Հա

Քաղաքական

23/12/2020 - 12:05

«Թուրքիայի հետ սահմանի բացումը այս ժամանակաշրջանում սկիզբ է դնելու այդ երկրի կողմից Հայաստանի օկուպացիային տնտեսական միջոցներով». Նայիրի Յոխիկեան

Պատերազմից յետոյ էլ երկար ժամանակ չէի համարձակւում գրել այն, ինչ տեսնում եմ ապագայում, բայց ստիպւած եմ։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Պատերազմի օրերին մտածում էի՝ գրել հայկական կողմի պարտութեան դէպքում մեզ սպասւող հետեւանքների մասին, բայց լռեցի, որ հանրութեան մէջ բացասական էմոցիաներ չմտցնեմ։

Պատերազմից յետոյ էլ երկար ժամանակ չէի համարձակւում գրել այն, ինչ տեսնում եմ ապագայում, բայց ստիպւած եմ։

Ռազմաքաղաքական ձախողումից յետոյ Հայաստանն ունենալու է երկու հիմնական ճանապարհ՝ տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամ կամ մեծ փողերի հոսք մեր երկիր՝ յաղթահարելու պարտւողական բարդոյթները։

Երկուսն էլ, ըստ իս, մեզ համար կործանարար են։

Մեծ է հաւանականութիւնը, որ 2021-ին Հայաստան կը գան խոշոր ներդրումներ ոչ միայն միջազգային կազմակերպութիւններից, այլեւ տարածաշրջանային կորպորացիաներից։ Անարդարութեան դէմ բողոքող էթնիկ հանրութեանը քնեցնելու լաւագոյն ուղին փողն է։

Չեմ բացառում, որ 2021-ին Թուրքիան կը յայտարարի Հայաստանի հետ սահմանը բացելու հնարաւորութեան մասին։ Դա, իհարկէ, յատուկ ոգեւորութեամբ կընդունւի ներհայաստանեան որոշ շրջանակների կողմից, քաղաքական գործիչները կը կանխորոշեն Հայաստանի պայծառ ապագան, ամբոխն էլ դա կանւանի մեր երկրի նոր դարաշրջանի սկիզբ։

Իմ կարծիքով, Թուրքիայի հետ սահմանի բացումը այս ժամանակաշրջանում սկիզբ է դնելու այդ երկրի կողմից Հայաստանի օկուպացիային տնտեսական միջոցներով։

Վրաստանի օրինակին նայէք։ Տնտեսական ու սոցիալական դրական աճ ունեցող երկիր, որտեղ չկայ Վրաստան։

Վստահ եղէք, այսօրւայ պայմաններում սահմանը բացելուց կարճ ժամանակ անց ձեր փողոցում, շէնքում, համայնքում պարբերաբար կը տեսնէք թուրք սեփականատէրերի, մօտակայ խանութների վրայ աւելի ու աւելի յաճախ կը յայտնւեն Թուրքիայի դրօշներ, թուրքերէն խօսքը աստիճանաբար կը դառնայ սովորական, թուրքական ռեստորանները մեծ թափ կը հաւաքեն Երեւանում ու խոշոր քաղաքներում։

Երբեմն լսում եմ, թէ «Ադրբեջանին կը յանձնւի Սեւանայ լճի մի մասը»։ Դրա կարիքը չի լինի։ Ընդամենը թուրք կամ ադրբեջանցի գործարարները վարձակալութեամբ կը վերցնեն Սեւանա լճի առափնեայ տարածքները, կը բարեկարգեն աւելի լաւ, քան հայերն են անում, թուրքական քաղցր-մեղցր ձեւերով կը գրաւեն մարդկանց, եւ վերջ։ Տարածք յանձնելու կարիք չկայ, այն արդէն յանձնւած է։

Երբ թուրքական տնտեսութիւնը հետեւողականօրէն կլանի մեր երկիրն ամբողջութեամբ, երբ հայ մարդիկ երջանիկ լինեն իրենց փողով ու թւացեալ տարածաշրջանային համերաշխութեամբ, ադրբեջանաթուրքական «քաղցկեղը» ներսից խժռած կը լինի հայկական իմունիտետը, ոչնչացրած կը լինի մեր ազգային արժէքների նկատմամբ յարգանքը, պետականութիւնը ամբողջութեամբ ծնկի կը գայ, ինչպէս այսօր Վրաստանում է։

Մեղադրում ենք Վրաստանին, որ պատերազմի ժամանակ մեր առաջ փակեց իր ճանապարհները։ Իսկ հարց տւե՞լ էք՝ ուրիշ ելք ունէ՞ր։ Վրաստանը կարո՞ղ էր ինքնուրոյն որոշել։

Ազգային ուղուց շեղւած ու առաջնահերթ ամբոխավարութեան եւ նիւթականութեան մասին մտածող երկրներում ազգի վերջնական կործանումը կէս քայլ է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։