Հա

Քաղաքական

21/12/2020 - 12:55

Հայերը բողոքում են սովետական սահմաններին վերադարձի դէմ

Հայաստանի հարաւում ցուցարարները վերջին օրերին փակում են ճանապարհները եւ կառավարութիւնից պատասխան են պահանջում: Նրանք բողոքում են, որ ադրբեջանցի զինւորականները պատերազմի արդիւնքներով առաջ են գալիս դէպի հին սովետական սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Դա մեծ պրոբլեմներ է հարուցում: Հինգշաբթի երեկոյան ադրբեջանական բանակը կողմերի պայմանաւորւածութեամբ դիրքեր զբաղեցրեց Կապանի մօտ:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄԵԱՆ

 

Հայաստանի հարաւում ցուցարարները վերջին օրերին փակում են ճանապարհները եւ կառավարութիւնից պատասխան են պահանջում: Նրանք բողոքում են, որ ադրբեջանցի զինւորականները պատերազմի արդիւնքներով առաջ են գալիս դէպի հին սովետական սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Դա մեծ պրոբլեմներ է հարուցում: Հինգշաբթի երեկոյան ադրբեջանական բանակը կողմերի պայմանաւորւածութեամբ դիրքեր զբաղեցրեց Կապանի մօտ: Հայկական զինւած խմբաւորումները, որ պատերազմի աւարտից յետոյ մնում էին ադրբեջանական միջազգայնօրէն ճանաչւած սահմանների խորքում, յետ քաշւելու հրաման ստացան: Մէկ օր առաջ այդ խմբաւորումների զինւորները փակել էին Կապանից հարաւ՝ Իրան տանող ճանապարհը: Ուրբաթ ցուցարարները փակել էին Գորիս տանող մայրուղին: «Մենք անվտանգութեան մեծ խնդիրներ ունենք»՝ լրագրողներին պատմել է Գորիսի փոխմարզպետ Մենուա Յովսէփեանը, որ միացել է Գորիս-Երեւան բողոքի ակցիային:

«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է անվտանգութիւնը: Այս տարածքները պէտք էին անվտանգութեան ապահովման համար: Մենք անվտանգութեան գօտի էինք ստեղծել: Պէտք է հասկանալ, որոնք են լինելու անվտանգութեան ապահովման յաջորդ քայլերը»՜ Յովսէփեանին շարունակում է Կապանի քաղաքապետ Գէորգ Պարսեանը: Նրա խօսքով՝ Կապանը յայտնւել է սահմանից 1-2 կիլոմետրի վրայ: Օդանաւակայանը՝ մի քանի հարիւր մետրի: Մի քանի գիւղերի բնակիչներ, տեղական իշխանութեան ներկայացուցիչների խօսքով, ադրբեջանցիների թիրախում են, որովհետեւ նրանք բարձունքների վրայ են: Բայց այդ տագնապները կիրականանան այն հիպոթետիկ դէպքում, եթէ զինւած կոնֆլիկտը կը վերսկսւի արդէն ոչ թէ Ղարաբաղում, այլ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Շատ աւելի կենսական է հարցը, որ սահմանի հին սովետական գիծը հատում է ճանապարհը հայկական բնակավայրերի միջեւ, այդ թւում Իրան տանող կարեւորագոյն մայրուղին:

Սովետական ժամանակներում հանրապետութիւնների միջեւ սահմանները գծում ու վերագծում էին՝ ղեկավարւելով քաղաքական ու տնտեսական նկատառումներով, բայց այդ նկատառումների մէջ երբեք չի եղել, որ ԽՍՀՄ-ի ներքին սահմանները երբեւէ կը դառնան ինքնինշխան պետութիւնների սահմաններ, այն էլ՝ կոնֆլիկտող պետութիւնների: Հին սովետական սահմանը Հայաստանի հարաւային Սիւնիքի մարզի եւ Զանգելանի ու Կուբատլուի շրջանների միջեւ, որ Ադրբեջանը պատերազմով վերադարձրեց, հատում է Գորիս-Կապան կարեւորագոյն մայրուղին եւ Կապանից դէպի մի քանի գիւղեր տանող ճանապարհները: Դատելով հին քարտէզներից՝ սահմանը տեղ-տեղ անցնում է կարեւորագոյն լեռնային ճանապարհով, որ Կապանից հարաւ է տանում:

Մինչեւ վերջին պատերազմը այս շրջանում փաստացի սահման չի եղել, եղել է մօտաւոր տարանջատում Հայաստանի Հանրապետութեան եւ չճանաչւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան: Այսինքն՝ այդ սահմանի երկու կողմում էլ տարածքները վերահսկում ու օգտագործում էին հայերը: 44-օրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը մինչեւ սահման չի հասել, բայց հիմա հին սահմանի մատոյցներում դիրքեր գրաւած հայ կամաւորներին հրամայւած է հետ գնալ՝ խաղաղութեան համաձայնագրով այդ տարածքները վերադարձւում են Ադրբեջանին:

