Հա

Քաղաքական

26/12/2020 - 13:50

Վարդան Ոսկանեան. «Փաշինեանն անյապաղ պէտք է հեռանայ, նա եւ ապիկար է, եւ դաւաճան»

«Քաղաքական գնահատականն այն է, որ Փաշինեանը եւ դաւաճան է, եւ ապիկար։ Ըստ էութեան, նա չի կարողացել իրականացնել իր հիմնական գործառոյթները, եւ դրանց չիրականացումը բերել է դաւաճանական համաձայնութիւնների կայացման թշնամական կողմի հետ»,- Panorama.am-ի հետ զրոյցում յայտարարեց իրանագէտ, ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Վարդան Ոսկանեանը։

«alikonline.ir» - «Քաղաքական գնահատականն այն է, որ Փաշինեանը եւ դաւաճան է, եւ ապիկար։ Ըստ էութեան, նա չի կարողացել իրականացնել իր հիմնական գործառոյթները, եւ դրանց չիրականացումը բերել է դաւաճանական համաձայնութիւնների կայացման թշնամական կողմի հետ»,- Panorama.am-ի հետ զրոյցում յայտարարեց իրանագէտ, ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Վարդան Ոսկանեանը։

Նա մանրամասնեց, Փաշինեանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերւած համաձայնութեան հետեւանքով Հայաստանը ոչ միայն կորցրել է Արցախի մի մասը, այլեւ ԼՂ խնդիրն ունի մշուշոտ ապագայ, փորձ է արւում այդ հիմնախնդիրը մոռացութեան մատնել, որովհետեւ այսօր Հայաստանում ստեղծւող նոր խնդիրները թոյլ չեն տալիս յիշել արցախեան հիմնախնդրի գոյութեան մասին։

«Հետեւաբար, այս իշխանութիւնը թէ ապիկար է, թէ դաւաճան։ Նիկոլ Փաշինեանը պէտք է անյապաղ հրաժարական տայ»,- ասաց ԵՊՀ դասախօսը։

Նա յիշեցնում է, որ արտահերթ ընտրութիւնների անցկացման պահանջը դրւել է մտաւորական խաւի կողմից, դրա հեղինակային իրաւունքն ամենեւին Փաշինեանինը չէ, բայց ընտրութիւնները պէտք է անցկացւեն մի կարեւոր պայմանի՝ այն է նրա անյապաղ հրաժարականի ու նրան իշխանութիւնից հեռացնելու դէպքում։

«Լինելով պարտութեան մարմնաւորում՝ այս իշխանութիւնը՝ ի դէմ այդ իշխանութեան առաջին դէմքի, ունակ չէ կազմակերպելու ընտրական գործընթաց պետութեան ներսում՝ հաշւի առնելով վստահութեան այն հսկայ դեֆիցիտն ու պակասը, որն ունի այդ իշխանութիւնն ու յատկապէս դրա առաջին դէմքը։ Մի շատ կարեւոր հանգամանք պէտք է հաշւի առնել։ Եթէ Նիկոլ Փաշինեանն իրեն համարում է ժողովրդի կամքի ազատ արտայայտման երաշխաւոր, ապա ակնյայտ է, որ նա իր կառավարման ընթացքում, յատկապէս պատերազմեան ու յետպատերազմեան իրավիճակում չի կարողացել այդ երաշխաւորը լինել»,- մանրամասնեց Ոսկանեանը։

Նա հիմնաւորեց, որեւէ մէկը չի կարող պնդել, թէ հայ ժողովրդի կամքն է արտացոլւած նոյեմբերի 9-ի չարաբաստիկ յայտարարութեան մէջ, կամ հայ ժողովրդի կամքն է արտայայտւած ամէն օր Հայաստանի՝ մասնաւորապէս Սիւնիքի, Գեղարքունիքի մարզերի տարբեր հատւածներ թշնամուն յանձնելու մէջ։

