Հա

Քաղաքական

02/01/2021 - 08:35

Նոր տարի, նոր պայքար. Իշխան Սաղաթելեանի ուղերձը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ամանորեայ ուղերձը։

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանի ամանորեայ ուղերձը։

Սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում, մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերեւս ամենաողբերգական տարին: Տարի որի ընթացքում մենք կորցրինք հազարաւոր մեր զաւակներին, արիւնով ազատագրւած մեր պատմական հողերը, մեր արժանապատւութիւնը, մեր ուժը, մեր վաստակած յարգանքը, մեր վստահութիւնը:

Մեր հայրենիքը հիւծւած է, վիրաւոր ու արնաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է, յուսահատ ու թեւաթափ: Մեր հերոսների կորուստը մենք աւաղ վերականգնել չենք կարող: Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիքի, քոյրերի ու եղբայրների, զաւակների ու ծնողների, ժողովրդի ապագայի համար: Եւ հէնց այդ ապագայի մասին մտածելով եւ յանուն մեր հերոսների յիշատակի, մենք կարող ենք եւ պարտաւոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները: Նախեւառաջ վերականգնել մեր վստահութիւնը: Վստահութիւն հանդէպ ինքներս մեզ` քաղաքացուց մինչեւ երկրի ղեկավար, թոթափելով մեր վրայից սուտը, կեղծիքն ու չարութիւնը, ապա վերականգնել մեր կորցրած յարգանքը մեզ հասկացողների ու չհասկացողների, մեզ սիրողների ու չսիրողների, մեր բարեկամների ու թշնամիների, ամբողջ աշխարհի մօտ՝ ինքնակազմակերպւելով, ինքնամաքրւելով, կայունանալով ու զարգանալով, զուգահեռ վերականգնել մեր ուժը, շարունակական, յամառ խելամիտ աշխատանքով, գիտելիքն ու փորձը շեշտադրելով, դիլետանտութիւնն ու արկածախնդրութիւնը բացառելով:

Այնուհետեւ այս ամէնն ի մի բերելով վերականգնել մեր արժանապատւութիւնը, քայլ առ քայլ, հեկտար առ հեկտար, շէն առ շէն, աւան առ աւան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը:

Սիրելի հայ ժողովուրդ, Արցախում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում. մեր տօնն այժմ սուգ է եւ այդպիսին կը մնայ այնքան ժամանակ քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատւութիւնը եւ չկարողանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցւածքով, իրար նայել ազնիւ ու շիտակ հայացքով, աշխարհի հետ խօսել մեր լեզւով, վստահ ու պինդ շեշտադրումներով ու առոգանութեամբ: Մենք կարող ենք ու պարտաւոր ենք դա անել:

Եկող՝ 2021 թւականը թող լինի մեր արժանապատւութիւնը վերականգնելու մեկնարկի տարի, ամիսների, տարիների ընթացքում մեր կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարի, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս մեր նահատակւած հերոսների ու յանուն մեր ապագայի։

Նոր տարի, նոր պայքար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։