Հա

Քաղաքական

26/12/2020 - 13:05

Նիկոլ Փաշինեանի ամենաողբերգական տեսարանը՝ պատերազմ

Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանութեան են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականութիւն, կամ պետական քաղաքականութիւնը դառնում է տեսարան։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանութեան են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականութիւն, կամ պետական քաղաքականութիւնը դառնում է տեսարան։

Պոպուլիստների տեսարանները սկզբունքօրէն տարբերւում են հին յունական «հաց եւ տեսարաններ» հայեցակարգից, որի դէպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, եւ զւարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցութիւնը ստանալու համար։

Պոպուլիստների համար, ահա, չկայ «հաց եւ տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։ Իրականում հէնց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինեանի իշխանութեան երկուսուկէս տարիներին։

Նա՝ որպէս գերպոպուլիստ, իր կողմից իրականացւող պետական քաղաքականութեան, որեւէ քաղաքականութեան հիմքում դրել է միայն ու բացառապէս տեսարանները, որոնք ապահովւել են ամենատարբեր առիթներով՝ սկսած կրկեսավարին Երեւանի քաղաքապետ դարձնելուց՝ մինչեւ Ազգային ժողովի շրջափակում, մայրաքաղաքի փողոցներում խորոված-փարթիների կազմակերպումից՝ մինչեւ դատարանների շէնքերի շրջափակում։

Փաշինեանի բեմադրած տեսարանների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականութիւնն աւելի կը խորանայ միայն։ Յատկապէս, որ հայ ժողովրդի համար ողբերգական աւարտ է ունեցել Նիկոլ Փաշինեանի կազմակերպած վերջին ամենամասշտաբային տեսարանը՝ Արցախեան երկրորդ պատերազմը։

Որքան էլ ցաւալի է հնչում, բայց իրականութիւնն այն է, որ վերջին պատերազմը կազմակերպւած տեսարան էր՝ ժանրի բոլոր կանոններով։ Կրկեսավարն այս դէպքում Արծրուն Յովհաննիսեանն էր ու յաղթանակի մի քանի այլ ծնծղաները, որոնք 44 օր շարունակ ներբողում էին պարտութեան տարւող հայկական բանակը։

Այդ ողջ ընթացքում հասարակութիւնը որեւէ հարց չէր յղում իշխանութեանը, ինչպէս որ որեւէ հարց չէր յղել անցած երկուսուկէս տարիներին կազմակերպւած միւս տեսարանների պարագային։

Տեսարանի դիտարժանութիւնը դաբաղում է բանականութիւնը, որեւէ հարց տալու ունակութիւնը։ Իսկ պատերազմը առաւել քան դիտարժան տեսարան է, որը կազմակերպւել էր նոյեմբերի 9-ին ստորագրւելիք կապիտուլեացիայի համար։ Եւ քանի որ հասարակութիւնը 44 օր շարունակ որեւէ հարց չի բարձրացրել, շարունակում է հետեւել տեսարանին նաեւ այսօր, իսկ տեսարանը շարունակւում է ամենատարբեր միզանսցեններով՝ սկսած Հադրութի շրջանի արդէն յանձնւած գիւղերից՝ մինչեւ Սիւնիքի շրջանի՝ նոր յանձնւելիք գիւղեր։

Հասարակութեան, կամ որ նոյնն է, հանդիսատեսի համար դրանք ոչ թէ յանձնւող հայրենիքի տարածքներ են, այլ մեծ տեսարանի փոքր կտորներ, որոնց հետեւում է անտարբերութեամբ կամ ոչ այնքան։

Հետեւում է, որովհետեւ տեսարանը դարձել է հաց, իսկ առանց հացի հասարակութիւնն ապրել չի կարող։ Հանդիսատեսի շատ քիչ մասին են հետաքրքրում ներկայացումների կամ ֆիլմերի ռեժիսորները, հանդիսատեսը՝ որպէս սպառողական հանրոյթի ներկայացուցիչ համակրում է դերասաններին։

Այս դէպքում եւս հայ հանդիսատեսի համար երկրորդային է մատուցւող մեծ տեսարանի ռեժիսորների ով լինելը, եթէ անգամ հնարաւոր է՝ դրանք Ալիեւն ու Էրդողանն են, գուցէ Պուտինի ու Թրամփի տեխնիկական աջակցութեամբ։ Դա հանդիսատեսին չի հետաքրքրում, քանի որ հանդիսատեսն անբանական սիրով սիրում է տեսարանի գլխաւոր դերակատարին՝ Նիկոլ Փաշինեանին, ում համար գուցէ նոյնպէս անէական է ռեժիսորների ծագումնաբանութիւնը։ Նրա համար կարեւոր է տեսարանի, իմա՝ իր իշխանութեան շարունակականութիւնը։

Կայ ծեծւած տեսակէտ, թէ տեսարաններով հնարաւոր չէ յաւերժ պահպանել իշխանութիւնը։ Հայ հասարակութիւնը, որպէս բացառութիւնների հասարակութիւն, ապացուցում է այդ ծեծւած թեզի անստուգութիւնը։ Տեսարանները կենսունակ են, յատկապէս ու առաւել եւս, երբ դրանք փոխարինում են հացին։

 

168.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։