Հա

Քաղաքական

12/12/2020 - 13:30

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա քաղաքական թիմը պարտութեան խորհրդանիշ են». Վարդան Ոսկանեան

168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում զրուցել ենք իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

«alikonline.ir» - 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում զրուցել ենք իրանագէտ Վարդան Ոսկանեանի հետ:

 

- Պարոն Ոսկանեան, Նիկոլ Փաշինեանը Բաքւի զօրահանդէսից մէկ օր առաջ յայտարարեց, թէ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Արցախի հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Նախկինում Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնից յետոյ ականատես եղանք կապիտուլեացիոն փաստաթղթի ստորագրմանը, նորից նմանատիպ յայտարարութեան պնդումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, կամ առհասարակ, ձեզ համար հասկանալի՞ է, թէ ինչ է ասում Փաշինեանը:

- Մեղմ ասած՝ տարակուսելի է: Իրականում ճիշտ նշեցիք՝ դրա հետեւանքները իւրաքանչիւրս զգում է իր մաշկի վրայ, եւ յատկապէս դա զգում է Արցախի բնակչութիւնը, մեր սահմանամերձ գիւղերի բնակիչները՝ Սիւնիքում, Գեղարքունիքում եւ այլուր, ուստի՝ առնւազն տարօրինակ եւ կասկածելի է, թէ ինչու է շարունակւում նւյն ուղեգիծը: Ուղեգիծ, որ յանգեցրեց խայտառակ կապիտուլեացիոն փաստաթղթի ստորագրման, եւ անհասկանալի ուղերձ է՝ ի՞նչ է նշանակում՝ լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ակնյայտ է, որ ադրբեջանական կողմը նաեւ դեկտեմբերի 10-ի իր զօրահանդէսով յստակօրէն ուղերձ յղեց, որ եղածով չի բաւարարւելու, եւ այդ ուղերձը նաեւ թուրքական կողմից էր, այսինքն՝ ադրբեջանաթուրքական դաշինքը շարունակում է նոյնիսկ յաւակնութիւններ ներկայացնել ՀՀ տարածքի նկատմամբ: Բաքւի բռնապետը յստակ յայտարարեց, որ իրենք յաւակնում են նաեւ այն տարածքներին, որոնք կազմում են ՀՀ զանազան մասեր՝ Երեւանը, Սիւնիքը եւ Սեւանը: Այս ֆոնին, նաեւ այն ֆոնին, երբ Թուրքիայի նախագահը խօսում է ցեղասպան Էնւէր փաշայի պիղծ հոգու լուսաւոր լինելու մասին, մեր կողմից գնում է նման ուղերձ, սա շատ տարօրինակ է եւ կասկածելի է, թէ ինչ ենք մենք ուզում հաղորդել այս ուղերձով մեր թշնամուն, երկրորդ՝ մեր հասարակութեանը: Մեր հասարակութեանը այժմ փորձում են զանազան կեղծ կաղապարներով սնել՝ Ադրբեջանի հետ առեւտրային յարաբերութիւններ, դիւանագիտական յարաբերութիւններ, այսպէս կոչւած, համակեցութիւն եւ այլն, այն դէպքում, երբ այս թշնամական դաշինքն ակնյայտ թշնամական գործողութիւններ է ծաւալում ոչ միայն դաշտում, խօսքը սահմանազատման գործընթացի վերաբերեալ է, երբ մենք տեսանք, թէ ինչ տեղի ունեցաւ Սոթքի հանքում, Սիւնիքի տարբեր գիւղերում, եւ այս համատեքստում մենք շարունակում ենք վարչապետի շուրթերից լսել միեւնոյն սերտած յայտարարութիւնը, որը, կրկնում եմ՝ խիստ վտանգաւոր է, որի վտանգաւոր արդիւնքները մենք տեսնում ենք հէնց այսօր՝ չունենալով նաեւ ՀՀ-ում անվտանգութեան զգացում:

 

- Դուք խօսում էք Ալիեւի եւ Էրդողանի յայտարարութիւնների վտանգաւորութեան մասին, մէջբերում էք Ալիեւի յայտարարութիւնը՝ Զանգեզուրի, Սեւանի եւ Երեւանի վերաբերեալ, բայց, օրինակ՝ իշխանական պատգամաւորներն ասում են, որ Ալիեւը նմանատիպ յայտարարութիւններ արել է նաեւ նախկինում եւ չպէտք է այսօր դա լուրջ ընդունել:

