Հա

Քաղաքական

19/12/2020 - 13:00

«Դաւաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր». Դաւիթ Շահնազարեան

Այսօրւանից՝ կապիտուլեացիոն համաձայնագրի կնքումից 40 օր անց, ՀՀ-ում յայտարարւած է եռօրեայ սուգ: Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեամբ ժամը 13.00-ից Հանրապետութեան հրապարակից մեկնարկելու է նահատակների յիշատակի սգոյ երթը դէպի Եռաբլուր: Եւ որպէսզի Նիկոլ Փաշինեանի ու այդ երթի մասնակիցների մուտքը Եռաբլուր թոյլ չտրւի, մի շարք ազատամարտիկներ, զոհւածների հարազատներ վաղ առաւօտից Եռաբլուրում են:

«alikonline.ir» - Այսօրւանից՝ կապիտուլեացիոն համաձայնագրի կնքումից 40 օր անց, ՀՀ-ում յայտարարւած է եռօրեայ սուգ: Նիկոլ Փաշինեանի նախաձեռնութեամբ ժամը 13.00-ից Հանրապետութեան հրապարակից մեկնարկելու է նահատակների յիշատակի սգոյ երթը դէպի Եռաբլուր: Եւ որպէսզի Նիկոլ Փաշինեանի ու այդ երթի մասնակիցների մուտքը Եռաբլուր թոյլ չտրւի, մի շարք ազատամարտիկներ, զոհւածների հարազատներ վաղ առաւօտից Եռաբլուրում են. տեղեկացնում է 168.am-ը:

«Դաւաճանական երթը պիտի չմտնի Եռաբլուր, որովհետեւ նրանք, ովքեր այսօր կը մասնակցեն Փաշինեանի երթին, նրանք իրենց վրայ կը վերցնեն այն ողջ պատասխանատւութիւնը՝ Փաշինեանի եւ նրա կառավարութեան բոլոր արածների համար. կապիտուլեացիա, Արցախի մեծ մասի յանձնում, ահռելի վտանգ Հայաստանին՝ այն, ինչ տեղի է ունենում հիմա Սիւնիքում, եւ իրենց վրայ կը վերցնեն 2.5 տարի ամէն օր արւած պետական դաւաճանութիւնը Փաշինեանի կողմից, կը կիսեն այդ մեղքերը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում ասաց 1994-95 թթ. ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավար, 1992-95 թթ. ՀՀ նախագահի յատուկ յանձնարարութիւններով դեսպան, 1991-95, 1995-99 թթ. ՀՀ ԱԺ պատգամաւոր Դաւիթ Շահնազարեանը:

Դաւիթ Շահնազարեանի խօսքով՝ Նիկոլ Փաշինեանը հրահանգ է տւել մոբիլիզացնել վարչական բոլոր ռեսուրսները:

«Ոստիկանութեան պետերը հրահանգ են ստացել իրենց մօտ հաշւառւած անձանց՝ թմրամոլներ, քրէական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին: Բոլոր պետական հիմնարկները՝ Ատոմակայան… այսինքն՝ վերջին ռեսուրսներն է Փաշինեանը նետում՝ փորձելով ցոյց տալ, թէ իբր տեսէք՝ ինքը աջակցութիւն ունի:

Ես բոլորին կոչ եմ անում հրաժարւել, չմասնակցել այդ երթին, դա դաւաճանների երթ է: Մերժէք պետական դաւաճանների երթը: ԱԱԾ-ն եւ ոստիկանութիւնը հրահանգ է ստացել նաեւ ներգրաււել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդէն յանցագործութիւն է, որը նրանք կազմակերպել են: Ուրեմն այսպէս, դաւաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»,- ասաց Շահնազարեանը:

Լրագրողների հետ զրոյցում Շահնազարեանը չբացառեց բախումների հնարաւորութիւնը:

«Փաշինեանը հրահրել է այդ բախումները, եւ եթէ հրահրի, կը ստանայ արժանի պատասխան, դրանում կարող է չկասկածել»,- ասաց նա:

Անդրադառնալով այս օրերին տեղի ունեցող սահմանազատման աշխատանքներին ու դրանից բխող հնարաւոր վտանգներին՝ Շահնազարեանն ասաց, թէ վտանգւած են ոչ միայն սահմանները, ու ոչ միայն Սիւնիքը, այլեւ ողջ Հայաստանը:

«Փաշինեանը կառչած է իշխանութիւնից, որովհետեւ դեռ քայլեր ունի անելու: Նա պէտք է զօրքերը յետ քաշի, առնւազն 7-8 գիւղ հիւսիսում յանձնի Ադրբեջանին, Վայքի մարզում յանձնի, Արարատի մարզում յանձնի եւ, իհարկէ, Սիւնիքում, եւ նրա քիչ առաջ ասած հերթական դաւաճանութիւնը, որ տարածքներ տալով՝ մենք աւելի անվտանգ ենք լինելու: Բացի դրանից նա պատրաստւում է սահմանազատման պայմանագիրը կնքել Ադրբեջանի հետ, ինչո՞ւ չէ, հաստատել նաեւ դիւանագիտական յարաբերութիւններ, նա պատրաստւում է Սիւնիքով մի քանի ճանապարհներ, այդ թւում՝ գազամուղներ եւ նաւթամուղներ Ադրբեջանից Թուրքիա թոյլատրել, որ կառուցւի, որոնք Հայաստանի վերահսկողութեան տակ բացարձակապէս չեն լինելու, եւ բացի դրանից՝ նա նաեւ նպատակ ունի մօտ ապագայում հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ Թուրքիայի հետ: Այսինքն, ամբողջովին փոխում է… Գիտէ՞ք, այն Հայաստանը, որ կար մինչեւ սեպտեմբերի 27-ը, այլեւս չկայ: Մենք ունենք ծւատւած եւ ամէն օր թուլացող, քանդւող պետականութիւն, Արցախի մասին չեմ ասում: Նպատակաուղղւած թուլացնում է բանակը: Ուստի այսօր նրան թոյլ չտալով, որպէսզի նա գայ, իր դաւաճանական երթով մտնի այստեղ, մենք դրանով, կարծում եմ, շատ ծանր հարւած հասցրած կը լինենք այս՝ պետական դաւաճանութիւն գործող իշխանութեանը… Փաշինեանի խօսքերը նշանակութիւն չունեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս, որովհետեւ նրան արդէն որեւէ տեղ լուրջ չեն ընդունում: Եւ մեր հանրութիւնը նոյնպես: Այսօր նրա օր առաջ հեռանալը հանրային պահանջ է: Այսօր Հայաստանի հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը համոզւած է, որ երկրում 2.5 տարի ամէն օր տեղի է ունեցել պետական դաւաճանութիւն»,- խօսքը եզրափակեց Դաւիթ Շահնազարեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։