«Ընդ որում այդ գործընթացներն ուղղակիօրէն բացասական ազդեցութիւն են ունենում մեր բնակիչների կեանքի, կենսագործունէութեան վրայ, աւելի լայն իմաստով նաեւ Հայաստանի հետագայ կենսունակութեան վրայ։ Տեսէք Սիւնիքում կատարւածը, որտեղ Նիկոլ Փաշինեանը չկարողացաւ երաշխաւորել չորս կիլոմետրանոց հատւած։ Իսկ այդ ճանապարհը շատ կարեւոր է թէ ներհայաստանեան կոմունիկացիան ապահովելու նպատակով, թէ Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող Իրանի հետ յարաբերութիւնների առումով։ Ըստ էութեան, այժմ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ոչ միայն չի կարողացել ապահովել Սիւնիքի բնակչութեան կամքն ու ցանկութիւնը, այլեւ չի կարողացել ապահովել Հայաստանի անվտանգութիւնը՝ հաշւի առնելով Հայաստան-Իրան ցամաքային կապի կարեւորագոյն նշանակութիւնը մեր պետութեան համար»,- նշեց իրանագէտը։

Վարդան Ոսկանեանը շեշտեց, որ արտահերթ ընտրութիւն կազմակերպելու ունակութիւն այս իշխանութիւնը չի կարող ունենալ, դրա վառ ապացոյցն էին լրատւամիջոցներում հրապարակւած տեղեկութիւնները, որ դէպի Եռալուր սգոյ երթի բազմամարդ լինելու համար կիրառւել էր վարչական ռեսուրս, եղել էր վարչական ռեսուրսի ներգրաւում։

«Որեւէ մէկը կարո՞ղ է բացառել, եթէ նման վարչական ռեսուրս կիրառւում է սգոյ երթի համար, նոյն ռեսուրսը չի կիրառւի արտահերթ ընտրութիւնների անցկացման դէպքում։ Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը չի կարող կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ ընտրութիւններ։ Նման ընտրութիւններ կազմակերպելու համար անհրաժեշտ է ոչ շահագրգիռ, այլ խօսքով արբիտրային գործառոյթներ իրականացնող անձ եւ կողմ։ Այդպիսի անձ արդէն իսկ առաջադրւել է ընդդիմութեան կողմից։ Նա ՀՀ առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանն է, որը ստանձնելով վարչապետի պաշտօնը, չառաջադրւելով այդ ընտրութիւններում իրականացնելու է արդար ու օբիեկտիւ արբիտրի գործառոյթ, որը կարծում եմ, ցանկացած տրամաբանող մարդու համար ընդունելի տարբերակ է»,- ասաց գիտնականը։

Նա ցաւով փաստեց, որ Հայաստանը երբիցէ չի ունեցել անվտանգութեան նման ցածր մակարդակ, բնակչութեան մէջ չկայ անվտանգութեան զգացում։

«Եթէ ԱԱԾ-ն յայտարարում է, որ Սիւնիքում ճանապարհ անցնելու ընթացքում պէտք է ունենալ հեռախօսահամար, որ գերի ընկնելու դէպքում զանգահարէք, ապա դա ցոյց է տալիս, որ բնակչութեան շրջանում չի կարող լինել անվտանգութեան զգացումը, ուր մնաց դա լինի պետական սահմանների ու ընդհանրապէս պետութեան՝ որպէս մարմնի, որպէս տւեալ ազգի բարձրագոյն արժէքի պարագայում։ Անցած երկուսուկէս տարիներին անվտանգային որեւէ խնդիր չի ապահովւել։

Մենք այժմ նաեւ պետական ստի ու կեղծիքի քարոզչութեան համատեքստում ու դրա հետեւանքով ոչ միայն չենք կարողանում հասարակական շրջանակներին հասցնել անվտանգութեան կորուստը, այլեւ նոյն այդ քարոզչամեքենան փորձում է դա հիմնաւորել, այն կարծես լինի ադրբեջական քարոզչամեքենայի մաս։ Փոխարէն հակադարձելու, փաստացիօրէն հիմնաւորում է թշնամական կողմի գործողութիւնները՝ մեր հասարակութեան գիտակցութեան մէջ փորձելով սերմանել սխալ ու թշնամու համար հաճելի, ըստ էութեան թշնամահաճոյ գաղափարներ ու մտքեր։ Սա թէ դաւաճանութեան, թէ ապիկարութեան հետեւանք է»,- նշեց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։