Հա

Քաղաքական

14/12/2020 - 11:05

«Փաշինեանի իշխանութիւնը փորձում է առաջնորդւել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանութիւնը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» սկզբունքով՝ մօտեցնելով պետականութեան կորստին»․ Ա․ Չալաբեան

Քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւններին։

«alikonline.ir» - Քաղաքական գործիչ Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձութիւններին։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Հանգստեան օրերին տեղի ունեցած իրադարձութիւնները Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերի շուրջը եկան յիշեցնելու, որ պատերազմը չի աւարտւել, որ մէկ ամիս առաջ ստորագրւած Կապիտուլեացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թէ խաղաղութեան պայմանագիր, եւ այն ամէն րոպէ կարող է խախտւել, որպէս կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թոյլ տալ խօսել ուժի դիրքերից։

Այս երկու բնակավայրերի, եւ նրանց շուրջը գտնւող ռազմավարական դիրքերի խնդիրը սրութեամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրւանից։ Այս դիրքերը հերոսաբար պահւել էին Բերձորի շրջանում կռւող հայկական ստորաբաժանումների կողմից, մէկ յստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնյայտ է մէկ անգամ քարտէզին նայելուց)։ Զինադադարից յետոյ, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանէ մեծ շահագրգռւածութիւն չունէին այստեղ տեղակայւելու, պատահական չի, որ այս հատւածը նրանց պատասխանատւութեան գօտու քարտէզում յայտնւեց միայն երէկ, արդէն թշնամու կողմից նրա վրայ զանգւածային գրոհից յետոյ։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռւած հայկական կամաւորական ջոկատները, իսկ Երեւանի եւ Ստեփանակերտի ղեկավարութիւնը, այս հատւածը նոր ուժերով ամրապնդելու եւ անառիկ ամրոց դարձնելու փոխարէն, պասիւ սպասել է ռուսական խաղաղապահների գալստեանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստեան օրերին դեռեւս վարչապետի պաշտօնում գտնւող անձի խօսնակի կողմից արւած յայտարարութիւնը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղեակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչեւ հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։ Այս տարօրինակ յայտարարութիւնից հետեւում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանութեան պարտականութիւնը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրայ, կարծես այլեւս չկան հայկական զինւած ուժեր եւ Արցախի պաշտպանութեան բանակ։ Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մէջ ոչ մի տեղ չի ասւում, որ հայկական զինւած ուժերը դեմոբիլիզացւում են, կամ Արցախի պաշտպանութեան բանակը դադարում է գոյութիւն ունենալուց՝ ընդհակառակը, յստակ ֆիքսւում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի իւրաքանչիւր կողմ հէնց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայութեան տակ գտնւող տարածքի պաշտպանութեան համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանութիւնը կողմերի միջեւ, եւ իրենք հակամարտութեան կողմ չեն։

Իրականում, ակնյայտ է որ արտաքին եւ ներքին համատարած մեկուսացման մէջ գտնւող Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը փորձում է առաջնորդւել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանութիւնը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» աղէտալի սկզբունքով, թերեւս մինչեւ վերջ չգիտակցելով, որ Հայաստանը որ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանութիւն, եւ ամէն մի հերթական յանձնումը աւելի է սեղմում մեր շուրջը հրէ օղակը, եւ մօտեցնում է մեզ պետականութեան կորստին։ Խծաբերդից եւ Հին Թաղերից յետոյ հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գօտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաեւ ամբողջ Սիւնիքը, որի վրայ իր յաւակնութիւնները Ադրբեջանի դիկտատորը աներկբայ յայտնեց անցած շաբաթ, եւ որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կը լինի, եթե Հայաստանից դիմադրութիւն չտեսնի։

Այս աղէտալի ընթացքը կարելի է կանխել, եւ նոյնիսկ ապագայում յետ շրջել, եթէ Հայաստանում ձեւաւորւի այնպիսի իշխանութիւն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիւ եղած, բայց իրականում բաւական մեծ եւ կարող ուժերը, նորովի եւ իրատեսօրէն յարաբերութիւնները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգեւորութիւն եւ յոյս տայ Հայաստանում ապրող ժողովրդին, ներառեալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանութեան բերեց Նիկոլ Փաշինեանին։ Այս իշխանութիւնը կարելի է ձեւաւորել միայն համազգային համաձայնութեան եւ կոլեկտիւ պատասխանատւութեան միջոցով, ներգրաւելով այն ուժերին, որոնք իրենց վրայ չեն կրում անցեալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցութեան եւ տքնաջան աշխատանքի՝ յանուն մեր երկրի, եւ այսուհետեւ ազնիւ կը լինեն սեփական ժողովրդի հետ։

Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշիեանը, որը յուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգութիւնը դեռեւս չվերապրած հասարակութիւնը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանեակների միջոցով հակառուսական տրամադրութիւններ սադրել, եւ այդպէս շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանութիւնը։ Նրա իշխանութեան ամէն օրը մեր պետականութեան մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատւած, մեր տնտեսութեան մի հիւլէ՝ եւ այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի եւ ռազմաշունչ հռետորաբանութեան ֆոնին։

Նախկինում ես անկեղծօրէն յոյս ունէի, որ Նիկոլ Փաշինեանը կը գիտակցի, որ ինքն այլեւս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, եւ հրաժարական կը տայ՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպէս դա արեցին բազմաթիւ այլ պաշտօնեաներ, որոնք պատասխանատւութիւն ստանձնեցին այս պատերազմում պարտութեան համար եւ հեռացան։ Սակայն ցաւով պէտք է արձանագրեմ, որ պրն Փաշինեանը կամ բացարձակ կտրւել է իրականութիւնից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հաւաքական շահից, եւ շարունակելով յամառել, հետեւողականօրէն տանում է մեզ դէպի նոր աղէտ։ Ուստի ես դիմում եմ արդէն նրա կողմնակիցներին՝ մասնաւորապէս, Ազգային ժողովում գտնւող՝ եթէ մենք կորցնենք մեր պետութիւնը, ձեզնից ոչ մէկը հոգու փրկութիւն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռաւոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող էք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրայ, միասին ընդունելի լուծումներ գտնել, եւ օգնել փրկելու մեր բոլորի պետութիւնը, այլապէս վաղը նրան կը հասնի Խծաբերդի ճակատագիրը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։