Print this page
21/12/2020 - 13:20

Գորիսցիները յաղթեցին. Նիկոլ Փաշինեանը չեղարկեց այցը Գորիս, Կապան եւ Մեղրի քաղաքներ

Նիկոլ Փաշինեանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, չեղարկեց իր նախապէս պլանաւորւած այցերը Սիւնիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա յայտարարեց Սիսիանում։ 

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը այսօր՝ դեկտեմբերի 21-ին, չեղարկեց իր նախապէս պլանաւորւած այցերը Սիւնիքի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ։ Այս մասին նա յայտարարեց Սիսիանում։ Տեղեկացնում է News.am-ը:

«Սադրանքների չենք տրւելու։ Մեղրին էլ, Կապանն էլ, Գորիսն էլ իրենց տեղում են։ Այսօր մենք հանդիպեցինք սիւնեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սիւնեցի զինւորների գերեզմաններին, ու այս պրոցեսը կը շարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինեանը։

Փաշինեանի խօսքով՝ Երեւան-Գորիս ճանապարհը գորիսցիները փակել են այն պատճառով, որովհետեւ գիտեն, որ իրեն լաւ են ընդունելու այդ քաղաքներում։

«Գործարք եմ առաջարկում, թող բացեն ճանապարհը, գնանք տեսնենք՝ ինչ տրամադրութիւն է այդ քաղաքներում։ Եթէ չեն բացում, ոչինչ, յաջորդ անգամ կը գնանք։ Ես ասեցի, որ գալիս եմ սիւնեցիների աչքերին նայելու, ես նայեցի սիւնեցիների աչքերին։ Շատ հարցերում մեղաւոր եմ ձեր առաջ, դուք շատ աւելիին էք արժանի, ցաւօք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանութիւն, այդ թւում՝ մեր իշխանութիւնը չի կարողացել անել եւ երկիրը հասցնել նրան, ինչին արժանի էք»,- նշեց Փաշինեանը։

Յիշեցնենք, որ Փաշինեանն աւելի վաղ յայտարարել էր, որ այցելելու է Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներ, սակայն անվտանգութեան մեծաթիւ աշխատակիցների ուղեկցութեամբ եղաւ միայն Սառնակունք գիւղում, ապա Սիսիան քաղաքում։ Սիսիանի եկեղեցիում տեղի ունեցաւ միջադէպ. եկեղեցու քահանան ցուցադրաբար հրաժարւեց սեղմել նրա ձեռքը։

Յիշեցնենք, որ վաղ առաւօտից Գորիսի բազմաթիւ բնակիչներ փորձում էին փակել Սիւնիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատւածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը եւ թոյլ չէին տալիս նրանց հասնել Զանգեր։

Աւելի վաղ յայտնել էինք, որ գիշերւանից ոստիկանութեան զօրքերից թւով 2000 անձնակազմ շարժւել է դէպի Սիւնիքի մարզ՝ Սիւնիքի դարպասներ Զանգերի մօտ, որտեղ սիւնեցիները պէտք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։ 

Յիշեցնենք, որ Փաշինեանի մուտքը Սիւնիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերեալ նախապէս յայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանեանին այսօր՝ վաղ առաւօտեան ձերբակալւել է։

Յարակից լուրեր