Հա

Քաղաքական

13/12/2020 - 14:30

«Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողութիւնները շարունակել են նաեւ այսօր՝ Մեծ Շէն եւ Հին Շէն բնակավայրերի ուղղութեամբ». ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերեալ։

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերեալ։

Յայտարարութիւնում ասւում է․

«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտւելով այն փաստից, որ Արցախի Հանրապետութեան տւեալ հատւածում խաղաղապահ ուժեր տեղակայւած չեն, Ադրբեջանի զինւած ուժերի յատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերի հատւածում, ինչի հետեւանքով տարբեր աստիճանների հրազէնային վիրաւորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողութիւնները շարունակել են նաեւ այսօր՝ Մեծ Շեէ եւ Հին Շէն բնակավայրերի ուղղութեամբ:

Խստօրէն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագոյն ղեկավարութեան՝ մարտական գործողութիւնների դադարեցման եւ ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերեալ եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնների այս կոպտագոյն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշւած գործողութիւնները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ ուժերի ներկայութիւնը հակամարտութեան գօտում:

Ադրբեջանական կողմը, հաւատարիմ մնալով իր աւանդական գործելաոճին, տւեալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելութեան օրերին: Ըստ էութեան, համանախագահ երկրների ջանքերի դէմ ուղղւած այս մարտահրաւէրն օրերս Բաքւում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղւած ռազմատենչ եւ անընդունելի յայտարարութիւնների շարունակութիւնն է: Նման գործելաոճը եւս մէկ անգամ ի ցոյց է դնում թուրք-ադրբեջանական ծաւալապաշտական քաղաքականութիւնը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայունութիւնը եւ յղի է ծաւալմամբ յարակից տարածաշրջաններ:

Պաշտօնական Բաքւի այս գործողութիւններն առաւել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքների վերացումը, այդ թւում՝ Արցախի տարածքների դէօկուպացիան եւ արցախահայութեան վերադարձը իրենց բնակութեան վայրեր:

Հաշւի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտաւորութիւնների խախտման անպատժելիութեան փաստը եւ դրա հետեւանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբայ, յստակ եւ հասցէագրւած արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման եւ հայկական բնակավայրերի գրաւմանն ուղղւած այս գործողութիւններին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։