Հա

Քաղաքական

13/12/2020 - 13:10

«Բանակը, ուժայինները, մեր սահմանները, բոլորս դարձել ենք Փաշինեանի վախերի գերին․ նրա գործունէութիւնը մեզ ամէն րոպէ նոր ողբերգութեամբ է սպառնում». Մարինէ Սուքիասեան

Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Մարինէ Սուքիասեանը յօդւած է գրել, որում անդրադարձել է Հադրութի երկու գիւղի վրայ հակառակորդի յարձակումից յետոյ Երեւանում երէկ ստեղծւած իրադրութեանը։

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Մարինէ Սուքիասեանը յօդւած է գրել, որում անդրադարձել է Հադրութի երկու գիւղի վրայ հակառակորդի յարձակումից յետոյ Երեւանում երէկ ստեղծւած իրադրութեանը։

Յօդւածը՝ ստորեւ.

Այս գիշեր Երեւանը դարձեալ չքնեց։ Ուշ երեկոյեան ոստիկանական եւ յատուկ նշանակութեան հսկայական, աննկարագրելի քանակի ուժեր էին կենտրոնացւել կառավարութեան շէնքի եւ կառավարական ամառանոցների մօտ։

Մինչեւ ուշ գիշեր Երեւանը փորձում էր հասկանալ, թէ ինչ է կատարւում։ Հիմնական վարկածներն էին.

- Փաշինեանը հրաժարական է տալիս եւ պատրաստւում է ուղերձով դիմել

- Փաշինեանը պատրաստւում է փախչել Հայաստանից

- Փաշինեանը ալկոհոլային խիստ թունաւորման մէջ է, եւ բժիշկները վերակենդանացման միջոցառումներ են անում

- Փաշինեանը Հադրութի դէպքերից յետոյ հերթական նոպան է ունեցել եւ պատրաստւում է յայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

- Փաշինեանին ոստիկանապետը զգուշացրել է, որ համակարգը մի քանի օրից չի ենթարկւելու իրեն, եւ միջին ու բարձր սպայակազմը հակւած է միանալու ժողովրդին

- Փաշինեանը կորցնում է բանակի հանդէպ իր վերահսկողութիւնը, եւ բանակը հակւած է միանալ ժողովրդին՝ նոյն պահանջով

- Փաշինեանն իր մօտ է կանչել ՀՔԾ պետին եւ յանձնարարել ուժայինների եւ ընդդիմադիրների զանգւածային ձերբակալութիւններ

Թէ այս վարկածներից որն էր կամ որոնք էին ճշմարտութեանն առաւել մօտ, այս գիշեր մենք չիմացանք։

Մինչեւ վաղ առաւօտ քաղաքը սպասում էր վարչապետի հերթական ոչ սթափ ուղերձին, որից յետոյ Մանէ Գէորգեանն ու թիմի մի քանի անդամներ պէտք է սկսէին սրբագրումները՝ այդպէս չէր ուզում ասել, ճիշտ չէք հասկացել եւ այլն։

Փաստը հետեւեալն է. մենք բոլորս դարձել ենք Փաշինեանի վախերի գերին, բանակը դարձել է Փաշինեանի վախերի գերին, ուժայինները դարձել են Փաշինեանի վախերի գերին, մեր սահմանները դարձել են Փաշինեանի վախերի գերին, մեր կեանքը դարձել է Փաշինեանի վախերի գերին։

Վարչապետ Փաշինեանի գործունէութիւնը մեզ ամէն րոպէ նոր ողբերգութեամբ, նոր անակնկալով, նոր անկանխատեսելիութեամբ է սպառնում։ Նրա վարքագիծը չի տեղաւորւում առողջ բանականութեան եւ երկրի ղեկավարի համար համատեղելի նորմերի մէջ։ Մենք ապրում ենք մեր պետութեան ամենառիսկային օրերը։ Իրենց յստակ դերն ունեն ուժայինները՝ ԱԱԾ-ն՝ իրականացնելու պետական անվտանգութեան ապահովման իր կարեւորագոյն ֆունկցիան, Բանակը՝ անհեթեթ հրամանի դէպքում անմիջապէս Նախագահին՝ ԱԺ-ին տեղեակ պահելու համար, ոստիկանութիւնը՝ չկատարելու որեւէ խելագար հրաման, եւ Նախագահը, որի սոլիդ կեցւածքը որոշակի երաշխիքներ է տալիս։ Եւ իհարկէ՝ հասարակութիւնը, որն առաջիկայ օրերին ուղղակի պէտք է հասնի «Հայաստանն առանց Փաշինեանի» վիճակին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։