- Տեսէք՝ նախկինում բազմաթիւ այլ յայտարարութիւններ էին հնչում Բաքւի բռնապետի կողմից, բայց դրանց չիրականանալու երաշխիք մենք դիտարկում էինք ՀՀ պոտենցիալը եւ ՀՀ ԶՈՒ-ն: Այս պատերազմում անմիտ, տգէտ եւ ապաշնորհ կառավարման արդիւնքում մենք ունեցանք չափազանց տխուր արդիւնքներ, ուստի այդ անվտանգութեան բարձիկը՝ ի դէմս մեր բանակի, որը քաջաբար իրականացրեց իր առջեւ դրւած բոլոր խնդիրները եւ հիմնական խնդիրը՝ կառավարման ոլորտում էր, ընդ որում՝ քաղաքական մակարդակով կառավարման կամ այդ կառավարմանը միջամտելու ոլորտում՝ դատելով տարբեր յայտարարութիւններից, ապա ակնյայտ է, որ այժմ այս յայտարարութիւնները պէտք է գնահատել՝ որպէս ուղղակի սպառնալիք, ոչ թէ՝ օդում ասւած խօսքեր: Այդ սպառնալիքները հէնց այժմ իրականացւում են գետնի վրայ: Ակնյայտ է, որ ադրբեջանաթուրքական դաշինքի յաջորդ թիրախը, դատելով, այսպէս կոչւած, թուրանական ծրագրից, որին հետամուտ է թէ՛ Ադրբեջանը, թէ՛ Թուրքիան, լինելու է Սիւնիքը: Նման յայտարարութիւնները մեր հասարակութեանը հերթական անգամ թմբիրի մէջ պահելու նպատակ են հետապնդում: Կրկնում եմ՝ ցանկացած յայտարարութեան գնահատական պէտք է տրւի ժամանակի եւ տարածութեան մէջ: Եթէ դա Իլհամ Ալիեւի կողմից հնչում էր մէկ տարի առաջ, երկու տարի առաջ, մի քանի տարի առաջ, ապա ժամանակահատւածը բոլորովին այլ էր, այժմ  ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել Արցախը, որից մնացել է մի հատւած ընդամենը, այժմ, ադրբեջանական ամենօրեայ թիրախային յարձակման զոհ է դառնում նաեւ Հայաստանը՝ տարբեր գիւղերի եւ տարբեր շրջանների մակարդակով, եւ այժմ ադրբեջանական ագրեսիայի հոգեբանական պատերազմի թիրախ է ընտրւել նաեւ մեր հասարակութիւնը. զօրահանդէսը եւ դրա ընթացքում հնչած «ճառերն» ուղիղ նպատակ ունէին թիրախաւորել մեր հասարակութեանը, խորացնել բարոյահոգեբանական ճգնաժամը, ստեղծել մեր հասարակութեան համար ընկճախտային տրամադրութիւններ, բայց ես կարծում եմ՝ մենք պէտք է ապահովենք հակառակ արդիւնքը: Այդ զորհանդեսը եւ դրանում հնչած «ճառերը» լսելիս՝ մեր մէջ աւելանում է ատելութիւնը թշնամու հանդէպ, եւ դա կարող է հէնց թշնամու համար վատ հետեւանքներ ունենալ:

 

- Բաքւի զօրահանդէսին Ալիեւի եւ Էրդողանի ռազմատենչ յայտարարութիւններին արձագանք եղաւ ընդամենը Փաշինեանի խօսնակի մակարդակով: Արդեօ՞ք այդ յայտարարութիւններն այնքան անկարեւոր էին: Ի դէպ, ՀՀ երկրորդ նախագահի հարցազրոյցից յետոյ Փաշինեանն անմիջապէս հանդէս եկաւ ուղերձով:

- Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թէ ինչու արձագանք չի լինում Բաքւի բռնապետի հռետորաբանութեանը եւ նրա գործողութեանը: Այդ գործողութեան արձագանքը կարծես արդարացում լինի՝ GPS-ով սահման որոշելու վերաբերեալ է խօսքս, երբ Ադրբեջանն ուղղակի զաւթում է տարածքներ, որոնք, որոշ փորձագէտների պնդմամբ՝ անկասկած հայկական են, խօսւում է GPS-ով սահմանազատման մասին, կարծես թէ արդարացում է գտնւում Բաքւի բռնապետի գործողութիւնների համար: Խօսւում է, որ Բաքւի բռնապետի հռետորաբանութեանը չպէտք է ուշադրութիւն դարձնել, կարծես կրկին արդարացում է: Սա առնւազն անընկալելի եւ անհասկանալի է, եթէ աւելի խիստ բնորոշումներից այս պահին փորձենք խուսափել: Հետեւաբար՝ նման յայտարարութիւններին, նման հռետորաբանութեանն առնւազն պէտք է պատասխան հնչեցւի ԱԳՆ մակարդակով, որովհետեւ այդտեղ յստակ սպառնալիքներ կային՝ ուղղւած մեր պետականութեանը եւ մեր ժողովրդին:

 

