Հա

Քաղաքական

22/12/2020 - 12:30

«Դէ, թող իր տանն էլ մի ջոկ Ադրբեջանի սպեցնազ բերի, գուցէ իրեն աւելի ապահով զգայ այդպէս». Կարէն Վրթանէսեան

«Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունենում ոչ թէ սահմանազատում, այլ դիրքաւորում:

«alikonline.ir» - «Ռազմինֆօ» մասնագիտացւած կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունենում ոչ թէ սահմանազատում, այլ դիրքաւորում:

«Չկայ սահմանազատման որեւէ պայմանագիր, համաձայնեցւած որեւէ բան չկայ, ադրբեջանցիները գալիս են, զբաղեցնում են բոլոր բարենպաստ բարձունքները, հնարաւորինս առաջ են բրթում իրենց, այսպէս ասած՝ տարածքը, եւ ասում են, որ սահմանն այդտեղով է անցնում: Բայց նոյնիսկ, եթէ հիմք ընդունենք խորհրդային քարտէզները, որոնք չի կարելի հիմք ընդունել, որովհետեւ դրանք վարչական սահմաններ էին… Նիկոլ Փաշինեանն ասաց՝ միջազգայնօրէն ճանաչւած սահմաններ. դա բացարձակ սուտ է, որովհետեւ չկան միջազգայնօրէն ճանաչւած սահմաններ: Սահմանները երկրների միջեւ համաձայնեցնում են այդ երկրները: Շատ հազւադէպ դէպքերում է, երբ երրորդ կողմ է կանչւում, բայց այդ ամենը պէտք է փաստաթղթային, իրաւական հիմք ունենայ: Օրինակ՝ Հայաստանը չի ճանաչել Կանադայի եւ ԱՄՆ-ի սահմանները, այդ երկու երկիրն են իրար մէջ այդ սահմանը նշել, սահմանազատումն իրենք են անում: Նոյնը՝ մեր եւ Ադրբեջանի դէպքում: Օրինակ, մեզ մօտ Վրաստանի հետ սահմանազատումն աւարտւած չէ, Ադրբեջանը Վրաստանի հետ սահմանազատումը չի աւարտել, Ռուսաստանի հետ չի աւարտել: Այսինքն՝ դա երկար եւ իրաւական պրոցես է, պայմանագրային հիմքով պէտք է արւի, ոչ թէ՝ ադրբեջանցին գայ, մատը դնի, ասի՝ սա է սահմանը, հայ գիւղացին էլ ասի՝ ոչ, Երեւանից էլ ՊՆ աշխատողներ գնան եւ գիւղացուն ասեն՝ յետ քաշւիր»,- 168TV-ի «Ռէւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով իշխանական շրջանակների կողմից տարւող դիսկուրսին, թէ դրանք ուրիշի հողերն են, եւ, որ հայկական կողմը ուրիշի հողերն է օգտագործել, Կարէն Վրթանէսեանն ասաց, որ դա ՀՀ իշխանութիւնների նպատակաուղղւած քարոզչութիւնն է. «Չգիտեմ՝ ով է այդ գիւտի հեղինակը, նոր են յիշել դրա մասին, եւ այստեղ բազմաթիւ հարցեր են առաջանում, օրինակ՝ եթէ դա այլ պետութեան տարածք էր, այդ դէպքում ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինեանը Ստեփանակերտում յայտարարում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Եթէ դա այլ պետութեան տարածք է, ստացւում է, որ իր այդ յայտարարութեամբ Նիկոլ Փաշինեանն իսկապէս պատերազմ է հրահրել, եւ ստացւում է, որ Իլհամ Ալիեւը ճիշտ է, երբ մեղադրում է, որ Փաշինեանն է հրահրել այդ պատերազմը: Իսկ քանի որ պատերազմ հրահրելը միջազգային լրջագոյն յանցագործութիւն է, ապա ստացւում է, որ ըստ Նիկոլ Փաշինեանի կողմնակիցների տրամաբանութեան՝ Նիկոլ Փաշինեանը պէտք է դատւի Հաագայի դատարանում, եթէ դա այլ պետութեան տարածք է, ինչպէս իրենք են պնդում: Եթէ դա այլ պետութեան տարածք է, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինեանն այցելում Արցախ, դրանք ո՞ր պետութեան տարածքն էին: Եթէ դա Ադրբեջանի տարածքն էր, ինչո՞ւ էիր առանց Ադրբեջանից թոյլտւութիւն ստանալու՝ այդ տարածքով երթեւեկում, ինչո՞ւ էիր այդտեղ Արայիկ Յարութիւնեանի երդմնակալութեան արարողութեանը մասնակցում: Սա հերթական դեմագոգիան է, փորձում են ինչ-որ ձեւով, ժողովրդի ասած՝ «կրուտիտ» լինել: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման որեւէ պայմանագիր չկայ: Ամբողջ տարածքը՝ Բաքւից մինչեւ Երեւան, որոշւած տարածք չէ, չկայ յստակ սահման: Եթէ նայենք տեխնիկական մանրամասներին, թէ՝ որպէս հիմք ընդունում ենք սովետական սահմանները, ինչը սխալ է, բայց նոյնիսկ այդ սահմանները մինչեւ վերջ ճշգրտւած չեն: Ի վերջոյ, եթէ թղթի վրայ գիծ է քաշւած, գետնի վրայ դա մի քանի տասնեակ մետր կամ նոյնիսկ՝ 100 մետր լայնութեան շերտ լինի, հիմա այդ շերտի ո՞ր մասում են լինելու մեր եւ Ադրբեջանի դիրքերը»:

