Հա

Քաղաքական

30/12/2020 - 13:35

«Համապետական չընտրութիւններ․ արագ ընտրութեան գաղափարի հեղինակն իր արբանեակների համար թերեւս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետութեան համախմբւած գերեզմանափորի կարգավիճակը»․ Վահէ Յովհաննիսեան

Հայկական բանակը միաժամանակ կռւել է 4 հակառակորդի դէմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների եւ Փաշինեանի իշխանութեան։ Բացառիկ հերոսական բանակ ունէինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդէպ դեռ պահպանւող յարգանքի նշոյլները պայմանաւորւած են դրանով։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։

Յօդւածն ամբողջութեամբ՝ ստորեւ․

«Հայկական բանակը միաժամանակ կռւել է 4 հակառակորդի դէմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների եւ Փաշինեանի իշխանութեան։ Բացառիկ հերոսական բանակ ունէինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդէպ դեռ պահպանւող յարգանքի նշոյլները պայմանաւորւած են դրանով։

 

Կասեցնել ընթացքը

Ժամանակն է՝ բացատրել հայ ժողովրդին, որ կատարւածից յետոյ մենք, մեծ հաշւով, ունենք երկու ընտրութիւն.

Վերածւել թուրքական բիզնեսը, թուրքական կապիտալը եւ թուրք տուրիստին սպասարկող մի 2 միլիոնանոց միաւորի. նախագծի հեղինակ՝ գործող իշխանութիւնն իր արբանեակներով։

Դնել աւելի բարձր նպատակներ ու մեծագոյն ջանքերով, հետեւութիւններ անելով, փորձել կառուցել պետութիւն եւ վերականգնել մեր արժանապատւութիւնը. նախագծի հեղինակ՝ նոր, առաջադիմական, ազգային հասարակական հոսանքի հիմքի վրայ կառուցւելիք սոլիդ իշխանութիւն։

Ջաբրայիլից մինչեւ Որոտան ողբացինք, հանդուրժեցինք, մեղադրեցինք, բայց այդպէս էլ չկարողացանք ճիշտ ձեւակերպել կորստի էութիւնը։

Մենք Արցախում կորցրել ենք պետականութիւն, իսկ պետականութիւն կորցնելուց յետոյ լինում են շղթայական աղէտներ՝ արտագաղթ, պատմամշակութային ժառանգութեան ոչնչացում, էֆեկտիւ գենոֆոնդի կորուստ։

Արցախի պետականութեան կորստից յետոյ Հայաստանը վերածւել է կիսաճանաչւած պետութեան։ Մենք ունենք պետականութեան 50 տոկոսի կորուստ եւ դեռեւս չենք կարողանում ընթացքը կասեցնել։

 

Մի´ վիճէք

Վիճել նրանց հետ, ովքեր կատարւածից յետոյ պաշտպանում են Փաշինեանին, ամենաանիմաստ գործն է, որ կարելի անել Հայաստանում։ Վիճէք Տէր-Պետրոսեանի, Ս. Սարգսեանի, Քոչարեանի, Մ. Մինասեանի, Վ. Մանուկեանի եւ այլոց ասածների շուրջ, նրանց կողմնակիցների հետ, բայց ոչ երբեք՝ Փաշինեանի։ Դա անպատւաբեր է թէ´ անձնական մակարդակում, թէ´ կորսւած եւ կորսւող պետականութեան հանդէպ։ Հրապարակւած փաստերից յետոյ ի՞նչ քննարկես, ի՞նչ խօսես։ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Զասի նամակից յետոյ ի՞նչ խօսես. եթէ բանական մարդ ես, ապա հասկանում ես, որ սեպտեմբերին եղել է մէկ պարզ ընտրութիւն՝ գործընկերների միջոցով թոյլ չտալ պատերազմ, կամ՝ ունենալ պատերազմ։ Ու 5 հազար զոհը, 10 հազարից աւել՝ հաշմանդամ, անդամալոյծ դարձած տղերքը, անհետ կորածները, գերիները, կորսւած քաղաքներն ու գիւղերը հէնց ա´յդ ընտրութեան հետեւանքն են։ Ընտրութեան հեղինակը յստակ է, եւ նոյնքան յստակ է, որ նրան սատարողի հետ անիմաստ է խօսել՝ ի´նչ ֆորմալ մոտիւացիայով էլ նա կը սատարի ընտրութեան հեղինակին։