Ցուցարարներին հանգստացնելու համար հինգշաբթի եկել էր ՊՆ նախարար Վաղարշակ Յարութիւնեանը: Նա վստահեցրեց, որ սահմանագիծը վերականգնւում է երկու կողմերի զինւորականների կողմից եւ ինքը ոչ մի մետր Հայաստանի Հանրապետութիւնից չի տայ: Նախարար Վաղարշակ Յարութիւնեանը նաեւ հաղորդեց, որ սահմանը այդ հատւածում վերահսկելու են ռուս սահմանապահները: Նրանք արդէն երկար տարիներ, ռուս-հայկական համաձայնագրով, պահպանում են Հայաստանի սահմանը Իրանի ու Թուրքիայի հետ: Երկուշաբթի պատրաստւում է Սիւնիք մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Ֆէյսբուքում նա հաղորդել է, որ լինելու է բոլոր քաղաքներում՝ Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, հանդիպելու է բնակիչների ու տեղական իշխանութեան հետ:

Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը ուրբաթ օրը լրագրողներին ասաց. «Իրականացւում է դելիմիտացիա, դա արւում է որոշակի փաստաթղթերի հիման վրայ: Դեմարկացիան փաստական հիմքեր ունի եւ մենք առաջ ենք շարժւում փաստաթղթերի համաձայն»: Գրիգորեանը չճշտեց՝ ինչ փաստաթղթերի մասին է խօսքը: Հայկական ու ադրբեջանական աղբիւրներից յայտնի է, որ ռազմական փորձագէտները նորից են գծում սահմանը սովետական ժամանակների հին քարտէզներով, օգտագործելով GPS-ը՝ այդ մասին խօսել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը: «Բարդութիւնն այն է, որ Գորիսն ու Կապանը միացնող գլխաւոր ճանապարհը՝ 21 կիլոմետրանոց, ԽՍՀՄ-ի ժամանակից գոյութիւն ունեցող սահմանների տրամաբանութեամբ որոշ տեղերում դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Եւ հիմա շատ կարեւոր է, որ մենք ապահովենք այդ ճանապարհի նորմալ ու անվտանգ աշխատանքը: Այդ սահմանները ճշտւում են սովետական ժամանակների քարտէզներով, կոորդինատների ճշգրիտ որոշման համար օգտագործվում է GPS-ը»՝ ասել է նա «Ազատութեանը» հարցազրոյցում: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նամակ էր գրել՝ խնդրելով օգնել սահմանային խնդիրների լուծման մէջ: Ուրբաթ օրը Երեւան է եկել ՌԴ Անվտանգութեան դաշնային ծառայութեան ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել է նրա այցի մասին՝ չմանրմասնելով՝ ինչու է եկել, հայկական մամուլը գրում է, որ ԱԴԾ-ի տնօրէնը Հայաստանի, յետոյ Ադրբեջանի ղեկավարութեան հետ քննարկելու է հէնց սահմանների հարցը: Ռուսական սահմանապահ ծառայութիւնը ԱԴԾ-ի կազմում է:

 

Յ.Գ.- Տասնեակ երկրներ իրար հետ դեռ չեն չեն որոշարկել սահմանները, նոյն Ադրբեջանն ու Վրաստանը: Հայաստանն ու Վրաստանը: Ռուսաստանն ու Ճապոնիան: Պատերազմներից յետոյ սահմանների հարցը ամենսուր հարցն է դառնում, որ յաճախ չի լուծւում համաձայնագրերով, այլ՝ յանձնաժողովների աշխատանքով: Այսօր Ադրբեջանը փորձում է պատերազմի արդիւնքը տարածել նաեւ Հայաստանի հետ սահմանների վրայ, թէպետ պաշտօնապէս՝ Հայաստանի հետ պատերազմի մէջ չի եղել, իսկ եթէ ընդհանրապէս պաշտօնապէս՝ իր իսկ տրամաբանութիւնից ելենենք, որ Արցախը Ադրբեջան է, յարձակւել է ինքն իր վրայ: Վստահաբար՝ այս հարցերը դեռ երկար ժամանակ են մնալու բանավէճերի ու տարաձայնութիւնների պատճառ, որովհետեւ սահմանները բնակավայրեր են, ճանապարհներ ու անընդհատ ծագելու են միջադէպեր՝ առիթ տալով ռուս սահմանապահներին կամ խաղաղապահներին իրենց ազդեցութիւնը մեծացնել թէ Հայաստանի, թէ Ադրբեջանի վրայ:

 

Irates.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։