Հա

Քաղաքական

09/12/2020 - 13:40

«Ինչ Չպէտք է անի նոր վարչապետը». Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահէ Յովհաննիսեանի «Ինչ Չպէտք է անի նոր վարչապետը» վերտառութեամբ յօդւածը ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ։

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է Վահէ Յովհաննիսեանի «Ինչ Չպէտք է անի նոր վարչապետը» վերտառութեամբ յօդւածը ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերեալ։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ.

«1. Չպէտք է սպասի մինչեւ պաշտոնական ընտրութիւնը եւ հէնց այսօր կատարի երկու կարեւոր զանգ՝

ա. ԱԱԾ տնօրէնին

բ. Ոստիկանապետին

Շարժման եւ անձամբ իր անունից պէտք է պահանջի՝ անյապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ արգելելու տարբեր պաշտօններ զբաղեցրած մի խումբ անձանց ելքը Հայաստանից եւ նաեւ ապահովելու նրանց անվտանգութիւնը։Չի բացառւում, որ մենք գործ ենք ունեցել դավադիր ծրագրի եւ գործակալական ցանցի հետ, ու նրանց փախուստի կամ հետքերը վերացնելու պրոցեսի բացառումը Ազգային անվտանգութեան խնդիր է։

2. Ընտրւելուց յետոյ չպէտք է մտնի կառավարական յայտնի ամառանոցը։ Այդ ամառանոցների կարգավիճակը եւ նշանակութիւնն ընդհանրապէս պէտք է փոխւեն, օրինակ՝ ողջ տարածքն իր շինութիւններով կարելի է վերածել «պատերազմի մասնակցի կենտրոնի», դարձնել ամենաժամանակակից վերականգնողական կենտրոն՝ բուժական, սոցիալական, շփման, ժամանցի, վերապատրաստման, կրթական եւ այլն։

3. Չպէտք է ժամանակ կորցնի։ Նշանակման պահից՝ աշխատանք, նոյնը պահանջելով իր նախարարներից։

4. Չպէտք է կաշկանդւի՝ մերժել իրեն սատարած, բայց մասնագիտական եւ կրթական որակներ չունեցող անձանց եւ խմբերին, պետական կարեւոր պաշտօնները չդարձնի իւրայիններին սիրաշահելու եւ «պարտական լինելու» առարկայ։

5. Չպէտք է մոռանայ 2018-ին փողոց դուրս եկած եւ ընդվզած հարիւր-հազարաւորների պահանջները՝ իրական փոփոխութիւններ, արդար պետութիւն։ Դրանք ուժի մէջ են։

6. Չպէտք է գնայ փոխզիջման՝ Հայաստանը աղէտի բերած պրոցեսների ողջ ցանցը բացայայտելու գործընթացքում, այդ թւում՝ դրա մենեջմենթը՝ սեւ ու սպիտակի բաժանման, ներքին թշնամանքի սերմանման, հանրային տրամադրութիւնների խեղման եւ մանիպուլեացիայի ողջ համակարգը եւ այլն։ Առանց դրա պետութիւնը չի առողջանայ։

7. Չպէտք է կաշկանդւի՝ բառիս բուն իմաստով ջարդելու դատաիրաւական պատժիչ համակարգը, բացայայտելու պատւէրների ողջ սխեման։ Եւ իհարկէ՝ որեւէ պարագայում չպէտք է օգտւի այդ համակարգի ծառայութիւններից։

8. Չպէտք է թոյլ տայ տարբեր անհատների եւ խմբերի՝ անձնական մոտիւացիաներով վրէժ լուծել, վատութիւն անել, քինախնդրութիւն ցուցաբերել այլեւս նախկին իշխանութեան ներկայացուցիչներին նկատմամբ։

9. Չպէտք է ներողամտութիւն ցուցաբերի իր այն թիմակիցների հանդէպ, որոնք կը փորձեն ստեղծւած դրամատիկ իրավիճակն օգտագործել սեփական շահերի համար՝ քաղաքական կամ տնտեսական դիւիդենտներ քաղելու նպատակով։

10. Չպէտք է թերագնահատի օբիեկտիւ պատճառներով ընթացող՝ պետական կարեւորագոյն ինստիտուտների ապալեգիտիմացման եւ արժեզրկման սողացող ռիսկերը։ Առաջին հերթին՝ բանակ, զինւորական ծառայութիւն, պաշտօնական լրատւութեան եւ ընդհանրապէս պետական համակարգի հանդէպ նկատելի անվստահութիւն եւ այլն։

11. Չպէտք է հանդուրժի ողբի եւ պարտւածի հոգեբանութիւնն ու մթնոլորտը՝ Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում՝ ընդհանրապէս։

12. Չպէտք է վախենայ ոչ ստանդարտ քայլերից եւ համարձակ լուծումներից, եթէ այդպէս է պահանջում երկրի շահը։

Նախորդ օրը հրապարակւել էր Արմէն Գէորգեանի «Անցումային կառավարութեան գործունէութեան պայմաններն ու կանոնները» հրապարակումը, որտեղ լաւագոյնս էին ներկայացւել նոր կառավարութեան անելիքները։ Այդ իսկ պատճառով ես փորձեցի ձեւակերպել այն ամենը, ինչ չպէտք է անի նոր կառավարութիւնը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։