 

Արագ ընտրութիւնների անիմաստութիւնը

Երբ ժողովուրդը եւ պետական համակարգը շոկի մէջ են, երբ քո սահմաններն ամէն օր փոփոխւում են, երբ զոհւածների ո´չ իրական թիւը գիտենք, ոչ՝ տեղը, երբ հիւանդանոցներում ունես մի քանի հազար ծանր վիրաւոր սերունդ, խօսել ընտրութեան մասին՝ անիմաստ է։ Սա լինելու է Չընտրութիւն։ Սա չի բերի հանգուցալուծման, սա լրիւ այլ զարգացումների խթան կը դառնայ։ Արագ ընտրութեան գաղափարի հեղինակն իր արբանեակների համար թերեւս ճիշտ դերակատարում է որոշել՝ պետութեան համախմբւած գերեզմանափորի կարգավիճակը։

Մենք 26 տարի որեւէ համապետական ընտրութեան ժամանակ Արցախի հակամարտութիւնը չենք ունեցել որպէս թիւ 1 քննարկումային թեմա։ Սա այն դէպքում, երբ սահմանին ողջ երկայնքով երկու հակառակորդ զօրք խրամատներում իրար դէմ էին կանգնած՝ ամբողջ 26 տարի։ Սա պետական աննորմալութիւն էր, որը մի պահի պէտք է վերջանար. եւ վերջացաւ Փաշինեանի յայտնւելով ու աղէտով։

Հիմա մենք նոր ընտրութեան առաջ ենք՝ հեշտութեամբ լինել թուրքական վիլայե՞թ, թէ՞ դժւարութեամբ՝ արժանապատիւ պետութիւն։

Հիմա, նոյնիսկ այսքանից յետոյ, մենք դարձեալ չենք ուզում կամ չենք կարողանում խօսել սրա մասին։ Սա նոյնպէս պետական աննորմալութիւն է, որը դարձեալ ունենալու է կանխատեսելի վերջաբան։

 

Ն. Փաշինեանի ամենամեծ յանցանքը

Ամենամեծ յանցանքն այն է, որ նա ինքն իր մէջ չէր բացառել պատերազմը։ Նա իր գլխում ու որպէս երկրի ղեկավար՝ պատերազմը համարել է հարցի հնարաւոր լուծումներից մէկը։ Նախկին բոլոր նախագահները լայնմասշտաբ պատերազմը սկզբունքորեն բացառում էին։ Սա՝ չէ, այդ պատճառով էլ եղաւ պատերազմը։ Արդեօք դա եղաւ 5 միլիարդի արդիւնքո՞ւմ, թէ՞ անհատական տհասութեան, հետեւանքների առումով քիչ նշանակութիւն ունի։

Նա մինչ այս պահն այդպէս էլ չի գիտակցել խաղաղ ճանապարհով, բանակցութիւնների միջոցով դժւար լուծումների եւ նոյն բանը արիւնոտ պատերազմի, հազարաւոր զոհերի ու աւերածութիւնների, կապիտուլեացիոն պայմաններով անելու տարբերութիւնը։ Նա պարզապէս չի հասկանում։ Ցաւօք, մեր պետական ինստիտուտները անգործունեայ գտնւեցին ու չբռնեցին պատերազմ տանող նրան ձեռքը, հասարակութեան որակը թոյլ չտւեց՝ բռնելու նրա ձեռքը, թիմակից բարձր պաշտօնեաները՝ պետական ինֆանտներ էին ու չբռնեցին նրա ձեռքը։ Իսկ նրան թւաց, որ միայնակ կարող է որոշել պետութեան ճակատագիրը ու մի ամբողջ սերունդ տանել պատերազմի։ 

