Print this page
04/01/2021 - 13:25

«Իշխանութիւնը պատերազմը տարել է միտումնաւոր պարտութեան եւ միտումնաւոր կոտորածների»․ Նարեկ Մալեան

Վերջերս բազմաթիւ մեղադրանքներ եմ լսում ուղղւած իշխանութիւններին: ՀՀ իշխանութեան վերին էշելոններում կամ տեղեակ չեն, թէ մարդիկ իրենց ինչում են մեղադրում, կամ ձեւ են անում որ չեն լսում այդ մեղադրանքները: Ես ցուցակագրել եմ իմ լսած մեղադրանքները եւ ներկայացնում եմ հանրութեանը եւ յատկապէս իմքայլականներին: 

«alikonline.ir» - Նարեկ Մալեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Վերջերս բազմաթիւ մեղադրանքներ եմ լսում ուղղւած իշխանութիւններին: ՀՀ իշխանութեան վերին էշելոններում կամ տեղեակ չեն, թէ մարդիկ իրենց ինչում են մեղադրում, կամ ձեւ են անում որ չեն լսում այդ մեղադրանքները: Ես ցուցակագրել եմ իմ լսած մեղադրանքները եւ ներկայացնում եմ հանրութեանը եւ յատկապէս իմքայլականներին: Որքան էլ տհաճ թւան այս կէտերը, սակայն դրանք պահանջում են հատ առ հատ եւ արժանահաւատ բացատրութիւններ, եթէ իհարկէ այսօրւայ իշխանաւորները ցանկանում են երբեւէ հանգիստ ապրել: Այս կէտերը վաղեմութիւն չունեն եւ պարտադիր ստանալու են իրենց պատասխանները: Ասելիքս շարադրում եմ առանց վիրաւորանքի հնարաւորութիւն տալով իշխանութեան ներսում գտնւող ազնիւ մարդկանց (եթէ այդպիսիք կան) հակադարձել այս մեղադրանքներին: Եւ այսպէս Նիկոլ Փաշինեանին եւ իր քաղաքական խմբին մարդիկ մեղադրում են՝

1. Արցախի հիմնահարցի լուծման դիւանագիտական ճանապարհը միտումնաւոր տարւել է փակուղի, այլընտրանք թողնելով միայն պատերազմական եղանակով լուծումը:

2. Արեւմուտքի ծայրայեղ լիբերալ հատւածին անտաղանդ ռեւերանսներով ՀՀ իշխանութիւնը միտումնաւոր փչացրել է դաշնակցային յարաբերութիւնները, քանի որ ՌԴ-ն սկսել է մեզ որպէս պետութիւն այլեւս չվստահել:

3. Հայաստանում գործող օտարերկրեայ գործակալական ցանցը այս իշխանութիւնների օրօք իր ազդեցութեամբ հասել է ահռելի վտանգաւոր չափերի: ՀՀ պետականօրէն սկսել է սպասարկել օտարերկրեայ գործակալական ցանցի օրակարգը:

4. Միտումնաւոր թուլացրել է ՀՀ բանակը սխալ եւ չաշխատող սպառազինութեամբ զինելով, բարձր հրամանատարական փորձառու անձնակազմին մեկուսացնելով, ռազմական ուղի անցած գեներալներին ձերբակալելով եւ մեկուսացնելով, բանակի սպառազինութեան կարեւորութիւնը ելակով փոխարինելով:

5. ՀՀ իշխանութիւնը տեղեակ է եղել մոտալուտ պատերազմից, ռազմական գործողութիւնների ուղղութիւններից, թշնամու օգտագործած զինատեսակներից, թշնամու ռազմական պլանից, սակայն միտումնաւոր որեւէ քայլ չի ձեռնարկել:

6. Պատերազմի ընթացքում ՀՀ իշխանութիւնը միտումնաւոր պարտւողական գործողութիւններ է իրականացրել:

7. Ռազմական գործողութիւնների ընթացքում ՀՀ վարչապետը եւ իր կինը չունենալով որեւէ օրինական լիազօրութիւն միջամտել են ռազմական գործողութիւնների կազմակերպման եւ իրականացման գործերին, դրանով վտանգաւոր հարւածների տակ են դրել մեր զինւորներին:

8. Տրւել են ոչ օրինաչափ հրահանգներ, որոնց կատարման ընթացքում հայկական կողմը ունեցել է մեծաքանակ կորուստներ:

9. Վարչապետի կարգադրութեամբ դադարեցւել է զօրքի լրահամալրումը:

10. Ռազմական գործողութիւնների 44 օրւայ ընթացքում միտումնաւոր խաբել է հանրութեանը «յաղթելու ենք» թեզով, նպատակ ունենալով բթացնել մարդկանց զգօնութիւնը եւ կտրուկ լռելեցնել անյարմար հարցեր տւողներին: Յիշեցնեմ, ովքեր չէին հաւատում «յաղթելու ենք» արծրունասիւնեական քարոզին հռչակւում էր դաւաճան:

11. Միանձնեայ որոշել է ստորագրել յայտնի յայտարարութիւնը, այն ինչ այդպիսի յայտարարութիւն (աւելի քիչ կորուստներով, զոհերով, անհետ կորածներով, վիրաւորներով) ստորագրելու հնարաւորութիւն ունեցել է դրանից առաջ:

12. Ռազմական գործողութիւնների աւարտից առ այսօր միտումնաւոր թաքցնում է զոհերի, վիրաւորների, գերիների, անհետ կորածների իրական թւաքանակը: Ամփոփելով ստացւում է՝

1) Պետութիւնը միտումնաւոր ներքաշել է պատերազմի մէջ:

2) Պատերազմը միտումնաւոր տարել է պարտութեան եւ միտումնաւոր կոտորածների:

3) Կանգնեցրել է իր իսկ կողմից հրահրւած եւ միտումնաւոր կոտորած դարձած պատերազմը ծանր կապիտուլեացիոն պայմաններով ՀՀ-ն թշնամու ողորմածութեանը յանձնելու գնով:

4) Իշխանութիւնը յորինել է արդարացում, որ կանգնեցնելով իր իսկ կողմից կազմակերպւած կոտորածը ինչ-որ մարդկանց փրկել է կոտորւելուց:

5) Սպասում է շնորհակալութեան իր իսկ կողմից հրահրւած եւ պարտւած պատերազմը 44 օր անց կանգնեցնելու համար: Սրանք այն կէտերն են որոնց պարզաբանումների շուրջ պատրաստ եմ ժամերով լսել իշխանութեան ներկայացուցիչներին: Այն ներկայացուցիչներին ովքեր ցանկանում են այս կէտերի բեռը վերցնել իրենց եւ իրենց երեխաների ուսերին: Շնորհակալութիւն»։

Յարակից լուրեր