Հա

Քաղաքական

23/12/2020 - 13:45

Ընդունո՞ւմ էք, որ այս ամենից յետոյ Փաշինեանը չի կարող բանակցել ո´չ դաշնակիցների հետ, ո՛չ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ․ «Այլընտրանքային նախագծեր խումբը» հարցեր է ուղղել «Իմ քայլը»-ի պատգամաւորներին

Այսօր առաօտեան «Այլընտրանքային նախագծեր խումբը» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների էլեկտրոնային հասցէներին ուղարկել է նամակ, որը հարցադրումներ են արւում պատգամաւորներին։ 

«alikonline.ir» - Այսօր առաօտեան «Այլընտրանքային նախագծեր խումբը» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների էլեկտրոնային հասցէներին ուղարկել է նամակ, որը հարցադրումներ են արւում պատգամաւորներին։

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

1. Դուք գիտակցե՞լ էք, որ Փաշինեանը, մերժելով բանակցութիւնների 20-ամեայ պատմութիւնը եւ յայտարարելով, որ սկսում է իր «նոր կէտից», բանակցութիւնները, ըստ էութեան, տարել է փակուղի։

2. Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինեանը հոկտեմբերին վստահ պնդում էր, թէ ինքը գիտէր, որ պատերազմը սկսւելու է, եւ միայն չգիտէր դրա ժամն ու կոնկրետ կոորդինատները, իսկ դեկտեմբերին ասում է ուղիղ հակառակը՝ թէ պատերազմի վերսկսման հաւանականութիւնը շատ ցածր է գնահատւել։

3. Դուք տեղեա՞կ էք եղել, որ Փաշինեանը պատերազմի մեկնարկից ի վեր ունեցել է այն դադարեցնելու մի քանի իրական հնարաւորութիւն եւ չի արել դա։

4. Յիշո՞ւմ էք, թէ՞ նախընտրում էք մոռանալ, որ դեռեւս սեպտեմբերի 30-ին ԳՇ պետի կողմից տեղեկացւած լինելով մեր բանակի ու ռազմաճակատի իրական վիճակի մասին, շուրջ մէկուկէս ամիս շարունակ Փաշինեան զոյգը ռազմական/ֆեմինիստական շոուներ էր բեմադրում՝ արեան ու կեղծիքի ընդհանուր ֆոնի վրայ։ Եթէ չէք մոռացել, ապա ինչպէ՞ս էք շարունակում յարգանքով վերաբերւել նրան, կատարել նրա հրամանները, պահել նրան պետութեան ղեկին։

5. Դուք գիտակցո՞ւմ էք, որ պատերազմն աւելի շուտ դադարեցնելու պարագայում մենք կունենայինք մի քանի հազարով պակաս զոհ, պակաս զինհաշմանդամներ եւ նւազ տարածքային կորուստներ։ Եթէ գիտակցում էք, ապա ինչպէ՞ս էք դուք այդքան հեշտ հաշտւել այդ մտքի հետ։

6. Դուք ընդունո՞ւմ էք, որ այս ամենից յետոյ Փաշինեանը չի կարող բանակցել ո´չ դաշնակիցների հետ, ոչ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի։

7. Դուք տեսնո՞ւմ էք, որ Հայաստանի եւ սփիւռքի գիտակրթական, մշակութային վերնախաւը, հոգեւոր առաջնորդները, խոշոր գործարար խաւը, հանրային ամենատարբեր շերտեր, անկախ ցոյցերին մասնակցել/չմասնակցելու հանգամանքից, իրար հակադիր քաղաքական բեւեռները, մտածող եւ առկայ վտանգները գիտակցող գրեթէ բոլոր անհատներն ու փորձագիտական կենտրոնները, Հայաստանի համայնքային կազմակերպութիւնները եւ շատ այլոք այսօր միահամուռ կերպով պահանջում են վարչապետի հրաժարականը եւ նոր քաղաքական լուծման գալու անհրաժեշտութիւն են տեսնում։

8. Դուք հասկանո՞ւմ էք, որ հայ ժողովուրդն այսօր ունի իր արժանապատւութիւնը վերականգնելու սուր խնդիր՝ թէ´ Հայաստանում, թէ´ Արցախում եւ թէ´ սփիւռքում։ Հասկանո՞ւմ էք, որ այս առկախւած իրավիճակն ազդում է, մեծ հաշւով, բոլոր հայերի կենսագործունէութեան, ներկայի եւ ապագայի վրայ։

9. Դուք զգո՞ւմ էք պատասխանատւութեան այն հսկայ բեռը, որ ընկած է Ձեր ուսերին՝ ոչ թէ ձեր քաղաքական թիմի, այլ՝ ողջ ազգի, երկրի, պետութեան ներկայի եւ ապագայի համար։ Գիտակցո՞ւմ էք, որ Ձեր այսօրւայ անգործութեան ամէն օրը թանկ է արժենում բոլորի համար։

Առաջարկում ենք՝ մտածել այս հարցերի շուրջ, որից յետոյ, անհատական ու քաղաքական պատասխանատւութեան ողջ ծաւալի գիտակցումով դուրս գալ այս անհասկանալի թմբիրից եւ սկսել ներկայանալ լուծումների ձեր տարբերակներով։ Այդ ճանապարհին կարեւոր է համագործակցութիւնը խորհրդարանական միւս ուժերի հետ, քաղաքական ու հանրային դաշտի բոլոր կարող ուժերի հետ, այսօր իներտ եւ դիտորդական կեցւածքն ամենեւին չի ազատելու այն բեռից, որն արդէն բնականօրէն ձեզ վրայ ընկել է։ Դուք պարտաւոր էք ձեզ պահել որպէս քաղաքական ուժ, այլապէս ընդունում էք, որ սպառւած էք, քանի որ ճգնաժամի լուծման որեւէ առաջարկ այդպէս էլ չէք անում։

Հարցերը խնդրում ենք կարդալ միայնակ, մտածելով, ամէն հարցի շուրջ յիշելով տւեալ հարցին առնչւող տարբեր դրւագներ, ինքներդ Ձեր առաջ լինելով անկեղծ։

Եւ շրջւէք, վերջապէս, դէպի հանրութիւնը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։