Հա

Քաղաքական

02/01/2021 - 10:20

«Ադրբեջանի քայլերը նպատակ ունեն հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակութեան էմոցիաների հետ ու լարւածութիւն առաջացնել մեր երկրում». Արման Թաթոյեան

Ադրբեջանի իշխանութիւնների քայլերը կոպտօրէն խախտում են յետպատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային պահանջները, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի իշխանութիւնների քայլերը կոպտօրէն խախտում են յետպատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային պահանջները, ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը:

«Հինգշաբթի` 2020 թւականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խօսելով այդ երկրում գերութեան մէջ գտնւող հայ զինծառայողների մասին, յայտարարել է, թէ նրանք ռազմագերիներ չեն: Յայտարարել է նաեւ, թէ նրանք ձերբակալւած են ու նրանց որակել է` որպէս ահաբեկիչներ:

Որպէս Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան՝ յատուկ արձանագրում եմ, որ այս եւ նման յայտարարութիւնները կոպտօրէն խախտում են յետպատերազմական մարդասիրական գործընթացը եւ մարդու իրաւունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնը ուղիղ հակասում է նաեւ 2020 թւականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 8-րդ կէտի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատութեան մէջ գտնւող անձանց փոխանակում իրականացնելուն:

Ադրբեջանցի զինւորականների կողմից գերեվարւած հայ զինծառայողները պէտք է անյապաղ ազատ արձակւեն եւ վերադարձւեն Հայաստան: Դա պէտք է արւի անյապաղ ու առանց որեւէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:

Առանց այն էլ ինչպէս պատերազմական գործողութիւնների ընթացքում, այնպէս էլ դրանց դադարից յետոյ Ադրբեջանի իշխանութիւններն անընդհատ խախտել են մարդու իրաւունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանաւորւածութիւնները. արհեստական ձգձգւում է գերիների վերադարձը, չի յայտնւում նրանց իրական թիւը, այդ ողջ ընթացքում շարունակւել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանիւթերի նպատակային հրապարակումը, խոչընդտւում է զոհւածների մարմինների փոխանակումը ու այլն:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւններն ու զեկոյցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակութեան էմոցիաների հետ ու լարւածութիւն առաջացնել մեր երկրում:

Մշտադիտարկումն ակնյայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանութիւնների դէպքում անհրաժեշտ է մշտապէս գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանաւորւածութիւնների անխափան իրականացումը, մարդու իրաւունքների միջազգային պահանջների անխախտելիութիւնը:

Ուստի, հրաւիրում եմ միջազգային հանրութեան ու յատկապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային կառոյցների ուշադրութիւնը Ադրբեջանի նախագահի նշւած յայտարարութեանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որեւէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանութիւնը մարդու իրաւունքների միջազգային պահանջներին»,- գրել է Թաթոյեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։