Հա

Քաղաքական

28/12/2020 - 14:30

«Ամէն քւէատուփի մօտ արիւն է թափւելու, եթէ Փաշինեանը չգնայ մինչեւ ընտրութիւնները»․ Վազգէն Մանուկեան

Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թէ դաւաճան եւ, մինչեւ այդ թշնամուց չազատւենք, երկիրը ապագայ չի ունենալու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Հանրապետութեան հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ։

«alikonline.ir» - Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թէ դաւաճան եւ, մինչեւ այդ թշնամուց չազատւենք, երկիրը ապագայ չի ունենալու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց Հայրենիքի փրկութեան շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը Հանրապետութեան հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ։

«Ոչ միայն մեր սերնդի, նախորդ հարիւրամեակների երազանքները Փաշինեանը կործանեց, ինքը Հայաստանում մտցրեց մի նոր երեւոյթ, որ երբեք Հայաստանում չենք ունեցել։ Իրեն ասում են՝ դաւաճան, ես դաւաճան չեմ համարում նրան, համարում եմ թշնամի, մեր պետութեան եւ մեր ժողովրդի թշնամին է ինքը, ոչ թէ դաւաճան է, ինքը երբեք մեզ հետ չի եղել, որ դաւաճաներ մեզ»,- պարզաբանեց նա։

Վազգէն Մանուկեանն ընդգծեց, որ Փաշինեանը միշտ եղել է օտար, միշտ եղել է թշնամի եւ իր օրօք Հայաստանը ոչ մի զարգացում ապրել չի կարող։

«Պատերազմում մենք պարտւեցինք, շատ ցաւալի, շատ խայտառակ, բայց էլի կարելի է ոտքի կանգնել, շատ ժողովուրդներ պարտւում են, նորից յաղթում են, բայց այն երեւոյթները, որն ինքը մտցրեց, այդ երեւոյթները կործանարար են հայ ժողովրդի համար»,- ասաց նա։

Իբրեւ այդպիսի երեւոյթ նա առանձնացրեց եկեղեցու դէմ յարձակումը, որ քողարկւում է Վեհափառի դէմ յարձակման անւան տակ, յարձակումը մեզ բոլոր ազգային արժէքների դէմ։

«Հայ ժողովորդի պատմութիւնը հանեց բուհերից, լեզուն կարեւոր չէ, մշակոյթը կարեւոր չէ՝ կը միացնենք գիտութեան հետ, եկեղեցին կործանենք... մեր երկիր մտել է թշնամի, ոչ թւ դաւաճան եւ մինչեւ այդ թշնամուց չազատւենք, երկիրը ապագայ չի ունենալու»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Արտահերթ ընտրութիւններ անցկացնելու՝ Փաշինեանի առաջարկի մասին նա թերահաւատօրէն խօսեց։

«Ես նոյնիսկ չեմ կարծում, թէ ինքը գնալու է արտահերթ ընտրութիւնների, ինքը նորից ուզում է դաշտը բաժանել կուսակցութիւնների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական տրիւկն է՝ հին-նոր, սեւ-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցութիւններ, որոնք հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրութիւնների եւ որոնք չեն ուզում։ Մենք յստակ ասել ենք՝ ոչ մի ընտրութիւն Նիկոլ Փաշինեանի ղեկավարութեամբ չի կարող լինել Հայաստանում»,- ասաց նա։

Վազգէն Մանուկեանը վստահ է, որ նախ եւ առաջ Փաշինեանը պէտք է հեռանայ, ապա պէտք է ձեւաւորւի կառավարութիւն, որը մէկ տարում գոնէ մի քիչ ուշքի կը բերի երկիրը, կը բարձրացնի մարտունակութիւնը մեր բանակի, կը գնայ բանակցութիւնների՝ կա՛մ եռակողմ, կա՛մ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերեալ։

«Որովհետեւ այն, ինչ կատարւում է՝ խայտառակութիւն է, մենք շարունակում ենք տալ ու տալ, նոյնիսկ կոմունիստների ժամանակ ամէն թիզ հողի համար մեր եւ իրենց կենտկոմները իրար դէմ կռւում էին։ Իսկ այստեղ, առանց որեւիցէ բանակցութիւնների, ոչ մի միջազգային իրաւունքի նորմ հաշւի չառնելով, տրւում են սահմանները։ Մինչեւ սա չվերջանայ, նոր կառավարութիւն չստեղծւի, ընտրութիւնների մասին խօսելը անիմաստ է»,- ասաց նա։

Այս պահին ընտրութիւններ, Մանուկեանի համոզմամբ, նշանակում է նորից տրոհել Հայաստանը, որովհետեւ ընտրութիւններ նշանակում է պայքար, բոլոր կուսակցութիւնները պէտք է սկսեն միմեանց դէմ պայքարել, այս վիճակում նա իմաստ չի տեսնում դրա մէջ մտնելու։

«Մինչեւ ուշքի չգանք, չի կարելի տենց բան անել։ Մինչեւ արտահերթ ընտրութիւններ ինքը պէտք է գնայ, մինչեւ ինքը չգնայ, ոչ մի ընտրութիւն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրութիւնը վերածւելու է Աստւած գիտի՝ ինչ ընդհարումների Հայաստանի ներսում. կռիւ է լինելու մինչեւ վերջ, ամէն քւէատուփի մօտ արիւն է թափւելու, դա՞ է ինքը ուզում»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Նա վստահ է, որ ժողովուրդը կը հաւաքւի, նրան կը քշի, յետոյ նոր ուշքի կը գայ եւ կը սկսի կառուցել իր նոր կեանքը։

«Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կը գան, այս իշխանութիւնն էլ կը փոխենք, որպէսզի նորմալ ապրենք»,- ասաց Վազգէն Մանուկեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։