Հա

Քաղաքական

13/12/2020 - 12:05

«Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխութիւնը». Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանի «Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխութիւնը» վերտառութեամբ յօդւածը, որտեղ վերջինս նշում է այն հանգամանքները, որոնք Նիկոլ Փաշինեանի հեռացումը դարձնում են անխուսափելի:

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանի «Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխութիւնը» վերտառութեամբ յօդւածը, որտեղ վերջինս նշում է այն հանգամանքները, որոնք Նիկոլ Փաշինեանի հեռացումը դարձնում են անխուսափելի:

Յօդւածը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

«Այսօրւայ Հայաստանի վիճակի առանձնայատկութիւնն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդէն շատ պարզ են։

Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ կատարւածի պատճառով եւ յանուն կատարւելիքի։

 

Հեռացում կատարւածի համար

- Մերժել է նախորդ տասնամեակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կէտից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինեանը դրանով բանակցութիւնները յանգեցրել է փակուղու եւ պետութիւնը տարել պատերազմի:

- Ունենալով պատերազմը շուտ դադարեցնելու մի քանի հնարաւորութիւն՝ մերժել է դա անել՝ պատճառ դառնալով հազարաւոր զոհերի եւ տարածքային կորուստների։

ա/ Պատերազմի հետեւանքով ունենք մօտ 5 հազար զոհ, 10 հազարից աւելի վիրաւորներ, նաեւ մեծ թւով ծանր վիրաւորներ, ունենք անհետ կորածներ եւ գերիներ։

բ/ Պատերազմի հետեւանքով ունենք ահռելի տարածքային կորուստներ։

գ/ Պատերազմի հետեւանքով ունենք Հայաստանի քանդւած անվտանգային համակարգ եւ պետութեան լինել-չլինելու խնդիր։

 

Հեռացում կատարւելիքի համար

Հետպատերազմեան Հայաստանը կանգնած է ծանրագոյն հեռանկարի առաջ.

- Անվտանգութեան համակարգի վերականգնում:

- Բանակցութիւններ Արցախի շուրջ:

- Բանակցութիւններ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների շուրջ:

- Բանակցութիւններ Թուրքիայի հետ:

- Ռուսաստանի հետ խորքային նոր յարաբերութիւնների ձեւաւորում:

- Տնտեսութեան եւ ֆինանսական շուկաների փրկում. այստեղ փլուզումների վտանգը շաբաթների հարց է։

- Վիրաւորների հանդէպ հոգածութիւն։ Մենք ունենալ հազարաւոր ծանր վիրաւորներ՝ անդամալույծ, հաշմանդամ 18-20 տարեկաններ։ Եւ մենք պարտաւոր ենք նրանցով լրջօրէն զբաղւել։

- Աշխարհում Հայաստանի պարտւած պետութեան համբաւի վերափոխում։

- Հայկական աշխարհի նոր օրակարգի ձեւաւորում։

Այս խնդիրներից իւրաքանչիւրի լուծումը Ն. Փաշինեանի ունակութիւններից վեր է, իսկ չլուծելը բերելու է նոր պատերազմի։ Ընդ որում՝ շատ արագ, շատ սահուն։

Օբիեկտիւօրէն պարտւած ղեկավարը չի կարող պետութեան վերականգնումը ղեկավարել։ Բաքւի շքերթը ցոյց տւեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն յստակ որոշում՝ հոգեբանօրէն եւ բարոյապէս ճզմել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Սա առաջիկայ տարւայ նրանց քաղաքականութիւնն է։ Ամէն առիթով փորձ է արւելու նւաստացնել եւ ստորացնել մեր պետութիւնը։ Օրինակ՝ եթէ մի անհաւանական կերպով Փաշինեանը մինչեւ ապրիլ մնաց իշխանութեան, ապա Էրդողանը ապրիլի 24-ի նախօրեակին հայ ժողովրդին «արգելելու» է նշել ցեղասպանութեան օրը՝ սպառնալով նոր ռազմական հարւածով, իսկ յաջորդ օրերին մեծացնելու է սահմանային լարւածութիւնը։ Ադրբեջանը մի կարճ ժամանակ յետոյ հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար կազմակերպելու է պրովոկացիաներ՝ լոկալ ռազմական հարւածներ հասցնելու համար։ Նրանք խնդիր են դրել Հայաստանը վերջնականապէս ջարդել՝ պատմական երկար ժամանակահատւածի համար։

 

Ձեւակերպւած հարցադրում

Արդեօք բանակցութիւնները փակուղու հասցնելը, երկիրը պատերազմի բերելը, պատերազմը ժամանակին չկանգնեցնելը Փաշինեանն արել է դաւաճանութեա՞ն արդիւնքում, թէ՞ չհասկանալով՝ փնթի, մեծամիտ, անգրագէտ կառավարման հետեւանքով. այս հարցն արդէն ցեցի պէս մտել է իւրաքանչիւրի տուն։ Այդ հարցը պիտի պատասխան ստանայ։ Օրակարգում նման հարց ունենալով՝ որեւէ պետութիւն չի կարող չքանդւել։ Այդ հարցը նշանակում է, որ մենք ամէն օր կարող ենք ստանալ մի նոր դաւադրութիւն, մի նոր պատերազմ կամ մի նոր այլ ողբերգութիւն։