Սիւնիքի մարզի անվտանգութեան հետ կապւած ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանն իր հարցազրոյցում ասել է. «Այն, ինչ արւում է հիմա, եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ թոյլ է տալիս ասել, որ այսօր այդ հատւածներն ապահովւած են աւելի լաւ: Գորիս-Դաւիթ Բէկ ճանապարհը՝ 21 կիլոմետրը իր հսկողութեան տակ է վերցնում ռուսական սահմանապահ զօրքերը: Մեր սահմանապահ զօրքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգութիւնը: Մեր սահմանապահ զօրքերի յետեւում կանգնած է մեր բանակը: Ձեռք է բերւել պահմանաւորւածութիւն, որ մեր սահմանապահ զօրքերի եւ ճանապարհի այդ հատւածում որեւէ զօրք չի լինելու: Նոյնը վերաբերում է Ադրբեջանին»:

Այս յայտարարութեան հետ կապւած՝ Կարէն Վրթանէսեանն ասաց. «Իսկ Վաղարշակ Յարութիւնեանը կը համաձայնի՞ ապրել այդ ճանապարհի վրայ կամ կողքին, երբ ասում է, որ աւելի անվտանգ է դարձել: Ի՞նչ է՝ ուզում է ասել, որ ադրբեջանական զինւորներն աւելի անվտանգ են, քան նախկինում, երբ այդտեղ զինւոր կանգնելու կարիք չկա՞ր, ի՞նչ աբսուրդ է: Ես իրեն կանւանէի ոչ թէ պաշտպանութեան, այլ անպաշտպանութեան նախարար: Ի՞նչ է նշանակում, թէ ադրբեջանական զինւորների վերահսկողութեան տակ դա աւելի ապահով է դարձել: Դէ թող իր տանն էլ մի ջոկ Ադրբեջանի սպեցնազ բերի, գուցէ իրեն աւելի ապահով զգայ այդպէս»:

Նա ընդգծեց, որ պատերազմում բախւում են պետական համակարգերը՝ ինչ արագութեամբ, ինչ արդիւնաւէտութեամբ դու կը կարողանաս մոբիլիզացնել քո ռեսուրսները. «Դա համար մէկ խնդիրն է պատերազմի ժամանակ: Ըստ էութեան, մեղադրանք հնչեց, որն այդպէս էլ չհերքւեց, որ Նիկոլ Փաշինեանը կանգնեցրել է մոբիլիզացիան: Նիկոլ Փաշինեանը մարդկանց կոչ արեց, մարդիկ իրեն հաւատացին, որպէս կամաւոր գնացին ռազմաճակատ՝ ընդհանրապէս պատրաստ չլինելով այդ պատերազմին: Ես դէպք գիտեմ, երբ մարդը արձագանքել է կոչին, 3 օրից արդէն զոհւել է: Այսինքն՝ լրիւ անպատրաստ մարդուն տարել են առաջնագիծ, ի՞նչ պէտք է անէր այդ մարդը: Բազմաթիւ այդպիսի պատմութիւններ կան: Տասնեակներով խմբեր զոհւել են՝ արձագանքելով իր կոչին: Արդեօ՞ք դրա համար պատասխանատու է, իհարկէ պատասխանատու է: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Հայաստանի ռազմական ղեկավարութիւնն ինչո՞ւ այդ խելագար պլանը չի կանգնեցրել, ինչո՞ւ են թողել, որ այդպիսի կոչ անի: Գուցէ ընդհանրապէս չի էլ խորհրդակցել, չեմ կարող ասել: Բայց կամաւորագրւելու կոչը… մի կարեւոր նրբութիւն էլ՝ ասում էր՝ ձեր միջից ընտրէք հրամանատար: Մարդիկ հաւաքւել են, ասենք՝ 30 հոգով, ուղղակի նայել են տարիքին, ասել են՝ հօրեղբայր, քո մազերը սպիտակ են, դու կը լինես հրամանատարը, բայց հրամանատարութիւնը մասնագիտութիւն է, առաւել եւս՝ ժամանակակից մարտում, անփորձ մարդիկ ուղղակի շանս չունեն մարտի դաշտում օգուտ տալ: Կը ներէք, ծայրայեղ ստորութիւն էր դրանից յետոյ մեղադրել մարդկանց, որ՝ չէք կամաւորագրւել»:

Ռազմիկ Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։