Հա

Քաղաքական

02/01/2021 - 08:30

«Ես հաւատում եմ Հայաստանի եւ Արցախի վերածննդին»․ Վազգէն Մանուկեանի ուղերձը

Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի ամանորեայ ուղերձը։

Հայրենիքի փրկութեան շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանի ամանորեայ ուղերձը։

Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ,

Մենք միշտ Նոր տարին դիմաւորել ենք տօնական սեղանով, հարազատների ժպիտով մաղթանքներով, լաւատեսութեամբ: Սա այդ Նոր տարին չէ:

Դժւար, դաժան էր 2020 թւականը, հազարաւոր զոհեր, տասնեակ հազարաւոր վիրաւորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ, տարածքային ահռելի կորուստներ: Մեր ազգային արժանապատւութիւնը ոտնահարւած է, մեր բազմաթիւ հայրենակիցներ մխիթարութիւն, վաղւայ հանդէպ յոյս են փնտրում ու դեռ չեն գտնում:

Մենք կորցրել ենք անկախ պետականութեան մեր ամենամեծ նւաճումը, մեր հաւաքական երազանքը՝ արցախեան յաղթանակը: Այսօր ապահովւած չեն անգամ Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը: Պատերազմը հնարաւոր էր կանխել, պատերազմական գործողութիւնների աւարտն էլ այս տեսքը չէի ունենայ, եթէ սխալ ու կասկածելի որոշումներ չընդունւէին: Տեղի ունեցածը դաւաճանութեան, անգրագիտութեան, ստի ու կեղծիքի հետեւանքներ են: Դա փոքր մարդու մեծ վրէժն էր հայ ժողովրդից, Արցախից, Հայաստանից:

Մեր երկրում այսօր անիշխանութիւն է եւ պետական կառավարման ճգնաժամ: Իսկ հասարակութեան տրամադրութիւնները կառավարւում եւ ուղղորդւում են սոցիալական ցանցերից, դիտաւորեալ կազմակերպւած արհեստական օրակարգերով:

Հայրենակիցներ,

2020 թւականը ողբերգութեան, բայց նաեւ հերոսութեան տարի էր, ես խոնարհւում եմ Արցախի ու Հայաստանի համար մղւած մարտերում զոհւած մեր քաջերի յիշատակի առջեւ, ցաւակցում նրանց հարազատներին, համբերութիւն, տոկունութիւն մաղթում բոլորիս:

Ցաւակցում եմ նաեւ կորոնավիրուսից մահացած մոտ 3 հազար մեր քաղաքացիների ընտանիքներին:

2021 թւականին մենք հսկայական անելիքներ ունենք, պէտք է ապահովենք արժանապատիւ խաղաղութիւն, արդիականացնենք հայկական բանակը, ձեռք մեկնենք արցախահայութեանը, տէր կանգնենք Հայաստանի սահմաններին, թոյլ չտանք սոցիալ-տնտեսական կոլապս, ներդրումներ բերենք, նոր բովանդակութեամբ լցնենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւնները, արժանավայել շփւենք աշխարհի հետ, վերացնենք թոյնի եւ ատելութեան մթնոլորտը: Ամենակարեւորը, ՀՀ քաղաքցիների, հայութեան մօտ մենք վերականգնելու ենք հաւատը ապագայի հանդէպ: Այդ հաւատով միայն կարող ենք յաղթահարել ներկայիս դժւարութիւնները: Ես տեսնում եմ, ես պատրաստ եմ ձեզ հետ անցնել այն ճանապարհը, որով մենք տէր կը  կանգնենք մեր երկրին, մեր արժէքներին, մեր արժանապատւութեանը:

Ես հաւատում են Հայաստանի եւ Արցախի վերականգնմանը, վերածննդին:

Սիրելի ժողովուրդ, մենք հազարամյակներից եկող ժողովուրդ ենք, մենք ականատես ենք եղել եգիպտական բուրգերի կառուցմանը, հին Հռոմի վերացմանը, խաչակիրների արշաւանքներին, հմաշխարհային պատերազմներին: Մենք մասնակից ենք եղել այդ բոլոր իրադարձութիւններին՝ մեծ ներդրում կատարելով այժմեան համաշխարհային քաղաքակևրթութեան մէջ: Մեզ վայել չէ այդ բարձունքից իջնել, թուլանալ, սահմանափակել մեր երազանքները: Մենք նորից ոտքի պէտք է կանգնենք եւ շարունակենք առաջ գնալ:

Թող նոր՝ 2021 թւականը առողջութիւն, համերաշխութիւն եւ խաղաղութիւն բերի, թող լինի նոր յաղթանակների սկզբնաւորման տարի:

Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։