Դաւաճանութեան վարկածի հերքումը, որքան էլ տարօրինակ հնչի, Փաշինեանի ձեռքում է։ Նրա ինքնակամ հրաժարականը հակադաւաճական թեզի ամենակարեւոր ապացոյցն է։ Նրա՝ ամէն կերպ մնալը, երկրի հաշւին պաշտօնից կառչելը՝ խօսելու է յօգուտ այդ վարկածի։

 

Հասկանալ «Իմ քայլին»

Վստահաբար՝ «Իմ քայլի» զգալի մասը հասկանում է, որ Փաշինեանի օրօք պետութեան առաջ կանգնած սուր հարցերը չեն լուծւելու։ Հասկանում է ռիսկերի մեծ մասը։ Հասկանում է կատարւածի ողբերգականութիւնը։ Այսքանով հանդերձ՝ դեռ Փաշինեանի է պաշտպանում։ Այս մարդկանց հետ պէտք է հանգիստ եւ առարկայական խօսել՝ պայմանով, որ այդ խօսակցութիւնն ունի սահմանափակ ժամկէտ, որովհետեւ նրանց յամառութիւնը մի պահից վտանգում է պետութեան գոյութիւնը։ Հասկանանք՝ ի՞նչ են ուզում նրանք.

- Իրենց մանդատնե՞րը. պէտք է պայմանաւորւել

- Անվտանգութեան երաշխիքնե՞ր. պէտք է տալ

- Պաշտօննե՞ր. պէտք է պայմանաւորւել (իհարկէ՝ ըստ մասնագիտական ունակութիւնների)

- Փոխհատուցո՞ւմ, վարկի մարո՞ւմ, աջակցութիւն հիպոթեքի հարցո՞ւմ. պէտք է անել։

Առաջարկում եմ դադարեցնել բակերում դաւաճան գոռալը։ Նրանք ունեն երեխաներ, ծնողներ։ Նրանք արել են, մենք չանենք։ Փոխարէնը ֆիքսում ենք ժամկէտները եւ հետները խօսում՝ խաղաղ ու առարկայական։

Խաղի կանոնը միակն է՝ ֆիքսւած ժամկէտներում պայմանաւորւածութիւնները սրբօրէն պահպանւում են։ Խելամիտ ժամկէտներում չպայմանաւորւելու դէպքում որեւէ երաշխիք, որեւէ պայմանաւորւածութիւն այլեւս չի գործելու։

 

Չհասկանալ «Իմ քայլին»

Ինքս ընդգծւած կողմ եմ «Իմ քայլի» հետ հանդարտ երկխօսութեան՝ առանց սպառնալիքի եւ վիրաւորանքի, ուղղակի տեսնել, որ դիմացը մարդ է ու այդպէս կառուցել խօսակցութիւնը։ Միւս կողմից՝ չպէտք է վախենալ դիմացդ մարդու բացակայութեան փաստից.

«Իմ քայլի» երեք պատգամաւոր՝ Վահագն Թեւոսեանը, Հայկ Գէորգեանը, Վահագն Յովակիմեանը, երկար տարիներ աշխատել են իրենց գործընկեր Գեղամ Նազարեանի հետ, հարիւր անգամ սեղան նստել, նրանց երեխաները մեծացել են միասին։ Հիմա Գեղամի տղան պատերազմի անհետ կորածներից է՝ 18 տարեկան տաղանդաւոր մի տղայ։ Այս երեք պատգամաւորները Գեղամի՝ իրենց ընկերոջ տուն չեն գնացել, չեն զանգել, ցաւակցել, աջակցութիւն առաջարկել՝ որոնման հարցերում։ Որ յանկարծ Նիկոլը չջղայնանայ, քանի որ Գեղամի կայքը Նիկոլի դէմ նիւթեր է տպում։ Այս երեքը՝ որպէս պատգամաւոր ու ընկեր, պարտաւոր էին Գեղամի թեւը մտած՝ պտտւել դիահերձարաններով (ինչպէս անում են ուրիշները), հիմնարկից հիմնարկ վազել՝ մի որեւէ նորութեան հետեւից, բայց նրանք նոյնիսկ չեն զանգում ցաւակցելու. Նիկոլը յանկարծ կիմանայ, Նիկոլը յանկարծ կը բարկանայ։ Արժէ՞ արդեօք Նիկոլից ստացած մանդատը նման կեանքի դիմաց։

Ինչո՞ւ եմ սա ասում. «Իմ քայլի» մի զգալի մասը նորմալ մարդիկ են, գուցէ հիմա շոկի մէջ են, ունեն անհանգստութիւններ ու տատանւում են, բայց նրանց հետ կարելի է ու պէտք է խօսել։ «Իմ քայլում» կան նաեւ այնպիսիք, որոնց հետ որեւէ իմաստ չունի խօսելը. մանդատ՝ ես-ի դիմաց գործարքը վաղուց է կայացել։ Եւ առաջիկայ ժամերին իմքայլականներից իւրաքանչիւրը պէտք է որոշում կայացնի՝ ո՞ր խմբում է ինքը։ Իսկ Նիկոլը, միեւնոյն է, շուտով գնալու է»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։