- Էրդողանը Բաքւի շքերթին ասել էր. «Եթէ հայ ժողովուրդը դասեր քաղի ղարաբաղեան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կը մեկնարկի»։ Աւելի ուշ, Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ «Եթէ տարածաշրջանային խաղաղութեանն ուղղւած դրական քայլեր ձեռնարկւեն, Թուրքիան կարող է բացել Հայաստանի սահմանին գտնւող դարպասները»: Հայաստանի իշխանութիւններն էլ, սրան զուգահեռ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիւանագիտական, առեւտրային յարաբերութիւններ հաստատելու մասին են խօսում: Այս ամենը կարո՞ղ ենք դիտարկել մէկ տրամաբանութեան մէջ, եւ արդեօ՞ք դրանցում վտանգներ տեսնում էք, թէ՞ ոչ:

- Տեսէք, ըստ էութեան, հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդէպ իրականացւում է մի արգահատելի սկզբունք՝ մտրակի եւ քաղցրաբլիթի քաղաքականութիւն. Մի կողմից՝ հռետորաբանութեան մէջ երեւում է «մտրակը», երկրորդ հատւածից նման յայտարարութիւններով կարծես թէ փորձ է կատարւում առաջարկել Հայաստանին «քաղցրաբլիթ»: Ըստ էութեան, փորձ է կատարւում մեզ պարտադրել, որ մենք պէտք է այսուհետ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաւասարը հաւասարի յարաբերութիւններ չկարողանանք կառուցել, մենք պէտք է մշտապէս ապրենք պարտւածի, ցեղասպանւածի հոգեբանութեամբ, ինչ-որ առումով՝ բարձր հայեացքով նայելով մեզ «յաղթողներին»: Ամենեւին չի նշանակում, թէ Հայաստանը չպէտք է պատրաստւի գալիք փորձութիւններին, եւ միայն մեզանից ու մեր գործողութիւններից է կախւած, թէ այդ գալիք փորձութիւնների արդիւնքն ինչպիսին կարող է լինել: Հետեւաբար՝ իրականացւում է այդ քաղաքականութիւնը, որին պէտք է տրւի համարժէք պատասխան: Կարծում եմ՝ Հայաստանի այսօրւայ իշխանութիւնը նման պատասխաններ տալու ունակ չէ՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա քաղաքական թիմը պարտութեան խորհրդանիշ են, հետեւաբար՝ ունեն բարդոյթներ՝ արձագանքելու թշնամական կողմին. Այն կողմին, որն իրեն երեւակայում է յաղթող: Որեւէ յաղթանակ եւ որեւէ պարտութիւն յաւերժական չէ, բայց պէտք են ուրիշ մարդիկ, որոնք կը կարողանան արժանի ներկայացնել մեր պետութիւնը:

Հիմա խօսւում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մասին. ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական սահմանազատում: Վերջնական սահմանազատումը եւ դրա հաստատումը համապատասխան պայմանագրով՝ կը նշանակի Արցախի խնդրի ուրացում, որովհետեւ եթէ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն այն համատեքստում, ինչում այժմ փորձ է կատարւում ներկայացնել Բաքւի կողմից, ապա մենք ուրանում ենք Արցախի հիմնախնդիրը:

 

- Դա՞ է պատճառը, որ Իրանի արտգործնախարար Զարիֆն Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպումից յետոյ թւիթերում գրել էր, որ Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան վերականգնումը:

- Ինչպէս ասում են՝ յաղթողներին չեն դատում, Ադրբեջանը հանդէս է գալիս՝ որպէս յաղթող կողմ, եւ այս իմաստով ակնյայտ է, որ Իրանի քաղաքականութիւնն էլ, ելնելով գետնի վրայ առկայ իրողութիւններից, որոշակի փոփոխութիւններ կրում է, բայց այդ փոփոխութիւնները միայն դրանով պայմանաւորւած չեն: Արդեօ՞ք մենք աշխատում ենք այս ընթացքում Իրանի հետ: Հրադադարի յայտարարութեան ընդունումից յետոյ արդեօք մենք աշխատե՞լ ենք Իրանի հետ. տեսանելի դաշտում այդ աշխատանքը չի երեւում: Չենք աշխատում, կամ աշխատում ենք ոչ պատշաճ մակարդակով: Առնւազն պէտք է տեղի ունենար արտգործնախարարների մակարդակով հանդիպում, գոնէ հեռախօսազրոյցներ, որպէսզի մենք այսպիսի արդիւնք չստանանք իրանական կողմից: Ադրբեջանի արտգործնախարարը գտնւում էր Թեհրանում, եւ թւիրթերեան այս գրառումը տեղի է ունեցել այդ այցի համատեքստում: Հետեւաբար՝ ակնյայտ է, որ ադրբեջանական կողմը գերակտիւ քաղաքականութիւն է վարել մինչեւ պատերազմը եւ պատերազմից յետոյ ընկած ժամանակահատւածում՝ Իրանում փորձելով ամրապնդել իր շահերը:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։