսը… եւ չգիտենք, թէ վաղն ինչ նոր անակնկալներ են սպասւում: Այս հայրենատւութեանը ոչ միայն ընդդիմացող չկայ, այլեւ բուռն ու պատրաստակամ ընդառաջում է Նիկոլը` արդարացնելով Ադրբեջանի ցանկացած փայասիրութիւն, թէ՝ Խորհրդային Միութեան քարտէզով այդպէս է գծւած: Էդ տնաշէն Սովետը Հայաստանին հեչ բան չի թողե՞լ, ամբողջն Ադրբեջան է գծե՞լ: Ադրբեջանը նաեւ յաւակնութիւններ ունի Հայաստանի ջրային պաշարների նկատմամբ` Սեւանի եւ այլնի: Գուցէ վաղը Նիկոլն այդ ցանկութիւնը բաւարարելն արդարացնի` ասելով, թէ Սովետի քարտէզով կամ չգիտեմ ինչ հեռահար նկարչութեամբ այդպէս էր պայմանաւորւած:

Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում անիշխանութիւն է, տէր չկայ, ժողովուրդն էլ անհասկանալի ու չգիտակցող վիճակում է, եւ տանում է` ինչ հնարաւոր է, քանի որ մենք տալիս ենք հանգիստ, առանց ընդդիմանալու` այդպէս պէտք է լինի: Թումանեանական աղւէսի ու կկւի առակն է, մեզ էդ խելքը գլխին ագռաւն է պէտք: Ե'ւ Հայաստանը, ե'ւ Ադրբեջանը երազի մէջ են. մեր չար երազն է իրականանում, նրանց` բարի երազը: Իսկ Ադրբեջանի համար այսրոպէական ամենամեծ ու դարաւոր երազը Զանգեզուրն է: Ադրբեջանը Հայաստանից 50 միլիարդ դոլար է պահանջում՝ որպէս փոխհատուցում, եւ միջազգային ատեաններում հնչեցնում է, թէ քանի որ Հայաստանն ի վիճակի չէ վճարել, թող Զանգեզուրը տայ փոխարէնը: Հիմա մենք հին հռհռոցի սովորոյթով դարձեալ ծիծաղում ենք, թէ՝ թող ուզի, տւողն ո՞վ է: Այդպէս վստահ էինք Արցախի համար պատերազմից առաջ, թէ ոչ ոք չի կարող թուղթ ստորագրելով Արցախ յանձնի, բայց տեսանք, որ յանձնեց: Այդ յանձնողը նոյն ստորագրութեամբ յանձնելու է նաեւ Զանգեզուրը` ասելով, թէ՝ յանուն Հայաստանի փրկութեան: Բայց թուրքն այդքան չի ձգձգի գործը: Այսօր տեսնում է անիշխան, պարտւած ու իրեն կորցրած Հայաստան. ճիշտ պահն է Զանգեզուրը պոկելու: Եւ հաւանական է, որ գարնանը կը լինի նոր պատերազմ` լաւագոյն դէպքում՝ այս հետեւանքներով, որովհետեւ աղւէսի դիմաց յիմար կկուն է, ոչ թէ խորամիտ ագռաւը: Արցախը յանձնելով` կը յանձնենք Զանգեզուրը: Նիկոլն Արցախը յանձնել է, պէտք է այնքան կառչած մնայ աթոռին, որ Զանգեզուրն էլ յանձնի: Սատանան կիսատ չի մնում, իր գործն աւարտում է կատարեալ ու ամբողջական: Նիկոլի վերջին ողբերգութիւնն այն է, որ չի գիտակցում՝ ինքը սատանան է: Գուցէ գիտակցո՞ւմ է:

 

168.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։