Փաստը, որ սեպտեմբերի 27-ից (ոչ՝ նոյեմբերի 9-ից) Փաշինեանը դեռ համարւում է Հայաստանի ղեկավարը եւ հասարակութիւնը չի լուծել խնդիրը, ստիպում է մտածել հասարակութեան մի զգալի հատւածի լատենտ որոշման մասին՝ յարմարւել թուրքական վիլայեթի հեռանկարին։

Իսկ եթէ յանկարծ լինեն ընտրութիւններ, եւ այս կամ այն կերպ Փաշինեանը մնայ քաղաքականութեան մէջ, ապա հայ ժողովրդի վերջնական որոշումը կարձանագրւի ի լուր աշխարհի։

Հայաստանում մնացած 1.8-2 մլն-ը բարեխղճօրէն կը սպասարկեն թուրքական էքսպանսիան։ Այս սցենարը կեանքի է կոչւելու հաշււած տարիների ընթացքում։

Հայ ժողովուրդն իհարկէ դեռ մի կէս դար կը շարունակի տաղանդաւոր անհատներ տալ աշխարհին, բայց նրանք կը ձեւաւորւեն ռուսական, արեւմտեան միջավայրերում եւ կը ներկայացնեն այդ պետութիւնները։

 

Ազգային վերելքի բանաձեւը

Բոլոր դժւարութիւններով, բոլոր կորուստներով հանդերձ՝ դեռ կայ ճանապարհ, որը թոյլ կը տայ վերականգնել պետականութիւնը, վերականգնել ազգային արժանապատւութիւնը։ Սա կը լինի խաղաղութեան եւ հեռանկարի որոշումը։

Միայն այդ դէպքում մենք կը կարողանանք համակեցութեան ճիշտ բանաձեւեր գտնել մեր բոլոր հարեւանների հետ եւ բաց սահմանների, ակտիւ շփման ու միգրացիոն հոսքերի պայմաններում մնալ արժանապատիւ ու սեփական պետութեան սահմաններում արժէք ստեղծող ժողովուրդ։

Եւ հէնց այդ դէպքում ու միայն այդ դէպքում Ռուսաստանը խնդիր կը դնի՝ մեզ հետ ապահովելու տարածաշրջանի ստրատեգիական բալանսը։

Ինչի՞ց սկսենք արժանապատվութեան մեծ ճանապարհը։ Ինչպէս ցանկացած բարդ ուղի, այն սկսւում է պարզ քայլից. վանէ´ք Փաշինեանին։ Ձե´ր մէջ վանէք նրան, Ձեր մէջ որոշէք, որ նա չի կարող լինել վարչապետ, չի կարող գնալ ընտրութիւնների, չի կարող լինել քաղաքականութեան մէջ... Դա կը լինի առաջին քայլը, որից յետոյ մենք միասին, իրար օգնելով, կը գնանք բարդ ճանապարհով՝ վերականգնելու մեր պետականութիւնը եւ մեր արժանապատւութիւնը։ Պատմականօրէն ճիշտ կը լինէր, որ առաջին քայլն արւէր մինչեւ 2021 թւականը, եւ այդ դէպքում մենք տարին կը սկսէինք դժւար վերելքի փուլից։ Բայց, մի կողմ թողնելով օրացոյցի պայմանական թւերը, մենք դա պէտք է փորձենք անել հնարաւորինս արագ։ Մենք միասին շատ դժւար մի խնդիր ունենք՝ ձեւակերպել Հայաստանի վերելքի բանաձեւը։ Այս խնդրի շուրջ եթէ կարողանանք ձեւաւորել իսկական հարթակ, իսկական էլիտա եւ իսկական իշխանութիւն, ապա վերջապէս կը մտնենք 21-րդ դար։ Հայաստանը վերելքի տանող ազգային նախագիծը հայկական աշխարհի նոր խնդիրն է»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։