Հա

Քաղաքական

07/01/2021 - 08:05

Որտեղ է աւարտւելու այս ընթացքը

Մենք Նոր տարին եւ Ս. Ծնունդը անցկացնում ենք եռաբլուրում, թարմ են շիրիմները, թարմ են ծաղիկները, յիշողութիւնները, թարմ է ցաւը, վիշտը, թարմ է՝ յաղթւած լինելու, խափւած լինելու՝ դառը զգացողութիւնը։

ԻՒԷԹ ԴԱՆԻԷԼԵԱՆ

 

Սիրելիներ՝

Այս տարի ծանր պայմաններում նշում ենք Ս. Ծնունդը։

Նոր տարի է սկսւել, բայց այս տարի տօնական տրամադրութիւններ չկան, չկան զարդարւած տօնածառներ տներում, չկայ ուրախութիւն...

Մեր ազգը սուգի մէջ է։

Մենք Նոր տարին եւ Ս. Ծնունդը անցկացնում ենք եռաբլուրում, թարմ են շիրիմները, թարմ են ծաղիկները, յիշողութիւնները, թարմ է ցաւը, վիշտը, թարմ է՝ յաղթւած լինելու, խափւած լինելու՝ դառը զգացողութիւնը։

Դեռ չի աւարտւել պատերազմը եւ դրա հետեւանքների գործողութիւնները։

Դեռ ունենք գերիներ՝ որ չեն վերադարձել։

Դեռ ունենք անյայտ կորածներ որոնց ընտանիքները սրտատրոփ ամէն օր լուրի են սպասում։

Դեռ ունենք հերոս նահատակներ, որ իրենց ընտանիքները DNA-ի թեստի պատասխանին են սպասում որ հողին յանձնւեն։

Դեռ մեր Հայրենիքից կտոր-կտոր հող է յանձնւում, առանց պատճառաբանութեան, առանց տնեցիներին տեղեակ պահելու տներ, արօտավայրեր, գործարաններ..., յանձնւում է թշնամուն, եւ դեռ դրա վերջը չի երեւում, որտեղ է աւարտւելու այս ընթացքը:

Մեր ազգը հարիւրաւոր կտորներով պառակտւած է։

Սոցցանցերում տիրում է անառողջ , թունաւոր մթնոլորտ , մէկը միւսին անհարգում եւ իրար հետ մեր մշակոյթին եւ մակարդակին ոչ հարիր բառապաշարով են խօսում։

........

Մի խօսքով անմխիթար իրավիճակ։

Նոր տարին մեզ աւետում է նորից սկսել, նոր յոյսեր տածել, նոր ծրագրեր մշակել։

Ի հարկէ՜ պիտի վերագտնենք մեզ, պիտի վերականգնենք ծրագրեր, մշակենք՝ անվտանգութեան, տնտեսական, սոցիալական, բժշկական, բարեգործական, ..., ծրագրեր՝ եւ գործադրենք միասին՝ ազգովի՝ օգտագործենք բոլոր ռեսուրսները նոյն ուղղութեամբ, ինչ որ ունենք, եւ երկիրը ոտքի կանգնեցնենք:

Սակայն... մենք չենք կարող անտեսել կատարւածը, չենք կարող անտեսել մթնոլորտը, եւ այս բոլորը իրագործել երբ դեռ գնահատական չենք տւել այս բոլորին։ Մենք մեր գնահատականը պիտի տանք մեզ այս օրին հասցնողներին, մեզ դաւաճանողներին, մեզ Յաղթողի կարգավիճակից պարտւողի կարգավիճակում պատճառ դարձածներին, մեր Հայրենիքի սահմանները անտէր թողնողներին, մեզ ստողներին, մեզ տարբեր գոյների ու խմբերի բաժանողներին, մեր պատմութիւնը խեղաթիւրողներին...

Պիտի ազգովի դրա գնահատանքը տանք եւ ապա մեր ուղղութիւնը ճշտենք, ի՞նչ ուղով ենք առաջ գնալու, դա դրանից եւ այս գնահատականից է կախւած։

Վերականգնվելու եւ կրկին նւաճումներ եւ յաղթանակներ կերտելու համար, պէտք է՝ ձեռբազատւել թունաւոր մթնոլորտից, պէտք է՝ անցեալում թողնել դավաճաններին եւ մեզ պառակտողներին ու ստով սնողներին, պէտք է պատասխանատւութեան կանչել մեղավորներին, պէտք է՝ «ազգային համերաշխութեան» մթնոլորտ ստեղծել։

Նոր եւ թարմ մտքեր, վճռակամ, յանձնառու եւ կամքի տէր մարդիկ, փորձառու մասնագէտ ուժեր ունենալ ղեկավարութեան մակարդակում, եւ պարզ ու թափանցիկ գործունէութեամբ ճանապարհային քարտէզով ծրագրեր իրականացնել։

Մեր ազգը՝ պատմութեան ընթացքին փաստել է որ կարողանում է ոտքի կանգնել եւ առաջ գնալ։

Առաջ կը գնանք եւ կը յաջողենք երբ կը կարողանանք յաղթահարել մեր ներքին հարցերը լուծելով, ազգայինը ապազգայինից վեր դասելով, համերաշխութեան մթնոլորտը գերադասելով պառակտւածութեանը, մեր ազգային անվտանգութեան հարցերը գերադասելով օտարածին գեղեցիկ անւանումներով եւ լոզունգներով փաթեթաւորւած ծրագրերին, օտար երկրների գործակալներին եւ ապազգային ծրագրերին տեղ չտալով մեր պետութեան ինիստիտուտներում, խուսափելով պարզամտութիւնից, չդրւելով ամբոխավարութեան դիւրեկան խօսքերին։

Մենք ի հարկէ՝ որպէս ազգ կրկին նոր յաջողութիւններ ենք արձանագրելու եւ ապրելու ենք արժանապատւօրէն եւ մեզ վայել, զարգացած մեր Հայրենիքում։

Շնորհաւոր նոր տարի եւ Ս. Ծնունդ։

Յունւար 6, 2021 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։